VNews Culture-ի զրուցակիցն է բալետի արտիստուհի Ալբինա Ղազարյանը: Ալբինան Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Իսրայելի պետական բալետի և Կարելիայի Երաժշտական թատրոնի, «Նյու Ջերսի» բալետային խմբի առաջատար մենակատար է եղել: 2020 թվականից Քլիվլենդի թատրոնի առաջատար մենակատար է, 2015թ-ից որպես հրավիրված ուսուցիչ-փորձավար դասավանդում է ամերիկյան առաջատար դպրոցներում:
Ալբինայի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․
Ալբինա, շնորհակալ եմ, որ Ձեր գերզբաղված գրաֆիկում ժամանակ գտաք և հարցազրույցի առաջարկը չմերժեցիք:
-Ձեզ շատ շնորհակալություն, որովհետև իսկապես շատ գնահատելի գործ եք կատարում: Անչափ հետաքրքիր է Ձեր շարքի շնորհիվ հետևել հայկական բալետի զարգացմանն ու կարդալ բալետի հայ արտիստների հարցազրույցները:
Բալետի աշխարհ Ձեր մուտքը չափազանց դժվար է եղել՝ լի բարդություններով ու հիասթափություններով:
-Իմ բալետային ուղին մեծ կասկածի տակ դրվեց, երբ սովորում էի Պարարվեստի ուսումնարանի 7-րդ դասարանում: Բալետիս առաջին ուսուցչուհին ինձ հեռացրեց դասարանից, քանի որ չէի համապատասխանում: Պատճառաբանությունն այն էր, որ ես գեր էի, թեպետ ինձնից գեր աշակերտներ էլ կային, որ պարում էին: Իմ քաշը բացատրում էին տարիքային փոփոխություններով, երբ մարմինը ձևավորվում է, սակայն դա հաշվի չառան ու ինձ հեռացրին: Իմ բոլոր ընկերները սովորում էին Պարարվեստի ուսումնարանում, ու կյանքս չէի պատկերացնում պարից հեռու: Ամռանն ուղիղ երեք ամիս լացելուց հետո, որոշեցի պարին մոտ լինելու համար ընդունվել ուսումնարանի հայկական ժողովրդական պարերի բաժին: Թե ինչպես էի սովորելու՝ չգիտեմ, որովհետև հայկական ժողովրդական պարեր ընդհանրապես չէի սիրում: Ընդունելության ժամանակ ուղղակի հրաշք տեղի ունեցավ: Դահլիճում նստած էին Թերեզա Գրիգորյանն ու Աննա Մարիկյանը: Աննա Գրիգորևնան ինձ ճանաչում էր, քանի որ իր թոռնուհու հետ նույն դասարանում էինք սովորում ու շատ մտերիմ էինք: Ինձ տեսավ ու հարցրեց, թե ի՞նչ եմ անում այդտեղ: Ասացի՝ որոշել եմ ընդունվել հայկական պարերի բաժին, որովհետև ինձ բալետի բաժնից հանել են: Աննա Մարիկյանը զարմացավ, տվյալներս ստուգեց ու ասաց, որ ինձ վերցնում է իր դասարան՝ իր պատասխանատվության տակ: Ու այդպես ես ստացա երկրորդ հնարավորություն բալետում պարելու: Այդ օրվանից քայլ առ քայլ, ամենավերջից եկել ու հասել եմ կենտրոնին:
Ի՞նչ զգացիք, երբ երկրորդ հնարավորություն ստացաք:
-Երեք հարկ աստիճաններով իջել եմ վազելով, ու ուրախությունից գոռում էի:
Իսկ հիասթափություն չկա՞ր:
