Logo

Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:08 / 02.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

Այսօր բալետի համաշխարհային օրն է։ Օրվա առիթով VNews Culture-ի զրուցակիցն է ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի մենակատար Անդրանիկ Աբովյանը: Անդրանիկն Ազգային թատրոնում պարել է բազմաթիվ ներկայացումներում, մասնակցել մի շարք միջազգային մրցույթների, որոնցից են՝ Սոչիում կայացած Յուրի Գրիգարովիչի անվան պարի միջազգային մրցույթը, որտեղ արժանացել է դափնեկրի կոչման, Չինաստանում կայացած «GIDC» պարի միջազգային մրցույթը (1-ին մրցանակ):

Անդրանիկ, ասում են՝ դու այն արտիստներից ես, որը միշտ ժպտում է՝ միջանցքում, փորձերին, կուլիսներում, ու միշտ բոլորին դրական էներգիա ես փոխանցում: 

-Այո, ճիշտ է, բայց ժպտալը դեռ ոչինչ չի նշանակում (Ծիծաղում է - Հեղ․): Փորձում եմ միշտ ուրախ լինել, միշտ ընկերներիս կողքին լինել, իրենց «դուխ» տալ, ոգևորել, փորձում եմ միշտ լավ տրամադությամբ լինել ու շրջապատիս տրամադրությունն էլ բարձրացնել:

Դա օգնո՞ւմ է:

-Լավ տրամադրությունն ու դրական էներգիան շատ են օգնում: Շատ կարևոր է, երբ ընկերներդ հետդ են՝ թե՛ փորձերին, թե՛ կուլիսներում, թե՛ ներկայացմանը: Ներքուստ ուժ է տալիս, վստահությունն է կրկնապատկվում:

«Ռոմեո և Ջուլիետ»-ի փորձերը՝ Ռոմեոյի դերում


Պատահո՞ւմ է, որ կեղծ ես ժպտում կամ տրամադրություն չունես, բայց պետք է ժպտալ:

-Չէ, ես միշտ անկեղծ եմ թե՛ կոլեկտիվի, թե՛ իմ ընկերների հետ: 

Բեմում է՞լ ես անկեղծ:

-Միշտ, եթե անկեղծ չլինես, հանդիսատեսը դա կզգա: Շատ ակնհայտ երևում է կեղծը, արհեստականը: Եթե անկեղծ չլինես, ներկայացումը չի ստացվի, կերպարդ չի ընկալվի:

Իսկ թատրոնում ինչպիսի՞ մթնոլորտ է:

-Աշխատանքային, լարված: Ինչ վերաբերում է միջանձնային հարաբերություններին, կբնութագրեի նորմալ, ընկերական:

Ընդհանրապես բալետի արտիստները կարո՞ղ են իրար հետ ընկերություն անել:

-Ես կարծում եմ, որ պետք է ընկերություն անեն: Այդպես միմյանց ավելի ճիշտ կհասկանան, ու բեմում էլ ներկայացումները կշահեն:

Դու ունե՞ս ընկերներ թատրոնում:

-Այո, ունեմ: Քիչ են, բայց ունեմ:

Իսկ այդ մրցակցությունը չի՞ խանգարում: Ենթադրենք, դու էլ ես ցանկանում խաղալ տվյալ ներկայացման մեջ գլխավոր դեր, քո ընկերն էլ: Ո՞նց եք կարգավորում, որ և՛ ընկերությունը պահպանվի, և՛ կարիերան:

-Ինձ հետ պատահել է նման բան, երբ նույն դերին ներկայացված ենք եղել ես էլ, ընկերս էլ: Նման դեպքերում մենք ավելի լուրջ ենք մոտենում հարցին, պատասխանատվությունն է բարձրանում: Օրինակ՝ «Չիպոլինո» ներկայացումը: Ես և ընկերս ներկայացման մեջ գխավոր կերպարին ենք կերտում, ու մի քանի օր առաջ հենց ընկերս էր «Չիպոլինո» պարում: Ու երբ նման իրավիճակ է ստեղծվում, մենք փորձում ենք իրար օգտակար լինել, որ նախ ներկայացումը շահի, կերպարը ճիշտ ներկայացվի: Բայց, միևնույն ժամանակ, բոլորս տարբեր ենք, բոլորս տարբեր կերպ ենք պարում, ամեն մեկն իր զգացածով է պարում: Ես օգնում եմ իմ ընկերներին, ու նրանք էլ ինձ են օգնում, խորհուրդներ տալիս: 

