Logo

«Անվայել առաջարկություններ». ներկայացում, որը չհավանելու դեպքում կարող եք պոմիդորով խփել դերասաններին

Հեղինակ
Ժենի Քոչարյան
22:53 / 10.10.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայաստանի Ազգային Տիկնիկային թատրոնում օրերս կայացավ Անտոն Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» պիեսների հիման վրա բեմադրված «Անվայել առաջարկություններ» կատակերգության փակ դիտումը: Ներկայացման ռեժիսորը Հենրի Քոչարյանն է, դերասանական կազմում են՝ Հենրի Քոչարյանը, Հարրի Հարություն Ավալյանը, Հասմիկ Վերդյանն ու Նարեկ Մախսուդյանը:

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում  նախորդ դարում: Ամուսնուն նոր կորցրած այրի կնոջ մոտ է գալիս մի երիտասարդ կալվածատեր` պահանջելով իր պարտքը, որը պետք է վերադարձներ հանգուցյալ ամուսինը: Երկրորդ գործողության ընթացքում արդեն տարիներ անց կալվածատիրոջ տուն է գալիս մի երիտասարդ՝ «անվայել» առաջարկությամբ: Չնայած այդ  առաջարկը ցանկալի էր երկու կողմերին էլ, բայց իրադարձությունները զարգանոմ են այնպես, որ «վայելուչ» առաջարկությունը վերածվում է միմյանց ուղղված վիրավորանքների, անգամ ծեծուջարդի:

«Fast News Culture»-ը զրուցել է «Անվայել առաջարկություններ» ներկայացման ստեղծագործական կազմի հետ:

Ներկայացման ամբողջ ընթացքը լի է ծիծաղաշարժ երկխոսություններով և իրադարձություններով: Ռեժիսոր Հենրի Քոչարյանը վստահեցնում է՝ հումորն առանց ավելորդությունների է և դպրոցական տարիքի երեխաները ևս կարող են հաճույքով դիտել ներկայացումը:

 «Դեռ տարիներ առաջ ներկայացումը բեմադրվել էր գրեթե նույն կազմով, շատ սիրվել հանդիսատեսի կողմից ու արժանացել թատերական X փառատոնի գլխավոր մրցանակին»,-պատմում է ռեժիսոր, պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հենրի Քոչարյանը:

«Չեխովի «Անվայել առաջարկությունները» պիեսը բազմիցս է բեմադրվել տարիների ընթացքում: Ուսանողական տարիներին, երբ որոշեցի բեմադրել այս գործը, փորձեցի ամբողջովին նոր շունչ տալ, անգամ գործողությունների մեջ ավելացավ կերպար, որ ի սկզբանե Չեխովի գործում չկար: Ի դեպ, սկզբում ներկայացումը բեմադրվեց ռուսերեն լեզվով: Հետո այնքան սիրվեց, որ որոշեցի հայերեն թարգմանությամբ բեմադրություն ունենալ՝ նորովի և հետաքրքիր զարգացումներով», - նշեց Հենրին:

Ներկայացման պրոդյուսեր և գլխավոր դերակատարը Հարրի Հարություն Ավալյանը վերջին տասը տարիներին բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում: Նա անկեղծանում է՝ թեև ԱՄՆ-ում մասնագիտությամբ գրեթե չի զբաղվել, բայց կրթություն է ստացել, որը մեծ փորձառություն է տվել նրան:

Կարոտն առ հայրենիք ու մասնագիտություն Հարությունին բերեց հայրենիք, առաջարկեց Հենրիին վերապրեցնել տարիներ առաջ հանդիսատեսի կողմից շատ սիրված ներկայացումը:

«Հենրիի հետ աշխատանքային մեծ փորձ ունեի: Տրամաբանական էր՝ երկար դադարից հետո նրա հետ պետք է վերսկսեի աշխատել, որովհետև շատ հարցերում համամիտ ենք և նույն ճաշակն ենք կիսում. կարծես երկու խոսքից միմյանց հասկանանք: Ներկայացումը շատ լավ ընդունվեց, շատ հաճելի էր, որ երկար դադարից հետո նման արձագանք ունեցավ մեր աշխատանքը: Բեմը շատ էի կարոտել, անկեղծ»,-անկեղծացավ Հարրի Հարությունը:

«Անվայել առաջարկություններ» ներկայացման պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ Ազգային Տիկնիկային թատրոնում:

fastnews-ads-banner