-Չեմ կարող բացատրել, թե ի՞նչ էի զգում: Շատ խորը դեպրեսիայի մեջ էի երեք ամիս, որովհետև օր չկար, որ չլացեի: Շատ ծանր տարա, որովհետև առանց բալետի չէի կարող ապրել: Ու երբ նորից ընդունվեցի՝ այլ կերպ ընդունեցի այդ փաստը: Հասկացա, որ ինձ երկրորդ հնարավորություն է տրվել, ու ես դա չեմ կարող ձեռքիցս բաց թողնել: Ու այդ օրվանից պայքարելու ուժն ինձնից չի հեռացել: Ես բազմաթիվ թատրոններում եմ պարել, տարբեր տնօրեններ եմ ունեցել, բայց այդ պայքարի զգացողութունը, որ ամեն ինչ պետք է անել աշխատանքը հարյուր տոկոսով բեմ հանելու համար, ինձ այս տարիների ընթացքում չի լքել ոչ մի վայրկյան: Եթե Աննա Մարիկյանը չլիներ, ես այսօր չէի ունենա այն, ինչ ունեմ: Ասել շնորհակալ եմ իրեն՝ նշանակում է ոչինչ չասել: Անչափ շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ այդ ընթացքում ինձ աջակցել են, բայց եթե Աննա Մարիկյանը չլիներ, ես որպես բալերինա չէի լինի:
Ձեր ուժեղ կողմերը որպես բալետի արտիստ որո՞նք են:
-Ժամանակի ընթացքում իմ բախտը բերեց այն առումով, որ շատ լավ ուսուցիչ ունեի, որը դրեց դասական պարի հիմքը: Հետո իմ բախտը բերեց, որովհետև տարիների ընթացքում տարբեր կարծիքների, ոճերի, պարային, տեխնիկական ընդունակություններ ունեցող մարդկանց հետ աշխատեցի: Մենք ամեն օր սովորում ենք, ու ժամանակի ընթացքում իմ կերպարի մեջ գտա իմ ուժեղ ու թույլ կողմերի հարմոնիան: Եվ այսօրվա դրությամբ խնդիր չեմ ունենում որևէ կերպար մարմնավորելու հարցում: Կարող եմ ցանկացած դեր մարմնավորել:
Պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել եք օպերային թատրոնում:
-Չեմ համեմատում այդ տարիները որևէ բանի հետ, որովհետև հայկական թատրոնում կար խստություն ու դիսցիպլինա, ու դա շատ կարևոր էր ինձ համար՝ որպես բալետի արտիստ՝ հատկապես այդ տարիքում: Թատրոնի տարիները կյանքիս ամենակարևոր փուլերից են: Շատ լավ փորձավարներ եմ ունեցել: Մեր դասարանը շատ լավն էր, Դուք իմ դասընկերներից շատերի հետ եք հարցազրույց ունեցել՝ Տաթևիկ Բոլշիկյանի, Ռուբեն Մուրադյանի, Լյուդվիգ Իսպիրյանի: Շատ ուժեղ դասարան էր: Մեր ավարտականին «Ժիզելի» երկրորդ ակտն ենք պարել, ինչը մեծ ալիք էր բարձրացրել, ու մեզ թվացել էր, որ ամեն ինչ գրավել ենք ու որ գնանք թատրոն՝ առնվազն մենապարեր ենք պարելու: Բայց գնացինք ու կանգնեցինք վերջին գծում: Մեզ ասում էին՝ կապ չունի՝ ինչպես եք ավարտել, այս աստիճանները պետք է անցնեք: Ու ժամանակի ընթացքում, իրոք, հասկանում ես, թե ինչքան կարևոր է տեսնել ու հասկանալ, թե բալետային ներկայացումն ինչպես է կառուցված: Բալետը մի հոգի չէ, որ մեջտեղում պարում է, դա իրոք «մեծ շենք է», ու ամենափոքր «աստիճաններից» ու «պատուհաններից» սկսած, մինչև ամենափոքր դետալը միասին ստեղծում են այդ սիրուն շենքը: Յուրաքանչյուր արտիստ, կապ չունի՝ որքան լավ տվյալներ ու հնարավորություններ ունի, պետք է անցնի կորդեբալետի ճանապարհով, որ հասկանա թե՛ երաժշտականությունը, թե՛ բալետի կառուցվածքը: Գնահատի գլխավոր դեր պարելու առավելությունը:
Երևանից հետո, երկու տարի պարել եք Իսրայելում, հետո գնացել եք Կարելիա ու այնտեղ եք պարել որպես առաջատար մենակատար:
-Այդ առումով չեմ բողոքի, քանի որ Երևանում էլ սկզբնական փուլից հետո եղել եմ առաջատար մենակատար, ու այդպես շարունակվել է հետագա բոլոր թատրոններում: Իսրայելում առաջին անգամ ծանոթացա ժամանակակից բալետին, որը չգիտեի՝ ինչ է, ու դա իմ ամենամեծ վախն էր, որովհետև դասական պարելուց հետո դժվար է մարմինը սովորեցնել: Բայց ես ու Նարեկը (Ալբինա Ղազարյանը և բալետի արտիստ Նարեկ Մարտիրոսյանն ամուսիններ են - Հեղ․) բոլոր դժվարությունները միասին կարողացանք հաղթահարել:
Հե՞շտ է, երբ ամուսինն էլ է բալետի արտիստ ու միասին եք բեմում պարում:
-Շատ դժվար է, երբ արդեն ուրիշի հետ ես պարում: Մենք որպես զույգ այնքան ենք միասին պարել, այնքան համահունչ ենք իրար հետ, որ թատրոնում, երբ որոշում են այլ խաղընկերների հետ էլ մեզ փորձել, փորձարկում են, բայց վերջում էլի միասին ենք պարում: Իրոք, զույգերի հասկացողությունը շատ կարևոր բան է: Զույգերը միմյանց հասկանում են, բեմի վրա վստահում: Մեզ մոտ այդ կապը շատ ուժեղ է:
Դեր, որը Ձեզ վրա մեծ ազդեցություն է գործել:
-Իմ ամենասիրելի դերի մասին կխոսեմ, որովհետև այնքան շատ եմ աշխատել, որ մինչ այսօր պարի ամեն վայրկյանը, ամեն դետալը հիշում եմ: Երբ նոր էինք տեղափոխվել Իսրայել, ինձ առաջարկեցին Ժիզելի դերը: Քսանմեկ տարեկան էի: Թե՛ իմ, թե՛ փորձավարիս համար «Ժիզել»-ը մեծ պրեմիերա էր: Այդ ընթացքը շատ հիշվող էր ու հետաքրքիր: Հիշում եմ ժիզելի առաջին մուտքը բեմ: Փորձավարս ասում էր, թե ինչպես այդ փոքր դուռը կբացեմ ու ինչպես հանդիսատեսն ինձ կտեսնի, այդպես էլ ամբողջ ներկայացումը կանցնի: Որովհետև ամենաառաջին տպավորությունն ամբողջ ներկայացման պատկերն է: Այդ դերից հետո ես շատ փոխվեցի:
Նման մեծ ու պատասխանատու դերից հետո ինքնավստահությունը մեծանո՞ւմ է, երբ գիտակցում եք, որ կարողանում եք արգելապատնեշ հաղթահարել:
-Իհարկե: Ինքնավստահությունն ու հուզմունքը տարբեր բաներ են: Ինքնավստահությունը, երբ գիտես, որ դու կարող ես անել, դուրս ես գալիս բեմ ու անում: Դա մի րոպեի բան չէ, դա ամենօրյա ծանր աշխատանքի արդյունք է: Երբ քո ֆիզիկական պատրաստվածությունը չի համապատասխանում քո ներքին ինքնավստահությանը՝ բեմում, անպայման, ինչ-որ անկանխատեսելի անակնկալ կինի, որովհետև, երբ դու բեմի վրա աշխատում ես, գնահատում ես իրավիճակը, դա ուրիշ որակի է հասցնում քո պարը:
Ի՞նչ մտքեր եք սովորաբար ունենում կուլիսներում:
-Սուտ կլինի, որ ասեմ հուզվում ու դողում եմ: Անհանգստություն, իհարկե, կա: Եթե չլինի, դա նորմալ չի լինի: Հատկապես նոր ներկայացումից առաջ կա անհանգստություն: Նոր ներկայացումների ժամանակ երբեք չես կարող իմանալ, թե հանդիսատեսն ինչ ռեակցիա կտա կատարմանը, մինչև չի գալիս խոնարհման պահը: Բայց ընդհանրապես ինքնատիրապետումս բարձր է, ու հիմա գաղտնիք պետք է ասեմ՝ ցանկացած բալերինա ցանկացած դերի մեջ ունի մի հատված, որի վրա ամբողջությամբ վստահ չի լինում ու անպայման մտածում է, թե ինչ պետք է անի, որ իր մոտ այդ հատվածը կատարյալ ստացվի: Կարևորը բեմի վրա գիտակցելն է, թե ինչ ես անում:
Եղե՞լ են դեպքեր, երբ բեմում, ներկայացման ժամանակ ընկել եք:
-Եղել է: Բեմի վրա այնպես եմ ընկել, որ ոտքիս ջիլը պոկել եմ: Այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ում էի, «Մակբեթ» ներկայացումն էր, ներկայացման գրեթե ավարտն էր: Մինչև հիմա ինձ համար շատ դժվար է այդ պահը վերհիշելը: Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ու ես մի պահ հասկացա, որ գետնի վրա նստած եմ: Բեմում Նարեկի հետ միասին էինք պարում, ու ես հայտնվեցի ուղիղ իր դիմաց: Նայում եմ Նարեկին ու հայացքով հարցնում, թե ինչ կատարվեց, ու այդ պահին աչքս ընկավ ոտքիս, ու տեսնեմ ծնկիս մի կեսը մի կողմում է, մյուս կեսը՝ հակառակ: Չգիտեմ՝ ինչպես խփելով ներս եմ գցել ծունկս․ շատ լուրջ վնասվածք էի ստացել: Բայց կարևորը ոչ ոք, անգամ թատրոնի պարողները, չիմացան, որ ես բեմի վրա ընկել եմ: Մենակ իմացան, երբ ես ներկայացման ավարտին դուրս չեկա խոնարհվելու: Խաղընկերներս մոտեցել հարցնում էին՝ ի՞նչ է եղել, որ բեմ դուրս չեմ գալիս, իսկ ես չէի կարողանում քայլել: Աննա Գրիգորևնան միշտ ասում էր՝ բեմի վրա ցանկացած պարողի հետ ամեն ինչ կարող է լինել: Արտիստը կարող է ընկնել, բայց կախված նրանից, թե ինչպես ես ընկնում, դա էլ է բեմական մշակույթի շատ կարևոր մաս: Ներկայացումից հետո ինձ շտապ տարան հիվանդանոց: Շատ դժվար փուլ էր, մոտավորապես մեկ տարի այդ վնասվածքից հետո չպարեցի: Բայց այդ վնասվածքի շնորհիվ սկսեցի դասավանդել, քանի որ չէի կարող պարապ մնալ: Շատ հետաքրքիր փորձ էր, ու մինչև հիմա էլ և՛ պարում եմ, և՛ դասավանդում:
Բեմում ընկնելուց կամ լուրջ սխալից հետո արտիստն ինչպե՞ս ինքն իրեն վերականգնի, ինչպե՞ս ոգևորի, որ սխալն արվել է, հետևություն անի ու նորից հետ գա բեմ:
-Շատ կարևոր հարց եք տալիս: Վնասվածքը, որ ես եմ ստացել, բալետում շատ տարածված է ու, ցավոք սրտի, լուրջ խնդիր է: Որևէ մեկն ապահովագրված չէ: Շատերը վնասվածքից հետո ոչ թե ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով չեն կարողանում հետ գալ: Ամեն անգամ ամեն քայլն անելուց թվում է, թե նորից մի բան կլինի: Իմ պարագայում, երևի, որ փոքրուց ամեն դժվարության միջով անցել եմ, մտքումս ասում էի՝ ինձ այսքան բանը չկանգնեցրեց, այս վնասվա՞ծքը պետք է կանգնեցնի: Բալետում, բացի ինձնից, ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել:
2015 թվականից տեղափոխվել եք ԱՄՆ ու Նյու Ջերսիի բալետային թատրոնում, իսկ հիմա Օհայո նահանգի Քլիվլենդի թատրոնում եք պարում: Ընդհանրապես, գոյություն ունի բալետի մատուցման երկու մոտեցում՝ Վահանովայի և Բալանչինի: Մինչ ԱՄՆ տեղափոխվելը, այն երկրներում, որտեղ պարել եք, հիմնականում բալետը հենված էր Վահանովայի ուսմունքի վրա: Որքանո՞վ է դժվար արտիստի համար մեկ ուսմունքից տեղափոխվել մեկ այլ ուսմունք:
-Շատ ճիշտ եք: ԱՄՆ-ում միշտ գնահատվել ու կգնահատվի ռուսական դպրոցը: Վահանովայի տեխնիկային ոչ ոք չի կարող գերազանցել՝ թե՛ մեթոդաբանության, թե՛ տեխնիկայի, թե՛ աշակերտին հղկելու առումով: Այդ ամենը հաշվի են առնում, բայց ԱՄՆ-ում շատ տարածված է Բալանչինի ոճը, որը, ի դեպ, նույնպես եղել է ռուսական դպրոցի ներկայացուցիչ, բայց, գալով ԱՄՆ, ստեղծել է իրենը, որը համարվում է ամերիկյան բալետի ոճը: Այստեղ թատրոններ կան, որ միայն Բալանչինի ոճով են պարում: Ի տարբերություն Քլիվլենդի, Նյու Ջերսիում ավելի շատ էր ռուսական ոճը պահանջվում: Իսկ այստեղ մեր տնօրենը շատ է սիրում Բալանչինի ոճը: Թեպետ շատ ներկայացումներում, եթե կոնկրետ Բալանչինի ներկայացում չէ, հիմնականում պարում ենք դասական մոտեցումով:
Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով աշխարհում սկսվեց ռուսական մշակույթի մերժում, բալետում այդ փոփոխություններն արտահայտվեցի՞ն: Օրինակ, ձեր թատրոնի խաղացանկում Չայկովսկու ստեղծագործությունները կա՞ն:
-Բարեբախտաբար, այդ աբսուրդը չի հասել բալետին, բայց շատերը ցանկացել են դա անել: Չեմ ցանկանում շատ քաղաքականության մասին խոսել, բայց, երբ Չայկովսկին գրել է իր ստեղծագործությունները, յուրաքանչյուրի համար մեծագույն նվեր է թողել, ու պետք է շնորհակալ լինենք այդ երաժշտության համար: Իհարկե, խոսակցություններ եղել են, թե նման ժամանակներում ինչպե՞ս կարող եք ռուս կոմպոզիտորի երաժշտության տակ պարել, բայց ինչ էլ լինի, աշխարհում երկրորդ Չայկովսկի չկա: Ոչ ոք չի կարող «Կարապի լիճը» կամ «Մարդուկ Ջարդուկ», «Քնած գեղեցկուհի» բալետները փոխի այլ ստեղծագործություններով: Դրանք համաշխարհային այնպիսի զարդեր են, որոնց հնարավոր չէ գերազանցել: Եվ նույնը բեմադրության մասով: Շատ հայտնի բեմադրիչներ փորձել են վերաբեմադրել, բայց շատ քչերին, այն էլ՝ մի փոքր հատվածներ միայն, որ հաջողվել է, որ հանդիսատեսն ասի՝ այս տարբերակն, իրոք, լավն է: Դասականը միշտ մնում է դասական ու իր դերը, դիրքը երբեք չի կորցնի: Որքան էլ նորություններ լինեն: Ես միշտ կողմ եմ նոր ժամանակակից բալետների: Աշխարհում ամեն բան զարգանում է, բալետն էլ պետք է զարգանա: Ներկա դրությամբ բալետային տեխնիկան շատ արագ տեմպերով է զարգանում: Այն, ինչ ես եմ դպրոցում սովորել, այսօրվա բալետի 20 տոկոսն է:
Ըստ Ձեզ՝ դասական բալետի ապագան ինչպիսի՞ն է:
-Չգիտեմ: Իհարկե, զարգանում է, բայց մյուս կողմից ես այնքան էլ համամիտ չեմ այն ուղղության հետ, որն ԱՄՆ-ում կատարվում է այսօր: Երբ բիզնեսը մտնում է արվեստ՝ արվեստը կորցնում է իր գեղեցկությունը: Ցավոք, այն գնահատանքը չկա: Շատ տաղանդավոր երեխաներ կան, որոնք կարող են լինել հիանալի արտիստներ, բայց նրանք հնարավորություն չունեն սովորելու, քանի որ այստեղ ամեն ինչ վճարովի է: Այսինքն՝ տաղանդն այնքան չի գնահատվում, որքան գումարը: Դա ամենամեծ բացթողումներից մեկն է: Տեխնիկան որքան էլ զարգանում է, իհարկե, շատ սիրուն է, բայց դասական բալետի մեջ ամեն ինչ պետք է իր չափն ունենա: Թեկուզ հենց պտույտների, թռիչքների քանակը: Եթե թույլատրելիի սահմանն անցնում է՝ վերածվում է կրկեսի, իսկ կրկես նայելու համար շատ տաղանդավոր արտիստներ, մարմնամարզիկներ կան: Բալետն իր նշաձողը պետք է պահպանի ըստ չափի ու չանի չափից ավելին: Հատկապես դասականի ժամանակ, որովհետև այդ մինիմալիզմի մեջ է գեղեցկությունը:
Ձեր կյանքի ամենադժվար դերը ո՞րն է եղել:
-Շատ դժվար հարց եք տալիս: Ցանկացած դեր, որ առաջին անգամ եմ պարում, մինչ հասկանալը, թե այդ դերն ինչի մասին է, մինչ վերապրելը, մինչ այդ դերի մասը դառնալը, ամենադժվար դերն է: Հետո դառնում է իմը, հարազատ:
Կա՞ կերպար, որի հետ Ձեզ ասոցացնում եք:
-Երբեք դժվարություն չեմ ունենում կերպարի մեջ մտնելու առումով, բայց կյանքում՝ չէ, բնավորությանս նման դեր չկա:
Կա՞ դեր, որի մասին երազում եք:
-Կա, ես շատ եմ ուզում այդ դերը, բայց դա գրեթե անհնար բան է: Խոսքը Քենեթ Մաքմիլանի «Մանոն» ներկայացման մասին է, որի համար ես ուղղակի խելագարվում եմ: Բայց, ցավոք, շատ քիչ թատրոններում է ներկայացվում:
Երեք բան, որով հպարտանում եք Ձեր կարիերայում:
-Հպարտանալ մի փոքր դժվար է, կարող եմ գնահատել այն, ինչ իմ մասնագիտությունն ինձ տվել է: Բալետն ինձ այլ կերպ է մոտեցրել արվեստին, թեպետ ես ավեստագետների ընտանիքում եմ ծնվել ու մեծացել: Իսկ, երբ մարդն արվեստին մոտ է, նրա հոգեկան աշխարհն ուրիշ է: Դա ամենակարևոր բաներից է: Բալետը սովորեցրել է աշխատասիրություն: Եթե աշխատասեր չես, չգիտես քեզ ինչպես ստիպես ամեն օր ցավերով, տանջվելով, հոգնելով ոչինչ հաշվի չառնելով աշխատել ու պարապել՝ ոչինչ չի ստացվի: Եթե չլիներ բալետը՝ ես չէի հանդիպի Նարեկին ու ընտանիք չէի կառուցի: Դա ամենակարևորն է:
Իսկ Ձեր ֆիզիկական տվյալներից ինչո՞վ եք ամենաշատը հպարտանում:
-Շատ հետաքրքիր հարց եք տալիս: Երբ ես դպրոցում էի սովորում, իմ ձեռքերից շատ էին բողոքում, ասում էին, որ լավ ձեռքեր չունեմ: Ու դպրոցն ավարտելուց հետո դա իմ առաջին նպատակն է եղել, ու օր ու գիշեր ես հոլովակներ էի նայում, մտածում ձեռքերի դիրքերի մասին, թե ինչպես անեմ, որ ճիշտ զգամ: Իրականում ձեռքերն այնքան դիրքեր չեն, որքան զգացողություն ու ամենակարևոր արտահայտչության միջոցը: Ամենաշատը ու ամենաբարդը, ինչի վրա կենտրոնացել եմ, եղել են իմ ձեռքերը: Երևի ամենաքիչը մտածել եմ ոտքերի տեխնիկայի մասին, պտույտներն ու թռիչքներն ինձ մոտ միշտ ստացվել են: Բայց դա հենց այնպես չի ստացվել: Եթե չլինի ամենօրյա ծանր աշխատանքը, ամենօրյա զրոյից սկսելը, եթե ինչ-որ մի փուլում բաց թողես դա՝ բեմում կերևա: Եթե ես մտածեմ, որ շատ պինդ ոտքեր ունեմ, ինձ համար բեմում երկու պիրուետ անելը ոչ մի բան է: Բայց եթե ես մի օր այդպես մտածեմ, հաջորդ օրն այդպես մտածեմ ու չպարապեմ, երրորդ օրը բեմ դուրս գամ՝ ինձ մոտ չի ստացվի երկու պիրուետ անել: Ամեն օրվա պարապմունքը շատ կարևոր է, ու առավելություններն ու վատ կողմերն իրար կպցնելով, աշխատելով, պարապելով է, որ մենք ստանում ենք արդյունք:
Ինչպե՞ս հասնել հաջողության:
-Միայն աշխատասիրությամբ: Մարդ կա՝ տվյալներով ծնվում է, մարդ կա՝ տվյալները սարքում է: Կան բազմաթիվ օրինակներ, երբ մարդը ծնվել է բացառիկ տվյալներով, բայց չի գնահատել, թե որքան լավն է բալետի համար: Բայց նա, ով օր ու գիշեր աշխատելով իր համար թաթեր է սարքում, «ռաստյաշկա» է անում, օրերով «շպագատ» է նստում, այդ մարդը, իրոք, գնահատվում է ու ապագան ունի: Մինչև մարդն աշխատասեր չլինի, ձգտող չլինի, ձգտում չունենա, ոչ մի բան դուրս չի գա:
Ինչի՞ համար եք զղջում:
-Չեմ պատմի: Բալետի հետ կապված չէ, բայց ավելի լավ է այդ մասին չխոսենք, քանի որ շատ էմոցիոնալ թեմա է:
Եթե կյանքում ունենայիք հնարավորություն, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:
-Այն, ինչի համար զղջում եմ, դա կփոխեի:
Ի՞նչը կարող է երջանկացնել բալետի պարուհուն:
-Նոր դեր ստանալուց հետո նոր պուանտները ու նոր բեմական զգեստը:
Ի՞նչ կասեիք երկրորդ անգամ բալետ պարելու հնարավորություն ստացած փոքրիկ Ալբինային:
-Կասեի՝ ապրես, որ երրորդ անգամ էլ շանս ստանաս՝ ամեն ինչ նույն կերպ կանես:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Կարող եք կարդալ նաև՝
Միլիտոն Կիրակոսյան․ Արտասահմանում բալետային կարիերայի փոխարեն ընտրեցի Երևանում ընտանիք ունենալը
Մարիամ Ասլանյան․ Բալետի աշխարհում արգելված է լինել թույլ կին
Լյուդվիգ Իսպիրյան․ Ինձ անվանում են Իսրայելի բեմի հայ Ռոմեո
Մարիամ Գարաջյան․ Ուժեղ մարդ չեմ, դրա համար էլ թատրոնում ինձ կոտրեցին
Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»
Ավելին՝ այստեղ