Մենք շատ հաճախ լսում ենք պարուհիների միջև մրցակցության մասին: Տղա արտիստները սովորաբար ինչի՞ համար են մրցակցում:

-Ես երբեք չեմ համարել, որ մրցակցում եմ որևէ մեկի հետ: Երբեք չեմ մտածում, որ որևէ մեկից լավը լինեմ: Ամեն ինչ անհատական է: Կարող է փորձերին մեկից լավը լինես, տասից՝ վատը, բայց բեմում պետք է լինես լավագույնը: Իսկ եթե բեմում չլինես բոլորից լավը, դա արդեն պարտություն է: Հենց բեմում է մրցակցությունը: Իսկ փորձերին բոլորը հավասար են: 

Պատահո՞ւմ է, որ քո տղա գործընկերը որևէ շարժում, թռիչք կամ պտույտ ավելի լավ անի, ու դու անընդհատ աշխատես, որ քեզ մոտ էլ այդ շարժումն ավելի լավ ստացվի:

-Իհարկե, պարողներ կան, որ շարժումներն ավելի լավ են անում, ավելի հստակ են անում: Ես հաճախ նայում եմ արտերկրյա տարբեր արտիստների տեսանյութերն ու փորձում եմ նրանց հասնել ու, ինչու չէ, նաև անցնել: Իսկ մեր թատրոնում մթնոլորտը մի քիչ ուրիշ է: Նախանձ, մրցակցություն չկա: Բայց եթե մրցակցություն լինի էլ, պետք է առողջ լինի: Ես միշտ շատ եմ ուրախանում իմ գործընկերների հաջողություններով: 

Ասում են՝ արտիստները փառասեր են: Դու ունե՞ս փառասիրության քո սահմանը:

-Բեմը մի յուրահատուկ վայր է, որը ցանկացած արտիստի տալիս է հնարավորություն դառնալու փառասեր: Բայց եթե պարողը գիտակից է, հասուն, չի թողնի, որ այդպես լինի, մտածի միայն իր «ես»-ի մասին: Եթե արտիստը գնա այդ «ես»-ի ետևից, ամեն ինչ կկորցնի: Ինձ մոտ ներքին զգացողություն կա, որը զսպում է, թույլ չի տալիս իրականությունը կորցնել: Եթե կորցնես իրականությունը, բեմում «պռավալ» կտաս, ու այդ ժամանակ ամեն ինչում կտուժես: Թե՛ կյանքում, թե՛ բեմում զգոնությունը պետք է հաղթի փառասիրությանը: 

«Չիպոլինո» բալետ


Դու գլխավոր դերն ես կերտում հայկական առաջին մանկական բալետային ներկայացման մեջ՝ «Չիպոլինոյում»: Ընդհանրապես ավելի հեշտ է կատակերգակա՞ն, թե՞ դրամատիկ դեր կերտելը:

-Երկուսն էլ շատ բարդ են՝ կախված ներքին զգացողությունից, տրամադրությունից: Եթե ներկայացնում ես կերպարը, պետք է ճիշտ ներկայացնես, ուղղակի դուրս գալ ու շարժումներ, թռիչքներ անելը ճիշտ չէ: Եթե Չիպոլինո ես ներկայացնում, ապա պետք  է համոզես երեխաներին, որ դու հեքաթի հերոսն ես: Քո կերպարին պետք է հավատան: Կերպարներ կերտելիս հիմնականում կենտրոնանում եմ իմ առաջադրանքի վրա, իմպրովիզներ չեմ անում: Սակայն յուրաքանչյուր կերպարի մեջ իմ ձեռագիրն եմ դնում, որպեսզի այն առանձնանա: 

«Չիպոլինո»-ում քո հանդիսատեսը հիմնականում երեխաներն են: Մտածե՞լ ես, որ գուցե հենց քո կատարումից է կախված՝ երեխաները կսիրեն կամ չեն սիրի բալետը:

-Միշտ եմ այդ մասին մտածում: Երեխաներն ամենապատասխանատու, ամենապահանջկոտ հանդիսատեսն են: Նրանց ավելի դժվար է հասկանալ, թե ինչ կերպար ես կերտում, ու դու պետք է այնքան ուշադիր, այնքան պատասխանատու մոտենաս մանկական դերին, յուրաքանչյուր մանրուքի, որ քո փոքրիկ հանդիսատեսը հասկանա, ընկալի, ինչու չէ՝ նաև սիրի բալետը: 

