Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերացանկը 2025-ին կհամալրվի մոտ 1 տասնյակ նոր ներկայացումներով։ Ապրիլի սկզբին սպասվում է լայնամասշտաբ մյուզիքլի պրեմիերա։ Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքով՝ 2025-ի համար նախատեսել են բազմազան ծրագիր։ «Մյուզիքլի կոմպոզիտորը Կանադայից է, լիբրեդոյի հեղինակը՝ Ռուսաստանից, զգեստների նկարիչը՝ Մոլդովայից, բեմանկարիչը՝ Վրաստանից։ Բեմադրության հեղինակը թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն է։ Լինելու է նաև կենդանի նվագախումբ», - տեղեկացրել է թատրոնի տնօրենը։
Արդեն հունվարի 30-ին բեմ կբարձրանա մեկ այլ նոր ներկայացում՝ «Արևի մարդիկ»։ Այն պատմում է Արցախի հեռավոր ու գողտրիկ գյուղում ապրող «արևի մարդկանց» մասին։ Այնտեղ՝ արևի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։ Գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անսպառ հավատով։ «Արևի մարդիկ» ներկայացնում են կյանքը, որտեղ միահյուսված է հավատարմությունը սեփական հողին, լույսին ու ապագային։ Իրապատման հեղինակը, ռեժիսորը և ստեղծագործական կազմից երկուսը արցախցի են։ «Գիրքը կոչվում է «Վազում եմ, սպասի՛ր»։ Երբ մտածում էի՝ ինչպես կոչել ներկայացումը, զգացի, որ արևին մոտ ինչ-որ բան պետք է լինի։ Հասկացա, որ այն մարդիկ, որոնց մաասին մենք խոսելու ենք և ներկայացնելու ենք, շատ մոտ են արևին, և ներկայացումը կոչեցի «Արևի մարդիկ»։ Առաջարկեցի հեղինակին՝ Հերմինե Ավագյանին։ Նա սիրով համաձայնեց», - անկեղծացել է բեմադրության հեղինակ Ռուզան Խաչատրյանը։
«Վազում եմ, սպասի՛ր» գրքի հեղինակը Հերմինե Ավագյանն է։ Գրքում տեղ գտած պատմությունները գրել է մինչև 44-օրյա պատերազմը։ «Արցախում ապրող մարդիկ չէին կարող շրջանցել պատերազմի թեման։ Բոլոր պատմվածքների կարմիր գիծը պատերազմն է։ Բայց այնտեղ չկա լաց և հոռետեսություն։ Ներկայացման մեջ ևս արցախցիներ են իրենց կենցաղով, ավանդույթներով, թույլ և ուժեղ կողմերով։ Որոշեցինք անվանել «Արևի մարդիկ», քանի որ արևն այստեղ խորհրդանշում է լույսը, հավերժությունը, ջերմությունը, որոնք այդ մարդիկ կրում են իրենց մեջ։ Ամեն անգամ, երբ գալիս է խավարը, նրանք գիտեն, որ նորից արևը ծագելու է», - պատմել է Հերմինե Ավագյանը։
Ներկայացման նկարիչը Գարեգին Եվանգուլյանն է, զգեստների նկարիչը՝ Մարինա Թադևոսյանը։ Պարերը բեմադրել է Էդգար Կարապետյանը։ Անիմացիայի հեղինակը Մարիամ Մուրադյանն է։ Ներկայացման մեջ խաղում են Շողեր Սարգսյանը, Արթուր Կարապետյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, Ռուզան Գասպարյանը, Մարատ Դավթյանը, Արմեն Կարապետյանը, Սաթիկ Հախնազարյանը, Զարուհի Խաչատրյանը, Մարիամ Գրիգորյանը, Սերգեյ Ոսկանյանը, Արսեն Ալբարյանը, Սիփան Զադոյանը, Հասմիկ Մխիթարյանը և Կարապետ Քարաջյանը: