Այսօր լրանում է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 147-ամյակը։ Նա ծնվել է 1878 թվականի մարտի 4-ին Ռուսական կայսրության Եկատերինոդար քաղաքում (ներկայիս՝ Կրասնոդար)։
Թամանյանը համարվում է ժամանակակից հայկական ճարտարապետության հիմնադիրը և Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի գլխավոր հատակագծի հեղինակը։ Նրա անունը անքակտելիորեն կապված է Երևանի կառուցապատման և ճարտարապետական դիմագծի ձևավորման հետ։
Նա ծնվել է բազմազավակ ընտանիքում։ Արևմտյան Հայաստանից Ռուսաստան գաղթած Հովհաննես (Իվան) Միրոնովիչ Թամանյանցի և Մարիա Տերտերյանի ընտանիքում։
Ալեքսանդր Թամանյանը կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Դեռ ուսանողական տարիներին նա արտահայտել էր իր երազանքը՝ ապրել և ստեղծագործել Հայաստանում։ 1923 թվականին նա վերջնականապես տեղափոխվել է Հայաստան և ձեռնամուխ եղել Երևանի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։
Նրա նախագծած գլխավոր հատակագիծը հիմք է դարձել ժամանակակից Երևանի կառուցման համար՝ շրջանաձև կոմպոզիցիայով, լայն պողոտաներով և հրապարակներով։ Թամանյանի ստեղծագործական մոտեցումը համադրում էր հայկական միջնադարյան ճարտարապետական ավանդույթներն ու եվրոպական դասական ոճը։

Ամուսնացած էր Կամիլլա Թամանյանի հետ և ուներ չորս զավակ։ Նրա որդիները՝ Գևորգ և Հուլիոս Թամանյանները, նույնպես շարունակել են հոր գործը ճարտարապետության և հուշարձանների պահպանության ոլորտում։
Թամանյանը անհագ սեր է ունեցել դեպի երաժշտությունը, այս առիթով ասել է.
«Եթե ճարտարապետ չդառնայի, կդառնայի դիրիժոր»:
Ճիշտ է դիրոժոր չդարձավ, բայց ճակատագիրը նրա համար այլ ուղի էր պատրաստել, նա երաժիշտներին և առհասարակ Երևանին նվիրեց Օպերայի թատրոնի շենքը: Թատրոնը նախագծելիս նա մտավախություն է ունեցել, որ երբեք էլ չի քայլելու շենքի կողքով, և այդպես էլ եղավ:
Ալեքսանդր Թամանյանը մահացել է 1936 թվականի փետրվարի 20-ին, սակայն նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել Երևանի յուրաքանչյուր քարե շենքում։


