Հայ կինոն պարզապես արվեստ չէ․ այն մեր հիշողությունն է, որն ապրում է էկրանին։ 2019 թվականից ապրիլի 16-ը պաշտոնապես հաստատվել է որպես Հայ կինոյի օր, քանի որ 1923 թվականի ապրիլի 16-ին է ընդունվել «Հայֆիլմ» կինոստուդիա ստեղծելու մասին դեկրետը:
Հայկական կինոյի սկիզբը դրվել է դեռևս 1925 թվականին, երբ նկարահանվեց հայկական առաջին համր ֆիլմը՝ «Նամուսը»։ Այդ ժամանակից սկսած՝ կինոն դարձավ մի լեզու, որով հայ մարդը սկսեց խոսել աշխարհի հետ։ Հայկական կինոյի զարգացման հաջորդ կարևոր քայլը եղավ հնչյունի մուտքը։ 1935 թվականին ստեղծվեց առաջին հայկական հնչունային ֆիլմը՝ «Պեպո»-ն, որը հիմնված էր Գաբրիել Սունդուկյան-ի համանուն պիեսի վրա։ Ֆիլմը ոչ միայն տեխնիկական առաջընթաց էր, այլև ազգային կերպարների, լեզվի ու կենցաղի վառ արտացոլում։ Տարիներ անց հայկական կինոն հասավ ևս մեկ կարևոր նվաճման․ ստեղծվեց առաջին գունավոր ֆիլմը՝ «Լեռնային լճի գաղտնիքը»։ Այն նոր շունչ բերեց կինոյին՝ հանդիսատեսին ներկայացնելով ավելի կենդանի ու գունեղ պատկերներ, որոնք ավելի մոտ էին իրականությանը։
Տարիների ընթացքում հայկական կինոն ձևավորել է իր ինքնատիպ ձեռագիրը՝ «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Սարոյան եղբայրներ», «Նվագախմբի տղաներ» և այլն:

Ազգային կինոյի ձևավորման և զարգացման գործում իրենց ուրույն դերն են ունեցել հայ կինոռեժիսորները՝ Սերգեյ Փարաջանով, Համո Բեկնազարյան, Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան, Արտավազդ Փելեշյան, Ատոմ Էգոյան և շատերը:
Բայց հայ կինոն միայն անցյալը չէ։ Այսօր այն կանգնած է նոր ճանապարհի սկզբում։ Նոր սերնդի ռեժիսորները փորձում են գտնել իրենց ձայնը՝ պատմելով ժամանակակից մարդու մասին, նրա պայքարի, կորստի, սիրո ու հույսի մասին։ Նրանք փորձում են համադրել հինը և նորը, ավանդույթն ու նորարարությունը։

Այսպիսով, հայկական կինոն անցել է երկար ճանապարհ՝ համր սև-սպիտակից մինչև հնչունային և գունավոր աշխարհ։ Այն դարձել է ոչ միայն մշակութային ժառանգություն, այլև մի կամուրջ, որը միավորում է անցյալը, ներկան ու ապագան՝ պատմելով հայ ժողովրդի պատմությունն իր իսկ ձայնով և գույներով։


