Նոյեմբերի 25-ին Անատոլի Պապյանը կդառնար 100 տարեկան։ ՀԽՍՀ ժողովրդական նկարչի հոբելյանի կապակցությամբ դուստրը՝ Մարիամ Պապյանը, կազմակերպել էր ցուցահանդես՝ «Ժառանգություն» խորագրով։ Ցուցահանդեսի բացումը նոյեմբերի 2-ին էր՝ Հայաստանի նկարիչների միությունում։ Պապյանի «Ժառանգությունը» տեսնելու հնարավորություն ունեն բոլորը՝ մինչև նոյեմբերի 7-ը։ «Fast News Culture»-ը ներկա է եղել ցուցահանդեսին, զրուցել Մարիամ Պապյանի և հյուրերի հետ։
Կենդանության օրոք Անատոլի Պապյանը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, նաև Փասադենայում։ ՀԽՍՀ ժողովրդական նկարչի մահից հետո այս ցուցահանդեսը չորրորդն է։ Առաջինը 85-ամյակին էր, երկրորդը՝ 90, երրորդը՝ 95, իսկ չորրորդն արդեն նվիրված է պրոֆեսորի 100-ամյակին։ Ցուցահանդեսին ներկայացված է Պապյանի մոտ 60 աշխատանք։ Հայաստանի նկարիչների միության պատերն այս օրերին զարդարում են նաև նկարչի աշակերտների աշխատանքները։ Մարիամ Պապյանը խոստովանեց՝ կազմակերպչական աշխատանքները բարդ էին, բայց հաճելի։ «Աղջիկս պատրաստվում է ընդունվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Արվեստանոցում նկարում էր, երբ իմ կարծիքը հարցրեց իր նկարի վերաբերյալ։ Սկսեցի նրան ինչ-որ բաներ բացատրել ու հասակացա, որ ես չեմ խոսում։ Բերանիցս հորս խոսքերն են դուրս գալիս, իր ձայնն է հնչում։ Եթե այդքան ուսանողներից գոնե երեքի գլխում քո ձայնը հնչում է, ապա դու թողել ես ոչ միայն նյութական, այլև շատ ավելի մեծ ժառանգություն։ Այդտեղից էլ ծագեց ցուցահանդեսի խորագիրը՝ «Ժառանգություն»», - պատմեց նկարչի դուստրը։
Մարիամ Պապյանը
Ցուցահանդեսին ներկա արվեստագետները նշեցին՝ Պապյանի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն աչքի են ընկնում անմիջականությամբ, նաև անհատի ապրումները, հասարակական գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով։ «Իր եղելությամբ, իր ծնունդով Պապյանը «մեծ» մարդ էր։ Շատ կիրթ, աշխույժ, կյանքով լեցուն և գործուն անձնավորություն էր։ Նկարչությամբ զբաղվելիս պետք է իմանաս արվեստի պատմությունը, որպեսզի հասկանաս՝ ուր ես գնում։ Նա լավ գիտեր թե՛ գեղանկարչության, թե՛ արվեստի պատմությունը։ Ամեն օր Կիևյանից ոտքով գնում էր Կոմիտաս՝ արվեստանոց։ Ամեն գիշեր սպասում էր՝ երբ է լույսը բացվելու, որ զբաղվի իր սիրելի գործով։ Իրեն չեմ աշակերտել, բայց իրենից վերցրել եմ իր աշխատասիրությունը և կյանքը սիրելը», - անկեղծացավ նկարիչների միջազգային միության անդամ, անվանի գեղանկարիչ Սուրեն Խորենյանը։
Անատոլի Պապյանը 40 տարի դասավանդել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Նրա ուսանողներից էր Արա Հայթայանը։ Անվանի նկարչի խոսքով՝ Անատոլի Պապյանն արժանի է, որպեսզի մարդիկ ժամանակ առ ժամանակ հնարավորություն ունենան վերանայելու նրա ավեստը։ «Սովորել եմ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի իր արվեստանոցում։ Ստեղծագործելու առումով ամենաազատը Պապյանի արվեստանոցն էր։ Այդ պատճառով ընտրեցի նրան։ 4 տարի սովորել եմ իր մոտ։ Եղել են և՛ կոնֆլիկտներ, և՛ հետաքրքիր դիալոգներ, և՛ առճակատումներ։ Ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր, երբ դասերից դուրս լինում էի իր արվեստանոցում։ Այնտեղ նա ուրիշ մարդ էր։ Այնտեղ էի բացահայտում նրա արվեստը։ Շատ բաներ ինստիտուտում ասում էր, չէի ըմբռնում, բայց գնում էի արվեստանոց, ամեն ինչ տեսնում ու հասկանում էի։ Խոսքից անկախ պետք է տեսնես ինքն իր ասածն ինչպես է իրագործում», - նշեց արվեստաբանը, ապա հավելեց, որ իր համար Պապյանի ուժեղ կողմը կամերային աշխատանքներն են՝ դիմանկարներն ու փոքր հոգեբանական գործերը։ Ըստ Հայթայանի՝ Պապյանն արվեստագետ էր, որն անընդհատ գնում էր անհայտի հետևից և չէր բավարարվում իր արածով։ Այդ առումով իր տեսակը մեր օրերում նվազել է։