Logo

ԱՄՆ-ում օրը 50 դոլարով «պարկետ խփելուց» մինչև մեծ բեմեր․ Արա Մարտիրոսյանի կյանքն ու կարիերան

00:20 / 16.12.2024Լուրեր
null

2023 թվականի դեկտեմբերի 15-ին Նաիրի բժշկական կենտրոնում Արա Մարտիրոսյանի սիրտը կանգնեց։ Երգիչը 45 տարեկան էր։ Մահվան 1-ամյա տարելիցի կապակցությամբ «Fast News Culture»-ն ուսումնասիրել է Արայի նախկին հարցազրույցներն ու առանձնացրել երգչի մտքերը։

Առաջին քայլերը

Արա Մարտիրոսյանը ծնվել է Մոսկվայում, 1977 թվականի հունիսի 3-ին։ Միջնակարգ կրթություն է ստացել Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։ Երաժշտական կրթություն է ստացել Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջիի դաշնամուրային բաժնում։ 1998 թվականին ընդունվել է Երգի պետական ​​թատրոն։ 1 տարի անց նկարահանել է առաջին տեսահոլովակը։ 2002-ին թողարկվել է «Кореша» ալբոմը, որտեղ ընդգրկվել է 10 ռուսերեն երգ։ 2004 թվականին Արա Մարտիրոսյանը Նովոռոսիսկում մասնակցել է «Морской изгиб» փառատոնին և արժանացել մրցանակի։ Նույն թվականին մասնակցել է նաև «Հայաստանի տարվա երգ» մրցույթին։ 2001-2005 թվականներին երգել է Երևանի «Օպերա» ակումբում։

Ընտանիքի մասին

Մայրս երգչուհի է եղել։ Իմ ծնվելուց հետո դադարել է երգելը։ 7 տարի ծեծուջարդով ինձ տարել է դաշնամուրի։ Հետո յուրաքանչյուր առիթով ասում էի «մամ ջան, շնորհակալ եմ»։ Չես կարող լինել պոետ ու չիմանալ տառերը։ «Հայրիկ» և «Մամա» երգերի խոսքերի և երաժշտության հեղինակը ես եմ։ Թեպետ «Հայրիկ» երգը հորս մասին չէ։ Եթե խոսքերը հիշեք, կհասկանաք, որ իմ մասին է։ 4 տարի ամուսնալուծված եմ։ Տղաս հեռվում է։ Լավ հայր չեմ։ Տարածությունն ու հեռավորությունը հեռվացրեց մեզ։

Արա Մարտիրոսյանի մայրը

ԱՄՆ տեղափոխվելու մասին

Շատ կարճ աշխատեցի Երգի պետական թատրոնում ու գնացի ԱՄՆ։ Այնտեղ օրը 50 դոլարով «պարկետ էի խփում»։ Հետո Լոս Անջելեսի օդանավակայանում կորած ճամպրուկներն էի առաքում։ 1 տարի չէի երգել ու հասկացա՝ եթե այսպես շարունակեմ, կկործանվեմ։ 2007 թվականին ընդունվեցի ռեստորան։ Օրական 100 դոլարով երգում էի։ 6 ամսում աշխատավարձս բարձրացրին 300 դոլար։ Հետո հասկացա, որ այլևս չեմ ուզում ռեստորանում երգել։  

«Սիրտ» բառը Արայի երգերում

«Սիրտ» բառը Ավետ Բարսեղյանը գրում է իմ գրեթե բոլոր երգերում։ Կին, երեխա, մայր, հայր․ այդ ամենը սրտից է գալիս։ 34 տարեկանից սրտի խնդիր ունեմ։ Երևի այդ պատճառով է այդ բառն այդքան շատ կիրառում (ծիծաղում է, - հեղ)։ Սերը շատ բարդ բան է, ամենօրյա աշխատանք է։ Հիմա գիտակցաբար ինձ այլևս թույլ չեմ տալիս սիրել։ Երբ սիրում եմ, թուլանում եմ։ Ինձ պետք է ամուր լինել, աշխատել ու գնալ առաջ։ «Սեր» բառը ջնջվել է կյանքիցս։ Չեմ ուզում սիրել։ Նաև թույլ չեմ տալիս՝ ինձ սիրեն։ 

«Երգի մեջ երաժշտությունը պակասել է...»

Երգի մեջ երաժշտությունը պակասել է, բայց, հասկանալով ժամանակների և դարի պահանջը, հասկանում եմ նոր սերնդին: Վերացել է ամենակարեւորը՝ ձգտումը ինչ-որ նոր բան անելու։ Եթե մի երգիչ (կապ չունի՝ ով) անում է մի նոր բան, որն աշխատում, սիրվում է, մնացածը փորձում են անել այդ արդեն արվածին շատ նման մի բան՝ փոփոխելով խոսքն ու երաժշտական գիծը: Չգիտեմ ինչու, նրանք չեն ուզում հասկանալ, որ Կոլումբոս պատմության մեջ եղել է ընդամենը մեկ անգամ, կամ հեծանիվ ստեղծելուց հետո անհնար է ստեղծել նորը, քանզի հեծանիվն արդեն ստեղծված է։ Նույնն էլ մեր բնագավառում է։ Եթե մեկի երգածը սիրվել է, դա չի նշանակում՝ երբ մյուսն էլ երգի դա, նույնպես սիրվելու է: Ասեմ ավելին՝ համոզված եմ, որ յուրաքանչյուր նմանակում չի կարող լինել օրիգինալից լավը, բացառությամբ՝ Չարլի Չապլինի։

Հայաստանի մասին

Ամեն անգամ Հայաստան գալն ինձ համար մեծ տոն է։ Տան ջերմությանը որևէ զարգացած երկիր չի կարող փոխանցել։ Երևանն ավելի երիտասարդացել է իմ աչքերում, ավելի ժամանակակից է դարձել։

Ընկերության մասին

2 երգ ունեմ ընկերոջ մասին։ Դրանցից մեկում երգում եմ, որ մեծանում ենք իրարից հեռու և շատ կարևոր բաներ բաց ենք թողնում միմյանց կյանքից։ Բաց ենք թողնում իրար մեծանալը, ապրելը, ընկերություն անելը։ Որքան ուզում ես հեռվից ասա «ես քեզ ուժ եմ», «ես քեզ թիկունք եմ», «ես քեզ ընկեր եմ», միևնույն է բաց ես թողնում ընկերներիդ ու նրանց երեխաների մեծանալը։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են «լավ ընկերը նեղության պահին է կողքիդ»։ Չկա նման բան։ Միշտ ուզել եմ, որ իմ ընկերներն ուրախության պահին կողքիս լինեն։ Տխուր ժամանակ նրանք ուզեն, թե ոչ, կլինեն։ Կարևոր է՝ կողքիդ լինեն ուրախության ժամանակ։ Ընկերությունն ինձ համար հաճելի բեռ է, որը գիտակցաբար վերցնում ես ուսերիդ։ Հայրս մի խոսք ունի․ «ընկերության 90%-ը պատասխանատվություն է, 10%-ը՝ վայելք»։

Սկզբնաղբյուրը՝ «Առանց թեմայի» հաղորդաշար և «Bravo.am»

fastnews-ads-banner