Just Stop Oil-ի ակտիվիստները Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում շոկոլադե տորթ են նետել Չարլզ III թագավորի մոմե արձանի դեմքին՝ կլիմայի խնդիրներին ուշադրություն հրավիրելու նպատակով, հաղորդում է բրիտանական LBC ռադիոկայանը՝ հղում անելով սոցցանցերում տարածված տեսանյութին:
«Գիտությունը հստակ է, պահանջը՝ պարզ․ պարզապես դադարեցնել նոր նավթահանքերի ու գազահանքերի շահագործումը։ Դա հեշտից էլ հեշտ է»,- միջադեպի ժամանակ ասել են ցուցարարները։
🎂 BREAKING: JUST STOP OIL CAKES THE KING 🎂
— Just Stop Oil ⚖️💀🛢 (@JustStop_Oil) October 24, 2022
👑 Two supporters of Just Stop Oil have covered a Madame Tussauds waxwork model of King Charles III with chocolate cake, demanding that the Government halts all new oil and gas licences and consents.#FreeLouis #FreeJosh #A22Network pic.twitter.com/p0DJ8v3XVB
Իրենց հայտարարությունում բնապահպաններն անգլերենով բառախաղ են օգտագործել․ «it's a piece of cake» արտահայտությունը շատ պարզ առաջադրանքի իմաստ ունի, բայց կարող է բառացի թարգմանվել որպես՝ «մի կտոր տորթ»։
Սա Just Stop Oil-ի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին միջադեպը չէ։ Նախկինում շարժման երկու ներկայացուցիչներ Լոնդոնի Ազգային պատկերասրահում Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա լոլիկի ապուր էին լցրել։
Օրերս էլ կլիմայի պաշտպանությամբ զբաղվող Letzte Generation շարժման անդամները Գերմանիայի Պոտսդամ քաղաքում կարտոֆիլի խյուս էին լցրել ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի 111 միլիոն դոլար արժողությամբ նկարի վրա՝ կլիմայի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով։