Հունիսի 8-ին հայ կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արամ Մերանգուլյանի 122-ամյակն է: Նրա անունը հայկական ժողովրդական երաժշտության հոմանիշներից է: Նրա ավանդը հսկայական է ժողովրդական երաժշտության տարածման գործում: Նա իր ամբողջ կյանքն ապրեց ու ստեղծագործեց մեկ կարևոր առաքելությամբ՝ հայկական երաժշտության անաղարտ ներկայացում:

20 տարեկան էր, երբ երաժշտական խմբեր էր հավաքում և ղեկավարում: Բոլորը նվագում էին հայկական երաժշտություն: 1926 թվականին «Հանրային ռադիոյի» առաջին եթերների ժամանակ երաժշտությունն ապահովում էր հենց Մերանգուլյանի խումբը: Դա պատճառ դարձավ, որ 1927 թվականի հունիսից, երբ «Հանրային ռադիոն» սկսեց իր պարբերական թողարկումները, Արամ Մերանգուլյանի ժողովրդական գործիքների անսամբլը դարձավ առաջին երաժշտական պետակալ կոլեկտիվը: Մերանգուլյանը անսամբլը ղեկավարեց 40 տարի: Նրա մահից հետո այն անվանվեց ի պատիվ հիմնադրի՝ դառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան անսամբլ»: Այդ անսամբլը հայ ազգին տվեց նվիրական անուններ՝ Արաքսյա Գյուլզադյան, Հովհաննես Բադալյան, Օֆելյա Համբարձումյան և Ռուբեն Մաթևոսյան: 40 տարի «Հեռուստատեսության և ռադիոյի անվան անսամբլը» ղեկավարելուց հետո Արամ Մերանգուլյանն այն հանձնեց սանին՝ Ռուբեն Մաթևոսյանին:

«Հայ ազգային երգի նվիրյալները երկուսն են՝ Թաթուլ Ալթունյան և Արամ Մերանգուլյան: Հայ երգը մաքուր ու անաղարտ տարածելու համար պետք է շնորհակալություն հայտնել նրանց: Խոսել Արամ Մերանգուլյանի մասին, նշանակում է խոսել մի ամբողջ ժամանակաշրջանի մասին: Նա ինձ համար հայր է եղել: Ես նրա շնորհիվ եմ այսօր դարձել Ռուբեն Մաթևոսյան»:
Ռուբեն Մաթևոսյան


