Logo

«Աննայի ծնողները համաձայն չէին մեր շփմանը, 17 տարեկանում փախցրի»․ Արման Հովհաննիսյան

22:16 / 16.03.2025Լուրեր
null

Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի երկար սպասված մենահամերգը: Մարտի 22-ին Արմանը մենահամերգ կունենա նաև Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի հատուկ հյուրերն են Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը, Աբրահամ Ռուսոն և այլ երգիչներ: Երևանյան մենահամերգին ընդառաջ երգիչը հարցազրույց է տվել «Alpha News»-ին։ Արմանը խոսել է նաև ուսանողական տարիների, կարիերայի, Ռուբեն Մաթևոսյանի և ընտանիքի մասին։  

Մորական տատիկը երգում էր

Ծնողներս կապ չունեն երաժշտության հետ։ Բայց թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից ունեմ երաժիշտ բարեկամներ։ Տատիկս՝ մայրիկիս մայրիկը, երգում էր։ Ծնողներս սիրում են իմ ժողովրդական երգերը։ Մայրս շատ է սիրում, երբ «Թամամ աշխար պըտուտ էկա»-ն եմ երգում։ Նա միշտ ինձ հիշեցնում էր՝ ժողովուրդն է քեզ ծափահարում։ Եվ դա այդպես է։ Արտիստի համար ամենաթանկն ու կարևորը հանդիսատեսի գնահատականն է։ Եթե դու լինես ամենալավ երգիչը, բայց քեզ չգնահատեն ու չսիրեն, դու ոչ ոքի պետք չես լինի։ 

Բեմական կնքահայրը՝ Ռուբեն Մաթևոսյան

Սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական բաժնում՝ Սարգիս Թորգոմիչի մոտ։ Գիտեի, որ մաեստրո Ռուբեն Մաթևոսյանը դասավանդում է ժողովրդական բաժնում։ Ուզում էի տեղափոխվել նրա մոտ։ Երկրորդ կուրսում վոկալ ամբիոնչի վարիչ Դավիթ Գարսեվանիչը և երջանկահիշատակ Գոհար Գասպարյանը չէին ուզում, որ տեղափոխվեի ժողովրդական բաժին։ Հետո նրանք հասկացան, որ ժողովրդական երգ-երաժշտությունն ավելի եմ սիրում և տեղափոխեցին։ Շատ բարեհամբույր, հարգանքով և հետաքրքիր ուսուցիչ էր մաեստրոն, ով չի սիրում ծույլերին։ Ռուբեն Մաթևոսյանն իմ ամենակարևոր ուսուցիչն է։ Երկրորդ Ռուբեն Մաթևոսյան չկա և երբեք չի էլ լինի։ Նրանից շատ-շատ բան եմ սովորել։ Երբ 20-21 տարեկանում գնում էի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլ, տեսնում էի՝ մաեստրոն երբ և որտեղ ինչ համերգներ է ունեցել, ինչպես են իրեն դիմավորել։ Այդ ամենն ինձ համար երազանք էր և երազանք է։ Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ մաեստրոյի աշակերտն եմ եղել։ Լինում էին համերգներ, երբ մենք որպես մաեստրոյի ուսանողներ երգում էինք նրա, Օֆելյա Համբարձումյանի և այլ անվանի արտիստների հետ։ Նրանք բոլորն ինձ ասում էին, որ մեծ ապագա եմ ունենալու։ Երբ այլ ժանրի երգեր էի երգում, ներողություն էի խնդրում։ Հասկանում էին, ասում էին՝ ոչինչ։

Դուետ՝ Թաթա Սիմոնյանի հետ

2020 թվականին ԱՄՆ-ում համերգ ունեի։ Թաթայի հետ որոշել էինք նոր երգ երգել։ Բայց 44-օրյա պատերազմը սկսեց և, համերգները չեղարկեցինք։ Տարիներ անց Թաթայի հետ խոսում էինք, ասաց՝ ի՞նչ անենք մեր դուետը։ Այդ օրը եկա տուն ու էլեկտրոնային հասցեիս նամակ ստացա Վահե Ալեքսանյանից։ Ուղարկեցի Թաթային, շատ հավանեց, ասաց՝ հենց այս երգն էլ կերգենք։ 

Դուետներ Լարսա Դոլինայի և Վալերիայի հետ

Երևանում հարսանիք պետք է լիներ։ Հայրը պետք է դստեր հետ պարեր։ Այդ առիթով գրվեց «Дочка Моя» երգը, որը կատարեցինք Լարիսա Դոլինայի հետ։ Պատվիրատուները որոշեցին, որ այդ երգը պետք է կատարեմ ռուս արտիստի հետ։ Ստացվեց այնպես, որ երգեցի Լարիսա Դոլինայի հետ։ Դուետ ունենք նաև Վալերիայի հետ։ «Սեր իմ անուշ» երգը ևս նվիրված էր մի գեղեցիկ զույգի։

Կարիերայի տրամպլինային երգը

Հանրությունն ինձ ավելի շատ ճանաչեց Արմեն Մանդակունյանի «Սիրելիս» երգով։ Դրանից հետո երիտասարդ երգահանների երգեր երգեցի, այնուհետև՝ հին գուսանական, աշուղական երգեր։ Հետո արդեն երգեցի «Կորած սերը», «Տարիները», «Գիտեմը», «Տեր Աստվածը»։ Մինչև այսօր բոլոր համերգները փակում եմ «Տեր Աստվածով»։ Հպարտորեն եմ երգում այդ երգը, պատերազմից հետո՝ ավելի հուզված, մի քիչ կոտրված։ Աստված տա շուտ ոտքի կանգնենք, հզորանանք, որովհետև մենք շատ հպարտ և պատմություն կերտած ազգ ենք։  

Սեր առաջին հայացքից

«Միսս աշակերտուհի» մրցույթում ժյուրի էի։ Մասնակցում էր նաև Աննան։ Այն ժամանակ նա 16 տարեկան էր, ես՝ 21։ Հետաքրքրվեցի նրանով։ Որոշ ժամանակ անց ասացինք պետք է տեսահոլովակ նկարենք և ուզում ենք, որ նա նկարահանվի։ Առաջին հայացքից գեղեցկությունն ինձ դուր եկավ։ Հետո, երբ շվեցինք, արդեն տեսակն ու մտածելակերպը շատ հավանեցի։ Ծնողները համաձայն չէին մեր շփմանը։ 17 տարեկան էր, երբ փախցրի։ Այդ ժամանակ սովորում էի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, զուգահեռ երգում՝ ռեստորանում։ Երևի մտածում էին՝ երգիչ եմ, գիշերները ուշ եմ տուն գալու, իրենց աղջկան նման տղա պետք չէ։ Բայց ես հենց ծնունդիս օրը ինքս ինձ նվեր արեցի ու փախցրի։ Հետո ծնողներն արդեն եկան ու հայկական ավանդական ձևերով ամեն ինչ կազմակերպեցինք։ Նա իմ ընկերն է։ Ինձ համար շատ թանկ և կարևոր մարդ է։ Աստծուն շնորհակալ եմ, որ կողքիս հենց իր նման կին է։ Ընտանիքի տեսանկյունից իմ մասնագիտությունը փոքր-ինչ բարդ է։ Եթե կողքիդ անձնավորությունը չհասկացավ, ոչինչ չի ստացվի։ Հաջողությանս գաղտնիքը կինս է։ 

Երեխաները

Ունեմ երկու դուստր։ Մեծն ավարտեց Լոս Անջելոսի դիզայներական համալսարանը։ Որոշել է շարունակի ուսումը Նյու Յորքում։ Փոքրը դեռ դպրոցական է։ Մասնագիտության հարցում չի կողմնորոշվել։ 

Չհանրայնացնել ընտանիքը

Կարծում եմ՝ հանդիսատեսին և հանրությանը հետաքրքիր եմ որպես երգիչ։ Ընտանիքն ինձ համար այլ հարթություն է։ Ուրախ եմ, որ ընտանիքիս անդամները ևս այդպես են մտածում։ Կինս էլ է ինձ նման մտածում։ Երբեք այդ թեմայով չենք զրուցել։ Կինս որևէ սոցիալական հարթակում չկա, որի համար ես ուրախ եմ։ Չենք սիրում մեր առօրյան հանրայնացնել։ 

Վերադարձ Հայաստան

Իմ կարծիքով ԱՄՆ-ն և Ռուսաստանը մեր երկրորդ հայրենիքն են։ Կալիֆորնիայի միակ առավելությունն ինձ համար արևոտ եղանակն է, բայց որքան էլ ԱՄՆ-ն սիրեմ, այնտեղ ես ինձ զբոսաշրջիկ եմ համարում։ Սա ժամանակավոր է։ Ես պետք է ապրեմ իմ երկրում։ Պարզապես մի քանի տարով տեղափոխվել ենք հիմնականում դստերս ուսման համար։ Շուտով կվերադառնամ Հայաստան։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

fastnews-ads-banner