«Ռոմեո և Ջուլիետ» բալետ՝ Ռոմեոյի դերում


Մի քանի օր առաջ քեզ մոտ պրեմիերա էր․ դու Ռոմեո ես խաղացել: Ի՞նչ զգացողություններ ես ունեցել:

-Զգացողություններս շատ ուրիշ էին, որովհետև մինչ այդ նույն ներկայացման մեջ պարում էի Տիբալթ, իսկ Տիբալթից հետո Ռոմեո․․․ Շատ տարբեր կերպարներ են: Ռոմեոյի կերպարը մի փոքր փակուղիներ է դնում քո դիմաց՝ երաժշտական պահեր կան, խաղարկային հատվածներ, որ բոլորովին այլ են: Այդ առումով Ռոմեոյի դերում մի փոքր անսովոր էր բեմում:

«Ռոմեո և Ջուլիետ» բալետ՝ Տիբալթի դերում


Գո՞հ ես քո կատարումից:

-Ես երբեք ինձնից գոհ չեմ լինում: Կասեմ, որ վատ չէր: Ես հիմնականում շարժումների վրա չեմ կենտրոնանում, ավելի շատ կերպարի վրա եմ աշխատում, ուսումնասիրում, բացահայտում: Պտույտներ, թռիչքներ, իհարկե, պետք է անեմ, բայց ինձ համար առաջնայինը կերպարն է, որ ճիշտ մարմնավորեմ, ճիշտ հասկանամ ու ամբողջական մատուցեմ: 

Հանուն սիրո ինչի՞ ես պատրաստ:

-Չգիտեմ (Ծիծաղում է - Հեղ․): Պարից, բալետից հաստատ չեմ հրաժարվի: Հանուն մեծ սիրո կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ:

Հանուն սիրո բալետից չես հրաժարվի, իսկ հանուն երազանքի դերի ինչի՞ ես պատրաստ:

-Շատ աշխատել, որ հասնես այդ դերին: Ինչ-որ բան հատուկ չեմ անի, բայց պատրաստ եմ անդադար աշխատել, շատ քրտնել հանուն դերի: Ինձ մոտ դաշտը պետք է մաքուր լինի, կեղտոտ գործողությունների հաստատ չեմ գնա, երբե՛ք: 

Բացի բալետից, ուրիշ հետաքրքրություններ ունե՞ս:

-Իմ ամբողջ օրը լցված է բալետով, ու այլ հետաքրքրությունների համար, ցավոք, շատ ժամանակ չի մնում: Շատ եմ սիրում ֆուտբոլ դիտել, նաև՝ խաղալ: Բայց խաղում եմ տարվա մեջ երկու-երեք անգամ: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունն եմ շատ սիրում, Իտալիայի առաջնությունը: Հենրիխ Մխիթարյանի խաղերն աշխատում եմ բաց չթողնել, կապ չունի, թե որ ակումբում է խաղում: Հպարտանում եմ Հենոյով: 

Իսկ բալետի արտիստն իրավունք ունի՞ ֆուտբոլ խաղալու:

-Հենց այդ պատճառով էլ տարվա մեջ երկու-երեք անգամ եմ խաղում (Ծիծաղում է - Հեղ․): Առաջին խաղից հետո ամբողջ մարմինս բռնվում է, որովհետև բոլորովին ուրիշ մկաններ են աշխատում:  Մի քանի օր ծռված ես քայլում, հետո անցնում է:

Ստեղծագործական տարին շատ էր պրեմիերաներով: Շուտով «Մարդուկ-Ջարդուկ» ներկայացման մեջ մարմնավորելու ես գլխավոր հերոսին:

-Շատ ոգևորված եմ այդ փաստից, ու անընդհատ մտածում եմ, թե ինչպես եմ ներկայացնելու այդ կերպարը: Հիմա շատ ակտիվ փորձերն են ընթանում, ու ամեն ինչ անելու եմ, որ լավագույն կերպով ներկայացնեմ հայ հանդիսատեսի կողմից շատ սիրված այդ դերը: Ես այս տարվանից շատ գոհ եմ, քանի որ բավական շատ էին պրեմիերաները: Ներկայացումները խիտ էին, գրաֆիկը՝ նույնպես: Հայկական բալետն անընդհատ զարգանում է, ինչը շատ ուրախալի է: 

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը

Կարող եք կարդալ նաև՝ 

Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»

Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ

Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ

Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել

Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել  

fastnews-ads-banner