Այսօր Կամերային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստագիտության թեկնածու, ռեժիսոր և դրամատուրգ Արա Երնջակյանը դարձավ 75 տարեկան:
Երնջակյանը ծնվել է Երևանում: 1974 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի որակավորում։
Երնջակյանն ավելի քան 20 պիեսի, 5 կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մի մասն ընդգրկվել է նրա ստեղծագործությունների 4 հատորյակում։ Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, տասնյակ մեծածավալ միջոցառումներ, նկարահանել է 2 լիամետրաժ ֆիլմ։
Ծննդյան առթիվ Կամերային թատրոնը հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով թատրոի գեղարվեստական ղեկավարին:
«Այսօր Կամերային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, արվեստագիտության թեկնածու, ռեժիսոր և դրամատուրգ Արա Երնջակյանի ծննդյան օրն է։
Մարդ, ում անունը վաղուց դարձել է որակի, համարձակ մտածողության ու բեմական անկրկնելի էներգիայի խորհրդանիշ։ Մարդ, ով տարիներ շարունակ բեմ է բարձրացրել ոչ միայն ներկայացումներ, այլև սերունդներ, գաղափարներ ու երազանքներ։
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով ամուր առողջություն, անսպառ ստեղծագործական թռիչք, նոր գաղափարների անվերջ հոսք և երկար, լուսավոր տարիներ՝ լի բուռն ծափերով ու հանդիսատեսի ջերմ սիրով։
Թող Ձեր ստեղծած արվեստը շարունակի ոգեշնչել, զարմացնել և միավորել։
Մեզ էլ մաղթում ենք, որ Ձեր ներկայությունն ու ստեղծագործ ոգին միշտ մեզ հետ լինեն՝ բեմում ու բեմից դուրս։
Ծնունդդ շնորհավոր, Շեֆ ջան»:


