Logo

Աննա Կոստանյան․ Իսրայելում ինձ ասում էին, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
16:36 / 31.05.2023Հարցազրույցներ
Բացառիկ
Աննա Կոստանյան-բալետ

VNews Culture-ի զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի նախկին առաջատար մենակատար, Իսրայելի պետական բալետի նախկին առաջատար մենակատար, պարուսույց Աննա Կոստանյանը:

Աննայի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․

Աննա, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկը չմերժելու համար:

-Ես եմ շնորհակալ, որ ինձ հիշել եք: Անկեղծ ասած, երբ Ձեզանից նամակ ստացա, մտա Ձեր ֆեյսբուքյան էջն ու ուսումնասիրեցի: Տեսա, որ իսկապես բալետի շատ մեծ երկրպագու եք ու բազմաթիվ արտիստների հետ նկարներ ունեք: Ափսոս, որ երբ ես եմ պարել, Դուք, երևի, տարիքով ավելի փոքր եք եղել ու իմ ներկայացումներին ներկա չեք եղել, Ձեզ չեմ հանդիպել: Շատ լավ գործ եք անում, շատ շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի համար:

Շնորհակալ եմ շատ:

-Ես էլ կփորձեմ հետաքրքիր լինել Ձեզ ու Ձեր ընթերցողներին ու ներկայացնել իմ անցած ուղին:

Շատ լավ, այդ դեպքում եկեք սկսենք Երևանից: Այստեղ կրթություն եք ստացել ու հետագայում օպերային թատրոնում եղել եք բալետային թատերախմբի առաջատար մենակատարուհի։

-Մեր ընտանիքում չեմ հիշում, որ ունեցել ենք արվեստագետ, բայց սերը դեպի արվեստը, գեղեցիկը միշտ եղել է: Բալետի հանդեպ մեծ սեր ունեցող ընտանիքում եմ մեծացել: Երբ չորս տարեկան էի՝ հիշում եմ, որ մայրս ու տատիկս մեկնել էին Մոսկվա՝ «Կարապի լիճը» ներկայացումը դիտելու: Երբ Երևանում պրեմիերա էր լինում, մենք անպայման ներկա էինք գտնվում: Ու մի օր պապիկիս հետ Մոսկովյան փողոցով զբոսնում էինք, ու պապիկս, զուտ հետաքրքրությունից դրդված, առաջարկեց մտնել Պարարվեստի ուսումնարան, որպեսզի իմ տվյալները ստուգեին: Մտանք, ու տուն վերադարձա արդեն ուսումնարան ընդունված: Այդ ժամանակ հինգ տարեկան էի: Մեկ տարի այցելեցի ուսումնարանի նախապատրաստական բաժին, որից հետո ընդունվել եմ ուսումնարան: Ինձ միանգամից ասացին, որ օժտված եմ բալետի արտիստուհի դառնալու համար անհրաժեշտ բոլոր տվյալներով: Ուսումնարանում ինձ ամեն ինչ հեշտ էր տրվում: Իհարկե, դժվարություններ էլ կային, բայց հիմնականում ուսումն անցել է շատ սահուն ու հարթ: Ավարտել եմ 2006 թվականին՝ Արմեն Գրիգորյանի դասարանը, որտեղ կար յոթ տղա և երկու աղջիկ: Ես և Լիլիթ Հակոբյանն էինք աղջիկ (Լիլիթի հետ մեր հարզացրույցը՝ այստեղ):

Մենք նրա հետ հարցազրույց ունեցել եք:

-Այո, տեղյակ եմ, կարդացել եմ: Վերջին երեք տարին մեր դասերն ավելի շատ տղաներին էին ուղղված, ու ես շատ շնորհակալ եմ, որ մարմնիս մկաններն այդ երեք տարվա մեջ շատ լավ ձևավորվեցին: Այդ ընթացքում սկսեցինք Օպերա հաճախել, խաղացանկին ծանոթանալ, սկսեցի փոքրիկ մենապարեր կատարել:

Աննա Կոստանյան-1

Երբ ես Էլվիրա Մնացականյանից էի հարցազրույց վերցնում (նրա հետ մեր հարցազրույցը՝ այստեղ), նա նույնպես ասում էր, որ առաջին իսկ օրվանից իրեն ասել են, որ ունի փայլուն տվյալներ, ու այդ վստահությունն իրեն մի փոքր խանգարել է, որովհետև կարող էր ավելի շատ պարապել, բայց չի պարապել: Ձեզ մոտ նման երևույթ նկատվե՞լ է:

-Ես ինձ, իհարկե, չեմ համեմատի Էլվիրա Մնացականյանի հետ, բայց ուսումնարանում տարիների ընթացքում շատ են եղել նաև խոչընդոտներ: Ամեն մի դերը ներկայացնելու համար պետք է պայքարես, ապացուցես, որ դու կարող ես այդ դերը կատարել: Ես չեմ հիշում որևէ տարի, որտեղ պայքար ու մրցակցություն չի եղել: Միշտ եղել են խոչընդոտներ, ամեն անգամ պետք էր ապացուցել, որ արժանի ես այդ դերին:

Իսկ այդ մշտական պայքարը, մրցակցությունը դեռ վաղ տարիքից բնավորությունը փոխո՞ւմ է:

-Անշուշտ, ավելի ուժեղ անձնավորություն ես դառնում: Եվ ես կարծում եմ, որ եթե անգամ մեկ աստիճանով վար ես ընկնում, դա քեզ ավելի շատ մոտիվացնում է, որպեսզի չորս-հինգ աստիճան վեր բարձրանաս: Դա ցանկություն է, դա քո ներսի պայքարն է, դա բնավորություն է: Պետք է ասեմ, որ հենց փոքր տարիքից եմ այդպիսին եղել, կամակոր եմ եղել, ամեն ինչ արել եմ, որպեսզի հասնեմ իմ ուզածին: Մրցակցությունն ինձ դարձրել է ուժեղ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես:

Ուժեղ մարդիկ հիասթափվո՞ւմ են:

-Երբեք չի եղել, որ կոտրվեմ, հիասթափվեմ ու ասեմ՝ վե՛րջ, այլևս չեմ զբաղվում բալետով: Սերը դեպի բալետն այնքան ուժեղ էր, կուռքեր ունեի, երազանքներ ունեի, ու չեմ հիշում, որ գոնե մի օր կոտրվել եմ: Ընդհակառակը, էությամբ պայքարող մարդ եմ ու միշտ հասել եմ գագաթնակետին: Եվ դրանից հետո, երբ զգացել եմ, որ առաջընթաց կամ հեռանկար այլևս չունեմ, այդ ժամանակ միայն թողել եմ: Իմ բալետային գործունեության շրջանը երկար է եղել ու այսօր էլ չի ավարտվել, քանի որ ես ապրում եմ բալետով:

Աննա Կոստանյան-2

Ուսումնարանն ավարտել եք 2006 թվականին ու մեկնել Իսրայել:

-Այո, այդ ժամանակ շատերն էին գնում դրսում սովորելու կամ պարելու: Ես էլ, բոլորի պես, տեսահոլովակ նկարեցի և ուղարկեցի մի քանի թատրոն: Առաջինն արձագանքեց Իսրայելի պետական բալետը: Ինձ շատ գրավիչ էր այդ առաջարկը, քանի որ նրանք Ջուլիետ էին փնտրում: Թե՛ այդ դերը, թե՛ Շեքսպիրի ողբերգությունը, թե՛ երաժշտությունն ինձ շատ հոգեհարազատ էր: Եվ, իհարկե, ես համաձայնվեցի:

Երբ Ձեր կենսագրությունն էի ուսումնասիրում, կարդացի, որ իսրայելյան բազմաթիվ լրատվականներ անդրադարձել էին «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերային ու նշում էին, որ «հանդիսատեսը շատ ջերմորեն է ընդունել  ու հիացած է երիտասարդ հայ պարուհի Աննա Կոստանյանով»:

-Առաջին անգամ, երբ մտա դահլիճ, այնպիսի մտքով էի եկել, որ իմ նմանը չկա ու ես լավագույն Ջուլիետն եմ (Ծիծաղում է - Հեղ․): Ու երբ շրջվեցի՝ տեսա, որ ևս երեք աղջիկ էին եկել Ջուլիետի դերի համար: Մինչ այդ պահը ես պատկերացնում էի, որ ամեն ինչ պետք է շատ հեշտ լիներ, բայց պարզվեց՝ այդպես չէ: Հարկավոր էր շատ աշխատել ու ապացուցել: Քանի որ, ինչպես միշտ, բեմ է դուրս գալիս լավագույնը: Եվ այդպես էլ եղավ: Իսրայելի թատրոնի գեղարվեստական ղեկավար Բերտա Յամպոլսկին փորձերի ժամանակ ինձ ասում էր՝ «Մենք ունենք Ջուլիետի չորս թեկնածու, եթե դու, օրինակ, նույն մակարդակի վրա պարես, ինչ նրանք, անշուշտ նրանք կպարեն, որովհետև նրանք հրեա են»: Ու ինձ համար մոտիվացիա էր, որ ավելի շատ աշխատեմ ու հասնեմ այդ դերին: Իմ բնավորությամբ օժտված մարդը չէր կարող հանգիստ վերաբերվել այդ փաստին: Պայքարեցի այդ դերի համար, քրտնաջան աշխատանքի շնորհիվ պատրաստվեցի ու պարեցի պրեմիերան: Շատ հաճելի զգացողություն էր՝ բեմ բարձրանալ ու նման մեծ դեր պարել: Տասնինը տարեկան էի այդ ժամանակ: Անփորձ էի, բայց շատ լավ էի պատրաստվել: Չեմ հիշում, որ անհանգստություն եմ ունեցել: Ամեն մի ժեստը, ամեն մի քայլը, ամեն մի վայրկյանը շատ լավ էինք պատրաստել: Ու այդտեղ ես զգացի Հայաստանում և արտերկրում դերեր պատրաստելու տարբերությունը: Դրսում յուրաքանչյուր էլեմենտին շատ մեծ ուշադրություն է դարձվում: Հայաստանում ավելի շատ կենտրոնացած են տեխնիկայի վրա, բայց Իսրայելում ամեն մի փոքր մասնիկը, որը կազմում է ընդհանուր ներկայացումը, շատ մեծ կարևորություն ունի: Այնուհետև հաջորդեցին այլ դերեր՝ «Դոն Կիխոտ», «Քնած գեղեցկուհի», «Մարդուկ-Ջարդուկ»:

Ըստ Ձեզ՝ Դուք ինչի՞ շնորհիվ առանձնացաք մնացած թեկնածուներից:

-Աշխատասիրությամբ: Երբ փորձերը վերջանում էին, իմ տունը թատրոնին մոտ էր, ես մնում էի թատրոնում, էլի աշխատում, նայում, ուսումնասիրում: Ինձ վրա շատ էի աշխատում: Ու դա ինձ օգնեց, որ արագ տեմպերով հասնեմ ավելի լավ մակարդակի:

Աննա Կոստանյան-3

«Ռոմեո և Ջուլիետի» պրեմիերայից հետո հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեզ համար շատ դժվար էր Ջուլիետին մարմնավորելը, որովհետև դրական կերպար խաղալն ավելի բարդ է, քան բացասական:

-Սկսած ուսումնարանից՝ ինձ ավելի շատ բնորոշ էին խարակտերային դերերը՝ Կառմեն, Էգինա, Կիտրի: Ու ինձ ավելի շատ այդ ոճի մեջ էին տեսնում: Ջուլիետն ինձ համար նորություն էր, և հաճելի էր լիրիկական կերպար կերտելն ու, իհարկե, շատ ավելի հաճելի, որ արդյունքը լավ ստացվեց:

Քանի՞ տարի աշխատեցիք Իսրայելի թատրոնում:

-Չորս տարի:

Իսրայելում Լյուդվիգ Իսպիրյանն էլ է պարում: Միասին պարե՞լ եք:

-Այո, պարել ենք միասին (Լյուդվիգի հետ մեր հարցազրույցը՝ այստեղ), բայց ես ավելի շուտ էի գնացել Իսրայել, ու երբ վերադարձա Երևան, նա դեռ շարունակում էր պարելը: Լյուդվիգի հետ միասին «Դոն Կիխոտ» ենք պարել, «Ռոմեո և Ջուլիետ»: Միասին հյուրախաղերի ենք մեկնել ԱՄՆ, Ռումինիա, Չինաստան: Կուզեի նաև նշել խորեոգրաֆ Քրիստոֆ Փասթըրին, որը նոր շունչ բերեց թատրոնին: Նա շատ մոդեռն, նեոկլասիկ ոճի բեմադրություններ արեց, որը նոր էր մեր մարմնի համար: Շատ էինք փորձեր անում, ու շատ հաճելի զգացողություն էր նրա հետ աշխատելը: Նա ինձ բնութագրելիս ասում էր, որ կրակ եմ, որը մտնում է բեմ ու ամբողջ բեմը գրավում:

Աննա Կոստանյան-4

Իսրայելից հետո վերադարձել եք Երևան: Ինչո՞ւ։

-Մեր բեմն էի կարոտել ու նաև, երբ դրսում մեծ հաջողությունների ես հասնում, շատ ես ցանկանում, որ ընտանիքի անդամները ներկա լինեն ներկայացումներին, տեսնեն: Իսրայելում յուրաքանչյուր ներկայացումից հետո մտածում էի, թե որքան կցանկանամ, որ ծնողներս էլ դիտեն իմ պարը: Ու դա էր պատճառը, որ դրդեց ինձ վերադառնալ Երևան: Այդ ժամանակ թատրոնը ղեկավարում էր Ռուդոլֆ Խառատյանը: Խաղացանկը շատ մեծ չէր՝ «Սպարտակ», «Գայանե», «Ժիզել»: Հիմնականում ներկայացումները սրանք էին․ նաև Ռուդոլֆ Խառատյանի հեղինակային ժամանակակից ներկայացումները: Բոլոր ներկայացումներում էլ գլխավոր դերեր եմ կերտել:

Օպերային թատրոնի հետ հյուրախաղերով մեկնել եք Սանկտ Պետերբուրգ:

-Այո: 2014 թվականն էր, ու Մարիինյան թատրոնում «Գայանեն» եղավ իմ վերջին ներկայացումը: Նման թատրոնում պարելն անբացատրելի զգացողություն է, ու պատասխանատվությունը շատ մեծ է: Ոչ միայն հանդիսատեսն է որակյալ, այլև շատ քննադատներ են ներկա, ու զգում ես, որ դահլիճը լեցուն է այն մարդկանցով, որոնք շատ լավ ծանոթ են թե՛ թատրոնին, թե՛ բալետին ու մշակույթին: Շատ լավ ներկայացում ունեցանք, ու լավ հիշողություններ են կապված այդ հյուրախաղերի հետ:

Աննա Կոստանյան-5

Երբ Դուք երիտասարդ պարուհի եք ու դրսում հասնում եք հաջողությունների, Իսրայելում, որտեղ մթնոլորտն ուրիշ էր, խաղացանկն ավելի մեծ էր, իսկ Երևանում նոր-նոր էր ամեն ինչ սկսվում, խաղացանկը շատ աղքատիկ էր: Երևան վերադառնալով մտավախություն չունեի՞ք, որ որպես արտիստ կլճանայիք ու ավելի մեծ բարձունքների չեք կարողանա հասնել:

-Շատ-շատ ճիշտ եք ասում: Ու հենց այդ միտքը հիմք հանդիսացավ, որ ես բեմը թողեցի բարձր կետի վրա: Ոչ ոք Մարիինյան թատրոնից հետո բեմը չէր թողնի, ես որոշեցի, որ ժամանակն է հեռանալ: Հայաստանում չեն գիտակցում, որ սերնդափոխություն պետք է լինի: Միշտ պետք է ճանապարհ տալ նոր սերնդին: Հայաստանում այդ հեռանալը երբեք լավ չի ընկալվում: Անցյալում էլ է այդպես եղել, հիմա էլ է այդպես: Շատ դժվարությամբ են հեռանում բեմից: Ու նաև ես միաժամանակ ուսումնարանում էի դասավանդում, ու իմ աշակերտներն ինձ հետ բեմ էին բարձրանում: Ժամանակն էր, որ նրանց տեղ տայինք, որ նրանք կատարելագործվեին: Դրսում հնարավորություններն ու հետաքրքրությունները շատ մեծ են, բայց ես կնշեմ այն զգացողությունները, որոնք կոմպենսացնում են դա: Երևանի թատրոնում պարելը շատ ավելի մեծ ջերմություն ունի: Ավելի մեծ ջերմություն, քան անգամ Մարիինյան թատրոնում պարելը:

Հե՞շտ էր գալ հեռանալու մտքին: Հիասթափություն չկա՞ր, որ կարող էիք ավելի շատ բան անել, բայց սերնդափոխության դանդաղ ընթանալու պատճառով թույլ չեն տվել ավելին անել:   

 -Չէ, հիասթափություն չի եղել, ու բեմը թողնելուց հետո էլ ցանկություն չի եղել պարելու: Իմ կյանքում այլ հետաքրքրություններ եկան: Ես ունեցա ժամանակ զբաղվելու իմ հոբբիներով, այլ նախագծերում աշխատեցի: Ես կառչած չէի բալետից, բեմից: Որքան էլ որ սիրում էի, ու սերը երբեք էլ չի պակասել դեպի բալետն ու դասական երաժշտությունը, բայց այդ կառչած վիճակը երբեք չի եղել: Մի բանի համար եմ զղջում: Շատ կցանկանայի «Եվգենի Օնեգին» բալետում կատարել Տատյանայի դերը: Դա չստացվեց:

Միայն դրա համա՞ր եք զղջում:

-Այդ դերը կցանկանայի ունենալ իմ խաղացանկում:

Մի փոքր թուլություն չե՞ք համարում, որ կարիերայի գագաթնակետին թողել եք բեմը, մինչդեռ կարող էիք հասնել ավելիին: Ու միայն նրա համար, որ այդ սերնդափոխությունը թատրոնում արագ չի եղել:

-Հակառակը, ես կարծում եմ՝ գագաթնակետին թողնելը շատ ավելի ուժեղ քայլ է, քան, երբ հանդիսատեսը չուզենա քեզ տեսնել բեմում, բայց դու դուրս գաս բեմ ու չկարողանաս պարել: Միայն սերնդափոխությունը չէր: Խնդիրն այն էր, որ այլևս առաջ գնալու, աճելու տեղ չունեի: Մարմինս էր հոգնել: Այդ զգացողությունը չկար: Ես նաև վնասվածք ունեի: Թատրոնում ղեկավարություն փոխվեց, շատ բան փոխվեց, ու արդեն ես չէի ցանկանում թատրոնում պարապել, ներկայացումների մասնակցել: Ու այդ ժամանակ նաև Դուբայից առաջարկ ստացա, որը փոփոխություն էր:

Ի՞նչ առաջարկ էր:

-Դուբայում բալետի դպրոց էր բացվում, և առաջարկեցին, որ ես ղեկավարեմ: Քանի որ ունեի փորձ և ուսումնարանի ստուդիան մեկ տարի ղեկավարել էի, հետաքրքիր էր աշխատել երեխաների հետ: Նոր բան էր, բայց նաև մնացի բալետային աշխարհում:

Աննա Կոստանյան-6

Որպես ուսուցիչ, բալետային դպրոցի ղեկավար՝ պարարվեստի կրթության մեջ ինչի՞ն եք ամենաշատը կարևորություն տալիս:

-Կարգապահությանը, ռեժիմով ապրելուն, որպեսզի շեղումներ չլինեն: Ամեն ինչի կարող ես հասնել, եթե հավատարիմ լինես քո ցանկություններին, արվեստին: Ես այդ ուղղությամբ եմ սովորել, ու նույնը սովորեցնում եմ իմ երեխաներին, իմ սաներին:

Ի՞նչ է հարկավոր երեխային բալետի արտիստ դառնալու համար:

-Իմ օրինակով կարող եմ ասել, որ աշխատասիրություն և համառություն: Սրանք շատ կարևոր բաներ են, որպեսզի հասնես ինչ-որ տեղ:

Բալետային կրթության մեջ դիլեմա գոյություն ունի: Ռուսական դպրոցի կողմնակիցները համոզված են, որ շատ հաճախ երեխային պետք է հարվածել, կոպիտ խոսել, կամ հարվածելով ցույց տալ, թե ինչպես պետք է տվյալ պարային դիրքը ճիշտ անել: Արևմտյան մտածելակերպը մի փոքր այլ է ու փորձում է երեխային զերծ պահել հարվածներից: Դուք ո՞ր սկզբունքով եք առաջնորդում:

-Ես կատեգորիկ դեմ եմ երեխային հարվածելուն, խփելուն: Բայց այս օրերին ռուսական դպրոցն էլ է փոխվում, ու նման բաներ շատ քիչ են մնացել: Իմ սովորելու ընթացքում էլ չեմ հիշում, որ հարվածել են: Մեր առաջին ուսուցչուհին Լոլա Գյուրջյանն էր, առավելագույնը, որ անում էր, բանալիների խուրձ ուներ, նետում էր երեխաների վրա, բայց դե փախչում էինք, որ մեր վրա չընկներ: Ինքս երբեք չեմ առնչվել խփելուն, հարվածելուն, ու ես էլ չեմ փոխանցում դա իմ սաներին: Նրանք գիտեին, որ ես կարող եմ շատ ընկերական լինել իրենց հետ, կարող էինք միասին գնալ թանգարան, իսկ հաջորդ օրը մտնեի դահլիճ ու լինեի շատ խիստ, բայց այդ խստությունը երբեք ցավ պատճառելով չի եղել: Այդ խփելն էլ կարող է ատելություն սերմանել երեխայի մոտ դեպի արվեստը: Դա ամենասխալ բանն է:

Դուբայի բալետային դպրոցում քանի՞ տարի աշխատեցիք:

-Հինգ տարի: Մի քանի ներկայացումներ տվեցինք, ունեինք 200 աշակերտ, ու շատ հետաքրքիր էր աշխատել, քանի որ Դուբայում հնարավորությունները շատ մեծ են՝ կլինի դա ներկայացում ստեղծելը, դեկորներ կամ կոստյումներ ստեղծելը: Հետո սկսեցի բալետի անհատական դասեր տալ:

Աննա Կոստանյան-7

Որպես բալետի արտիստ՝ Ձեզ ամբողջությամբ ինքնաիրացրե՞լ եք:

-Կարծում եմ՝ այո: Ես նաև ժամանակ եմ ունեցել այլ հոբբիներով զբաղվելու, որոնք ժամանակին չեմ կարողացել իրագործել:

Օրինակ՝ ի՞նչ:

-Միշտ ցանկացել եմ մեծ թենիս խաղալ, ու հենց բեմը թողեցի, սկսեցի պարապել մեծ թենիս: Սովորում եմ շախմատ խաղալ:

Աննա Կոստանյան-8

Սովորաբար կարիերան ավարտելուց հետո բալետի արտիստները միշտ նշում են, թե ինչ են զոհաբերել հանուն բալետի: Դուք ունե՞ք զոհաբերությունների ցանկ:

-Չէ, բալետը եղել է իմ կյանքի ամենալուսավոր բանը, մինչև ընտանիք կազմելը, ու երբեք չեմ դիտարկել, որ ինչ-որ բան եմ զոհաբերում: Ես բալետով եմ ապրել: Ու Իսրայելում եղած ժամանակ կցանկանայի ավելի մոտ լինել ընտանիքիս, ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:

Շատ արտիստներ նորմալ չսնվելը, ալկոհոլ չօգտագործելը, փոքր հասակում դրսում խաղալու փոխարեն դահլիճում պարապելը, երեկոյան որևէ առիթի չգնալը դիտարկում են որպես զոհաբերություն հանուն բալետի: Ես վստահ եմ, որ Դուք էլ եք նույն օրակարգով ու սննդակարգով ապրել, բայց Դուք կարծես դա զոհաբերություն չեք համարում:

-Երբևէ զոհաբերություն չեմ համարում ու մինչ այսօր, արդեն տասը տարի է՝ բեմը թողել եմ, նույն ռեժիմով եմ ապրում․ դրանք ոչ թե զոհաբերություն են, այլ բալետի բարիքներից: Շուտ քնել, առողջ սնվել, ալկոհոլ չօգտագործել: Այո՛, դա ամենալավ ռեժիմն է:

Ի՞նչ է Ձեզ տվել բալետը:

-Գեղեցիկը գնահատելու ունակություն, արվեստը մոտիկից զգալու հնարավորություն՝ թե՛ երաժշտության, թե՛ կերպարվեստի մեջ: Երբ Իսրայելից վերադարձա Երևան, զուգահեռ ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա ու դարձա կերպարվեստի քննադատ: Բալետն ինձ ավելի մոտեցրեց արվեստին:

Կա՞ բան, որ կուզեիք փոխել Ձեր կյանքում:

-Ոչինչ: Ոչ մի զգացողություն չէի ուզի փոխել: Եթե ևս մեկ անգամ ինձ տրվեր ապրելու հնարավորություն, նույն ուղին կընտրեի: Բեմում եղած ժամանակահատվածում ինձ շատ երջանիկ եմ զգացել: Շատ հետաքրքիր զգացողություն է՝ միաձուլված լինել պատմությանը, երաժշտությանը, լինել մի մասնիկն ու ներկայացնել հանդիսատեսին:

Բալետի հետ կապված նպատակներ ունե՞ք:

-Դեռ չէ, քանի որ երկու փոքր երեխա ունեմ, ու այդ ժամանակը չունեմ: Բայց ապագայում շատ կցանկանայի իմ թատրոնը կամ դպրոցը ունենալ: Բայց ունեմ աշակերտներ, ու շատ եմ ուրախանում նրանց հաջողություններով:

Դուք այժմ Սաուդյան Արաբիայում եք բնակվում:

-Այո: Այստեղ ունեմ երկու աշակերտ, բայց հիմնականում օնլայն հարթակում եմ դասավանդում: Իմ հիմնական աշակերտները Դուբայում են, ու քանի որ նրանք բավական լավ պատրաստված են, կարողանում ենք օնլայն աշխատել:

Իսկ Սաուդյան Արաբիայում բալետներ, ներկայացումներ կա՞ն: Ինչպիսի՞ն է այդտեղ մշակութային կյանքը:

-Չէ, չկան: Այստեղ ամեն ինչ նոր է սկսվում: Մեկ տարի է, ինչ աղջիկները սկսեցին այլ կերպ հագնվել: Կինոթատրոններ բացվեցին: Հիմա կանանց թույլատրվում է մեքենա վարել: Ամեն բան փոխվում է, բայց դեռ չի հասել նրան, որ բալետի հանդեպ մեծ հետաքրքրություն լինի, դպրոց հիմնվի կամ ներկայացումներ դրվեն: Այդ հետաքրքրությունը դեռևս այստեղի մենթալիտետում չկա:

Ձեզ համար դժվար չէ՞ այդ մենթալիտետով հասարակության մեջ բնակվելը:

-Ամուսինս այստեղ է աշխատում: Տեղափոխվել ենք ութ ամիս առաջ, ու դեռ չեմ նեղվում, քանի որ շատ ենք ճամփորդում: Յուրաքանչյուր երեք ամիսը մեկ որևէ երկիր ենք գնում, ու առիթը ստեղծվում է լինել շատ մոտ մշակույթին: Եթե երկարատև մնամ այստեղ, գուցե դժվար լինի, հոգնեմ: Մեկ ամիս առաջ մենք Անգլիայում էինք, ու շատ հանկարծակի դիմացս Ստեֆան Հաֆը` իմ ամենասիրելի դաշնակահարը, իմ դիմաց նստած ճաշում էր: Մոտեցա, զրուցեցինք․ ինձ հրավիրեց իր համերգին: Համընկնությունները հետաքրքիր են՝ իմ ամենասիրելի դաշնակահարն այդ օրը պետք է նվագեր իմ ամենասիրելի ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի երկրորդ կոնցերտը: Ինձ հրավիրեց, ու ես ինձ շատ երջանիկ զգացի: Անկախ նրանից` կյանքս ինչպես է փոխվում՝ միշտ հայտնվում եմ մշակույթի մեջ:

Ասում են՝ մարդիկ, որոնք առանց մշակույթի չեն կարողանում ապրել ու իրենց պատկերացնել, կարող են աշխարհն ավելի լավը դարձնել:

-Այո, այդպես է, որովհետև նրանց աչքը միշտ գեղեցիկն է տեսնում: Մշակույթով ապրող մարդկանց հետ շփումից ոչ միայն շատ բան ես տեսնում, հասկանում ու սովորում, այլև ոգեշնչվում, նրանք քեզ նոր մտքեր են փոխանցում, ոգեշնչում:  

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Արմինա Խաչատրյան․ 31 տարեկանում վերջապես դարձա բալետի արտիստուհի

Գարի Սևոյան․ Մենք այսօր Ուկրաինայում բալետային ներկայացումներով ենք պատերազմի մեջ ապրող մարդկանց ապրելու հույս տալիս

Լիլիթ Հակոբյան․ Ամբիցիան շատ կարևոր բան է, որն ինձ օգնում է գոյատևել

Նարեկ Մարտիրոսյան․ Լուրերից իմացա, որ արժանացել եմ «Մովսես Խորենացի» մեդալին

Արշակ Ղալումյան․ «Born in Armenia» արտահայտությունը միշտ ինձ հետ է

 

fastnews-ads-banner