Logo

Ամփոփելով տարին․ Newmag-ի բեսթսելլերները

17:04 / 21.12.2022• ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
ամենավաճառվող գրքեր

Տարին մոտենում է ավարտին, և ամենալավ ժամանակն է անդրադառնալու անցնող տարվա լավագույն գրքերին։

VNews Culture-ն առանձնացրել է Newmag հրատարակչության՝ տարվա ամենավաճառվող գրքերն՝ ըստ հերթականության.

«Աղի թեյ», Սյունե Սևադա

Աղի թեյ-Սյունե Սևադա

«Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու...երաժշտություն։ Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ու փրկվել ի հեճուկս դժվարությունների:

«Օպերացիա «Զոդ»», Ավետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան 

Օպերացիա Զոդ-Ավետիս Գրիգորյան-Արսեն Բոբոխյան 

Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ։ Այս աշխատությունը ցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմություն ունեն։ 1919 թվականին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբում է Հայաստանի իշխանության դեմ և հայտարարում Ադրբեջանին միանալու մասին։ Եվ միայն «Զոդ» օպերացիայի շնորհիվ է այս կարևորագույն շրջանը մնում Հայաստանի կազմում։

«Զոդ» օպերացիան գրեթե անհայտ է լայն հասարակությանը, մինչդեռ այն վերջին հարյուրամյակի մեր պատմության ամենափայլուն էջերից է: Գրքի հեղինակներն առաջին անգամ և նոր փաստական տվյալների հիման վրա ներկայացնում են Սևանա լճի տարածաշրջանում հայ-թաթարական բախումների պատճառները, ժամանակագրությունը, հետևանքները։

«Sapiens. Մարդկության համառոտ պատմություն», Յուվալ Նոյ Հարարի 

Sapiens-Մարդկության համառոտ պատմություն

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում:

«Լռակյաց հիվանդը», Ալեքս Մայքլիդիս 

Լռակյաց հիվանդը-Ալեքս Մայքլիդիս

Ալիսիա Բերենսոնը հայտնի նկարչուհի է, ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:

Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:

Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:

«Ուվե անունով մարդը», Ֆրեդրիկ Բաքման

Ուվե անունով մարդը-Ֆրեդրիկ Բաքման

Վեպի առանցքում 59-ամյա Ուվեն է՝միայնակ մարդ, որը մշտապես դժգոհ է բոլորից ու ամեն ինչից։ Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջ միայն ապիկարներ են։ Հարևանների համար նա բոլորին մշտապես նախատող, անտանելի ծերուկ է։ Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվենպարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որնրա նոր հարևաններն իր օգնության կարիքնունեն։ Ընթերցողն աստիճանաբար բացահայտում է գլխավոր հերոսին ու հասկանում, որ ամեն ինչ միայն սև-սպիտակ չէ։ Դյուրաբորբոք Ուվեն իրականում մեծ սիրտ ունի, բայց մռայլ է, քանի որ ծանր փորձությունների միջով է անցել։

«Ես Օրացույցն եմ», Անդրիս Կալնոզոլս  

Ես Օրացույցն եմ-Անդրիս Կալնոզոլս  

Վեպի առանցքում Լատվիայի մի փոքր քաղաքում ապրող յուրօրինակ «փոքրիկ մարդու» կերպարն է։ Նա գրեթե չի շփվում այլ մարդկանց հետ: Ամբողջ վեպը գրված է որպես հաղորդակցության բացակայությանը փոխարինող տեքստ։ Սկզբում հերոսը՝ Օսկարը, իր մտքերը նոթատետրում գրի է առնում՝տեղի հոգևոր հովվի հետ հաղորդակցվելու համար, ապա՝ որպես օրագիր։ Ամեն ինչ փոխվում է, երբ Օսկարի կյանքում հայտնվում է մի անծանոթ գեղեցկուհի։ Հերոսը սկսում է անել քայլեր, որոնք նրան մինչև այդ թվում էին անհաղթահարելի։

«Նոր երկիր. Պոեզիա [Մաս I]», Շառլ Ազնավուր  

Նոր երկիր-Պոեզիա

Պոեզիայի ժողովածուում Շառլ Ազնավուրը ներկայացրել է 1940-2010 թվականներին գրած 500 երգերի տեքստերը, որոնց մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները՝ մեծ աղմուկ բարձրացրել, որոշներն էլ նրան ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, Աստծո հետ զրույց. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։

Պոեզիայի ժողովածուի հայերեն թարգմանության առաջին մասում ներկայացված է 113 ստեղծագործություն։  

«Բազկամարդը, Սարգիս Ստեփանյան», Դավիթ Դավթյան

Բազկամարդը-Սարգիս Ստեփանյան

«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ 

«Հրապարակն ու Աշտարակը», Նիլ Ֆերգյուսոն 

Հրապարակն ու Աշտարակը-Նիլ Ֆերգյուսոն

Այս գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։ 

Ցանցերի վերելքի, տապալման ու նոր վերելքի համաշխարհային պատմությունն այս գիրքը ներկայացնում է Հին Հռոմի աստվածներից մինչեւ Վերածննդի իշխանատոհմեր, ԱՄՆ հիմադիր հայրերից մինչև Ֆեյսբուք:

«Զրոյից մեկ», Փիթեր Թիլ

Զրոյից մեկ-Փիթեր Թիլ

Նոր դարաշրջանից մեծագույն սպասելիքն այն չբացահայտված ներուժն է, որը ստիպում է անցնել նոր սահմաններ եւ գյուտեր անել։ Լեգենդար ձեռնարկատեր եւ ներդրող Փիթեր Թիլն այս գրքում ներկայացնում է այդ արժեքները ստեղծելու եւ որակապես նոր մակարդակի հասնելու եզակի ուղիները։

Թիլը կարծում է, որ մենք ապրում ենք տեխնոլոգիական լճացման դարաշրջանում։ Նա պնդում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն իսկապես արագ զարգացում են ապրում, բայց պետք չէ առաջընթացը սահմանափակել միայն համակարգիչներով կամ Սիլիկոնյան հովտով։ Առաջընթացի կարելի է հասնել բոլոր ոլորտներում։ Պարզապես պետք է ինքնուրույն մտածել սովորել։

fastnews-ads-banner