Logo

«Արմատներս շատ խորը թաղված են հողի մեջ, որը չգիտեմ ուր է». Ազնավուր

Հեղինակ
Ժենի Քոչարյան
18:54 / 22.05.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Ո՛չ, ես ոչինչ չեմ ափսոսում, ծնողներիցս ու ընկերներիցս բացի, որ հեռացել են մեզնից: Բացառությամբ թերևս, որ լույս աշխարհ չեմ եկել Ֆրանսիայի փոքրիկ գյուղերից մեկում, ինչպիսիք կան Ալզասում, հարավ-արևմուտքում կամ Պրովանսում, այն գյուղերից մեկում, որին պատկանում ես ընդմիշտ և ուր գալիս ես օրերդ ավարտելու: 

Ծնվել են Փարիզում, վեցերորդ թաղամասում: Մենք շուտ-շուտ տեղից տեղ էինք փոխվում, ուստի երբեք չեմ կարողացել մանկության ընկերներ ունենալ, թաղի ընկերներ: Այդ պատճառով կարոտում եմ մի անցյալ, որ երբեք իմը չի եղել, հիշողություններ, որ չկան, մանկապարտեզ կամ գյուղի տարրական դպրոց ընդունվելը, ժամանցները, ձուկ բռնելը գյուղական գետակում, խելառ հեծանվավազքերը, իսկույն մոռացվող վերքերն ու քերծվածքները, գյուղի բարբառը, ընկերների հետ բանակ գնալը, առաջին գողտուկ սերերը «հարդի դեզերի մեջ», ժամադրություն եկեղեցու ետևում ու գարնանային լուսնյակի տակ համբույր պոկելը, բախտ որոնելու համար Փարիզ բարձրանալը: «Տասնութ տարեկանում թողեցի գավառս»... Ես ինքնակենսագրական երգեր չեմ գրում, սակայն բոլորն էլ ինչ-որ բան պատմում են իմ մասին: Փառքով պսակված կվերադառնայի գյուղ՝ շտապելով արձակուրդներին կամ համերգներիս արանքում հանգստանալ իմ գեղեցիկ կալվածքում, միշտ պատրաստակամ գյուղի սրճարանի ետնասրահում ընկերներիս հետ պետանքի կամ ֆլեշետի երկար պարտիաներ սկսել, միշտ ներկա որևէ հարսանիքի կամ առաջին երեխայի կնունքի... Կամ էլ , ավաղ, այդ ընկերներից մեկին ուղեկցելու մինչև իր վերջին հանգրվանը, փոքրիկ գերեզմանատուն, ուր ես ու հարազատներս մի օր կճաշակեինք այն, ինչ անվանում են հավերժական հանգիստ, որից սակայն ես նախընտրում եմ առօրյա հոգնածությունը:

Արմատներս շատ խորը թաղված են հողի մեջ, որը չգիտեմ ուր է: Ո՞ւր է այն, այդ հողը, Թուրքիայի կողմերի անապատներո՞ւմ, ուր հարազատներիս ոսկորները փոշի են դարձել ու ցրվել Ասիայից փչող հողմերի մեջ: Վրաստանո՞ւմ, հորս ծննդավայրում: Հայաստանո՞ւմ, որտեղից սերել ենք: Ես մնում եմ քոչվոր, պանդուխտ, ապատրիդի զավակ, որը վերջն ընդունել է ուրիշ երկիր, ուրիշ մշակույթ, ուրիշ լեզու՝ առանց այդ երկրում իսկական անցյալ գտնելու: Ի վերջո, բոլորը չեն կարող կոչվել Դյուպոն, Մարտեն կամ Դյուրան: Իմ անունն Ազնավուր է և մինչև հիմա առիթ չի եղել դրանից բողոքելու: Բայց, համենայնդեպս, կուզենայի...»

Հատված՝ Շառլ Ազնավուրի «Անցած օրեր հուշեր» գրքից

fastnews-ads-banner