Logo

Ամենահամեղ ու գինառատ փառատոնը. կայացավ «Երևանի գինու օրեր 2024»-ը (լուսանկարներ)

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:27 / 10.06.2024Լուրեր
null

Հունիսի 7-9-ը Մոսկովյան-Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկն ամենագինառատն էր: Կայացավ «Երևանի գինու օրեր 2024»-ը: Այս տարի փառատոնն անցկացվեց նոր կոնցեպտով՝ հիմքում ունենալով հայկական կարասների բազմադարյան պատմությունն ու մշակույթը։ Փառատոնի գլխավոր հերոսը կարասն էր որպես հայկական գինու հարուստ համերի և ավանդույթների կրող։ 3 օր այցելուները համտեսեցին ոչ միայն տարատեսակ գինիներ, այլև ծանոթացան հայկական գինեգործության հազարամյա պատմությանն ու ազգային խոհանոցին: «Երևանյան գինու օրերին» մասնակցեց մոտ 9 տասնյակ գինեգործական ընկերություն: Տաղավարներում ներկայացված գինիների տեսականին գերազանցում էր 600-ը: Ներկայացված էր նաև սնունդ արտադրող 30 ընկերություն: Բացի հայ խոհարարներից՝ փառատոնին մասնակցեցին նաև Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Կատարից, Լիբանանից, Չինաստանից, Ռուսաստանից և Չեխիայից ժամանած խոհարարներն ու ներկայացրին իրենց խոհանոցը: Նրանք պատրաստեցին հայկական մթերքներով ուտեստներ՝ դրանք համադրելով հայկական խմիչքների հետ:

Երևանի Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեին ընտրության լայն հնարավորություն. ըմպել հայկական էնդեմիկ սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և վարդագույն գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի տեսականիով կամ համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով։

2023 թվականին փառատոնն ունեցել է 120․000 այցելու, որից 30․000-ը եղել են զբոսաշրջիկ։ Այս տարի ևս մեծ թիվ էին կազմում զբոսաշրջիկները, որոնք հատուկ «գինու օրերի» համար ժամանել էին Հայաստան: Նրանցից մեկը նշեց, որ 3-րդ տարին է հատուկ այս փառատոնի համար այցելում Երևան: Ըստ նրա՝ այս տոնը երևանյան ամենահետաքրքիրն փառատոններից է:

Զբոսաշրջային և տնտեսական մեծ իրադարձություն լինելուց բացի՝ փառատոնն արդեն 3 տարի է հարթակ է բարեգործական ընկերությունների համար: Իսկ գինեգործների համար սա բացառիկ իրադարձություն է սեփական արտադրանքը ներկայացնելու ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտասահմանցիներին՝ նոր գործընկերներ գտնելու նպատակով:

fastnews-ads-banner