Logo

Մի ռոմանտիկ հեքիաթի պատմություն. «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմը 70 տարեկան է

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:08 / 14.02.2023• ՄՇԱԿՈՒՅԹ
Հռոմեական արձակուրդներ-ֆիլմ

«Հռոմեական արձակուրդներ» ռոմանտիկ կատակերգությունն աշխարհին ներկայացրեց Օդրի Հեփբերնին: Ուիլյամ Ուայլերի ֆիլմն արժանացել է 3 «Օսկար»-ի՝ «Լավագույն դերասանուհի» (Օդրի Հեփբերն), «Լավագույն կոստյումներ» (Էդիտ Հիդ), «Լավագույն սցենար» (Դալթոն Թրամբո) անվանակարգերում, 1 «Ոսկե գլոբուս»-ի (Օդրի Հեփբերն, դրամայի լավագույն դերասանուհի), 1 BAFTA-ի (ներկայացվել է ևս 3-ի) և այլն։ 1999 թվականին ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։ Այն 1950-ականների ամենահայտնի դասական ֆիլմերից է։ 

Այս տարի լրանում է ֆիլմի 70-ամյակը: Այդ առիթով VNews Culture-ը ձեզ է ներկայացնում ֆիլմի ստեղծման պատմությունն ու հետաքրքիր փաստեր․

Հռոմեական արձակուրդներ-1

Ովքե՞ր ի սկզբանե պետք է նկարահանվեին ֆիլմում

Արքայադուստր Աննայի դերը «Հռոմեական արձակուրդներում» դերասանուհի Օդրի Հեփբերնին դարձրեց կինոաստղ։ Նախկինում նա խաղացել էր միայն էպիզոդիկ դերեր և աշխատել էր թատրոնում։

Ռեժիսոր Ուիլյամ Ուայլերն Աննայի դերի համար դիտարկում էր Ջին Սիմոնսին և Էլիզաբեթ Թեյլորին։

Իսկ Ջոյի դերի համար ի սկզբանե ընտրվել էր Քերի Գրանտը, որը, սակայն, հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ շատ ծեր է Հեփբերնով հետաքրքրվելու համար: Թեև 10 տարի անց նրանք միասին խաղացել են «Charade» ֆիլմում:

Ո՞վ պետք է ի սկզբանե ռեժիսորի աթոռը զբաղեցներ

Հռոմեական արձակուրդներ-2

«Հռոմեական արձակուրդներ»-ի պատմությունն ընտրվել է 1949 թվականին՝ այն մտադրությամբ, որ այն նկարահանի ռեժիսոր Ֆրենկ Կապրան: Հենց Կապրայի օրոք էին պրոդյուսերները նախատեսում գլխավոր դերերում տեսնել Քերի Գրանտին և Էլիզաբեթ Թեյլորին։

Սակայն, երբ ռեժիսորի պրոդյուսերական ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց, նա ստիպված եղավ տեքստի բոլոր իրավունքները վաճառել Paramount-ին, որի հետ որոշակի ստեղծագործական անհամաձայնություններ ունեցավ ու հեռացավ՝ ճանապարհ բացելով Ուիլյամ Ուայլերի համար։

Ինչո՞ւ էր Գրեգորի Պեկն այդքան ցանկանում նկարահանվել

Հռոմեական արձակուրդներ-3

Գրեգորի Պեկը ցանկանում էր հանգստանալ դրամատիկ դերերից և նկարահանվել կատակերգությունում: Ի սկզբանե դերասանական զույգում 37-ամյա Պեկն էր «աստղը», քանզի արդեն հասցրել էր նկարահանվել 18 ֆիլմում և 4 անգամ նոմինացվել «Օսկար»-ի: Սակայն նկարահանման հրապարակում դերասանը հասկացավ, որ հենց 24-ամյա Օդրին է ֆիլմի աստղը։

Դերասանն ի սկզբանե վստահ էր, որ Օդրին «Օսկարի» է արժանանալու: Այդպես էլ եղավ. դերասանուհին մեկ գիշերում դարձավ կինոաստղ՝ խաղալով իր առաջին գլխավոր դերը։

Իմիջիայլոց, Հեփբերնն այնքան էր ոգևորվել, որ արձանիկը մոռացել էր կանանց զուգարանում։

Սև ու սպիտակ. ինչո՞ւ

Հռոմեական արձակուրդներ-4

Սկզբում Paramount-ը ցանկանում էր «Հռոմեական արձակուրդները» նկարահանել հոլիվուդյան ստուդիաներում: Բայց Ուիլյամ Ուայլերն այնքան էր ցանկանում այն նկարահանել Հռոմում, որ համաձայնեց կրճատել ճանապարհորդության բյուջեն: «Հռոմեական արձակուրդներն» առաջին ամերիկյան ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարահանվել է Իտալիայում:

Ռեժիսորը ստիպված եղավ անցնել սև-սպիտակ տարբերակին ոչ թե այն պատճառով, որ ֆիլմը հնաոճ էր, այլ ծախսերը նվազեցնելու նպատակով: Հենց ֆինանսական խնդիրների պատճառով էլ գլխավոր հերոսուհու դերի համար ընտրվեց այդ ժամանակ անհայտ դերասանուհի Հեփբերնը:

Գործարք կինոստուդիայի և Մեծ Բրիտանիայի կառավարության միջև

Հռոմեական արձակուրդներ-5

Քանի որ «Հռոմեական արձակուրդները» պտտվում է արքայադստեր շուրջը, Paramount-ը պետք է երաշխավորեր բրիտանական կառավարությանը, որ ֆիլմում Օդրի Հեփբերնի կերպարը որևէ առնչություն չունի բրիտանական թագավորական ընտանիքի, հատկապես արքայադուստր Մարգարեթի հետ:

Ուիլյամ Ուայլերը ստիպված եղավ լրացուցիչ տեսարան նկարահանել՝ հասկացնելու համար, որ Հեփբերնի հերոսուհին բրիտանացի արքայադուստր չէ։

Օդրի Հեփբերնը չէր կարողանում լացել 

Հռոմեական արձակուրդներ-6

Այն տեսարանում, որտեղ արքայադուստրը հրաժեշտ է տալիս Ջոյին, Օդրին պետք է լաց լիներ, սակայն այն ժամանակ անփորձ դերասանուհին չկարողացավ դա անել։ Մի քանի դուբլից հետո, երբ ռեժիսոր Ուիլյամ Ուայլերը զայրացավ, Հեփբերնն արտասվեց՝ թույլ տալով Ուայլերին ստանալ իր ուզած կադրերը։

Ինչո՞ւ ֆիլմի սցենարիստը չկարողացավ ստանալ մրցանակը

«Հռոմեական արձակուրդներ»-ի սցենարիստ Դալթոն Թրամբոն իր կոմունիստական ​​հայացքների համար հայտնվել է «սև ցուցակում», որի պատճառով  էլ չի կարողացել մրցանակ ստանալ, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա աշխատանքն արժանացել է «Օսկար»-ի:

Ֆիլմն ունի ճապոնական 7 ռիմեյք

«Հռոմեական արձակուրդներ»-ը մեծ տարածում և առանձնահատուկ սեր է վայելել Ճապոնիայում։ Նկարահանվել է ֆիլմի 7 տարբերակ։ Ֆիլմում Օդրի Հեփբերնի հերոսուհու սանրվածքը շատ երկրներում են ընդօրինակել, սակայն այն հատկապես նորաձև էր դարձել Ճապոնիայում։

Հռոմեական արձակուրդներ-7

 

fastnews-ads-banner