Պոռնոաստղ Ուիթնի Ռայթը քննադատության է ենթարկվել Իրան կատարած իր անակնկալ այցի համար, որի ընթացքում նա այցելել է Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատուն, որը վերածվել է հակաամերիկյան թանգարանի։
Նրա այցը զայրացրել է իրանցի ակտիվիստներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, որտեղ կանանց դատում են հասարակական վայրերում հայտնվելու և առանց հիջաբի լուսանկարներ հրապարակելու համար:
32-ամյա ամերիկուհին, որի իսկական անունն է Բրիթնի Ռեյն Ուիթինգթոն, համացանցում պաշտպանում է պաղեստինցիներին Համասի հետ Իսրայելի պատերազմի ժամանակ: Սոցիալական ցանցի իր էջերում նա կիսվել է մի քանի լուսանկարներով, որոնցում նա միշտ կանգնած է գլուխը ծածկած։ «Իրան կատարած իմ այցի լուսանկարների տեղադրումը չի նշանակում Իրանի կառավարության հավանություն »,- գրել է Ուիթնի Ռայթը։
Լուսանկարներից մեկում նա նկարահանվել է Թեհրանում ԱՄՆ նախկին դեսպանատան շենքի վրա ԱՄՆ դրոշի կողքին՝ կրկնելով իրանական քարոզչությունը՝ անվանելով շենքը « լրտեսների բույն »:
Սոցիալական ցանցում տարածված լուսանկարները բուռն արձագանքներ են առաջացրել: Ռայթն իրեն նկարահանել է Իրանի մայրաքաղաքում՝ չնայած այն հանգամանքին, որ պոռնոյում աշխատելու փաստը կարող է հանգեցնել քրեական հետապնդման և նույնիսկ մահապատժի:

Երկուշաբթի օրը դերասանուհին իր Instagram-ում գրել է, որ լքել է իսլամական հանրապետությունը։
Իրանցի պաշտոնյաները ոչ մի կերպ չեն արձագանքել ամերիկուհու այցին: Միևնույն ժամանակ իրանական ընդդիմադիր լրատվամիջոցները քննադատել են երկիր մուտքի թույլտվության տրամադրումը` այն անվանելով «երկակի ստանդարտների» օրինակ։
Իրանա-ամերիկյան լրագրող և ֆեմինիստ Մասիհ Ալինեջադը, որը Իրանում մահափորձի է ենթարկվել, դատապարտել է Ռայթին ուղևորության և նրա խոսքերի համար, որ «եթե հետևում ես օրենքներին, ապա Իրանում ապահով ես»:
Ռայթի ժամանումից մի քանի շաբաթ առաջ Իրանը ևս մեկ մեղադրական դատավճիռ կայացրեց խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և կանանց իրավունքների պաշտպան Նարգիս Մոհամեդիի նկատմամբ :
Այս համատեքստում շատերն են հիշում Մահսա Ամինիի մահը ոստիկանական բաժանմունքում։ Աղջկան կալանավորել են հիջաբը «պատշաճ» չկրելու համար, մինչդեռ «իսլամական քարոզիչները» պոռնոդերասանուհուն թույլ են տվել մուտք գործել երկիր, քանի որ Ռայթը պաշտպանում է «պաղեստինյան գործը», այս մասին գրում են սոցցանցերի օգտատերերը։


