Logo

Արաքսյա Մելիքյանի և Անդրանիկ Զաքարյանի որդին Գերմանիայից վերադարձել է ՀՀ՝ ծառայելու նպատակով

16:33 / 28.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դերասաններ Արաքսյա Մելիքյանի և Անդրանիկ Զաքարյանի որդին` Գուրգենը, վերադարձել է Հայաստան՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու նպատակով։ 

Գուրգենը 1.5 տարի է՝ ինչ տեղափոխվել էր Գերմանիա՝ պապիկի և քեռու մոտ: Այնտեղ սովորում էր ֆուտբոլի ակադեմիայում: Liferoom- ում Արաքսյան խոստովանել է, որ Գերմանիա տեղափոխվելն իր գաղափարն է եղել, սակայն դեմ չէր նաև որդու հետ վերադառնալուն.

«Ինչպես ցանկացած մայր՝ ես նույնպես վախենում էի պատերազմական իրավիճակներից: Զուգահեռ սարսափելի դժվար էր այդ կարոտին դիմանալը. մինչև չընկնես դրա մեջ՝ չես հասկանա: Որպես ծնող՝ մենք ճիշտ էինք հաշվարկել. լավ ուսում, մասնագիտություն, բայց մարդն ինքը պիտք է ուզի այդ ճանապարհն անցնի, մեր ուզելը շատ քիչ է»:

Ինչպես նշում է Անդրանիկը՝ նա երբեք չի վախեցել որդու բանակում ծառայելու մտքից, քանի որ նույնպես ծառայել է ու իր պարտքն է կատարել Արցախյան պատերազմի տարիներին.

«Իհարկե դեմ չեմ եղել իր վերադառնալուն, ավելին՝ շտապեցրի, որ դպրոցի հետ կապված խնդիրներ չառաջանան: Այդ ընթացքում հասցրեց օտար լեզուներ սովորել: Ուրախ եմ, որ վերադարձել է ու շարունակում է սովորել այն մասնագիտությամբ, որով ես կուզենայի սովորեր: Շատ ոգևորված հաճախում է կինոռեժուսուրայի դասերի, բանակից հետո նոր կհասկանանք դրսում սովորելու կարիք կա, թե՝ ոչ»:

Դերասանների որդին սիրել է Գերմանիան, բայց Հայաստանն ուրիշ է: Անդրանիկն ու Արաքսյան միշտ փորձել են երեխաներին ցույց տալ Հայաստանը՝ իր հեռավոր մարզերով: Արաքսյան նշում է , որ նրանք դեռ մանկուց տեսել են, թե ինչպես են իրենց ծնողներն ուրախանում հայրենիքի ամեն մի ծաղիկ, շինություն տեսնելիս ու այդ սերը սերմանել են նրանց մեջ․ այդ պատճառով էլ չեն զարմացել որդու կայացրած որոշումից:

Գուրգենն անկեղծանում է, որ 16 տարեկանում Գերմանիայում հայտնվելն օգնեց նրան ավելի շուտ մեծանալ ու հասունանալ.

«Մտածեցի՝ եթե բոլորն իմ պես մտածեն ու գնան, շատ սխալ կլինի ու որոշեցի հետ վերադառնալ՝ ծառայելու: Երբեք էլ մշտական տեղափոխվելու ցանկություն չեմ ունեցել: Իմ ամբողջ կյանքն այստեղ է, ու շատ դժվար էր ապրածս 16 տարիները թողնել ու գնալ նոր երկիր, նոր միջավայր: Սկզբում բարդ շրջան էր, բայց հարմարվում էի քիչ-քիչ»:

Երիտասարդը նպատակ ունի ծառայությունն ավարտելուց հետո շարունակել ծնողների ուղին: Երբեմն էլ նրանց հետ խաղում է թատերական ներկայացումներում:

fastnews-ads-banner