Որքան ցուրտ էր այդ երեկո: Առատ ձյուն էր տեղում, և փողոցում աղջամուղջն ավելի ու ավելի էր թանձրանում: Տարվա վերջին երեկոն էր` Նոր տարվա նախօրյակը: Այդ ցուրտ և խավար երեկոյան փողոցներում թափառում էր մի աղքատ աղջիկ` ոտաբոբիկ ու գլխաբաց: Ճիշտ է`նա տանից մաշիկներով էր դուրս եկել, բայց ինչի՞ էին պետք այդ մաշիկները: Դրանք այն մաշիկներն էին, որ մի ժամանակ իր մայրն էր հագնում, և այնքան մեծ էին, որ երբ փողոցն անցնելիս մոտեցող կառքերից վախեցած երեխան վազեց, մաշիկները դուրս թռան նրա ոտքերից: Մեկը նա բոլորովին գտնել չկարողացավ, իսկ մյուսը ինչ-որ մի տղա վերցրեց ու փախավ` ասելով, թե նրանից հիանալի օրորոց դուրս կգա իր ապագա երեխաների համար:
Եվ ահա այժմ աղջիկը շրջում էր ոտոբոբիկ: Նրա ոտիկները ցրտից բոլորովին կարմրել ու կապտել էին: Մաշված գոգնոցում նա մի քանի տուփ ծծմբե լուցկի ուներ, իսկ մի բուռ էլ բռնել էր ձեռքին: Ամբողջ օրը նա ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել: Քաղցած ու սառած առաջ էր քայլում և այնքա՜ն էր տանջվել խեղճը:
Ձյան փաթիլները թափվում էին նրա խարտյաշ գանգուրներին, որոնք այնպես գեղեցիկ փռվել էին մեջքին, բայց նա չէր էլ մտածում իր մազերի գեղեցկության մասին: Բոլոր լուսամուտները լուսավորված էին, փողոցում տապակած սագի բուրմունք էր տարածվել. չէ՞ որ Նոր տարվա նախօրյակն էր: Ահա դրա մասին էր մտածում աղջիկը:
Վերջապես նա նստեց մի անկյունում, մի տան սանդուղքի վրա և ոտքերը կուչ ածեց իր տակ, որպեսզի գոնե մի քիչ տաքանա, բայց, ոչ. ցուրտն ավելի սաստկացավ, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում, չէ՞ որ ոչ մի լուցկի չէր ծախել, ոչ մի գրոշ չէր վաստակել և գիտեր, որ հայրը դրա համար կծեծի իրեն, բացի այդ, իրենց տունը հո ավելի տաք չէ՞ր: Նրանք ապրում էին ձեղնահարկում, որտեղ քամին վազվզում էր ամբողջ սենյակում` չնայած որ բոլոր ճեղքերն ու անցքերը խնամքով ծածկված էին ծղոտով ու լաթերով:
Աղջկա թաթիկները բոլորովին փայտացել էին: Ախ, մի փոքրիկ լուցկու բոցը կարող էր տաքացնել նրան: Եթե միայն համարձակվեր տուփից մեկ հատ լուցկի հանել, չըրթացնել պատին ու մատները տաքացնել… Աղջիկը վախվխելով մեկ հատ լուցկի հանեց ու չըրթ…
Ինչպե՜ս բռնկվեց լուցկին, ինչպե՜ս պայծառ վառվեց: Աղջիկն իր բռով պաշտպանեց նրան քամուց, և լուցկին սկսեց վառվել պայծառ բոցով, ինչպես մի փոքրիկ մոմ:
Զարմանալի մոմ էր դա. աղջկան թվում էր, թե ինքը նստած է մի մեծ երկաթե վառարանի առաջ, որը պղնձե փայլուն ոտքեր ու դռներ ունի: Ի՜նչ լավ էր բոցկլտում նրա մեջ կրակը, ի՜նչ տաք էր, բայց այս ի՞նչ էր. հենց որ աղջիկն ուզեց ոտքերը մեկնել, որ տաքանա, հանկարծ… կրակը մարեց, վառարանը չքացավ, աղջկա ձեռքերում մնաց միայն լուցկու խանձված ծայրը:
Ահա նա չըրթացրեց մյուսը: Լուցկին բոցկլտաց, և երբ լույսն ընկավ պատին, հանկարծ պատը դարձավ քողի պես թափանցիկ: Աղջիկը տեսավ մի սենյակ, այնտեղ` ձյունափառ սփռոցով ծածկված մի սեղան, որի վրա հախճապակե ամանի մեջ դրված էր մի տապակած սագ` մեջը լցրած սալորի ու խնձորի համեմունք: Ի՜նչ անուշ էր բուրում: Իսկ ամենից զարմանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից և հենց այնպես, ինչպես որ կար` դանակն ու պատառաքաղը մեջը խրած` երերալով վազեց ուղիղ աղջկա մոտ: Բայց այդ ժամանակ լուցկին մարեց, և աղջկա առաջ էլի կանգնած էր հաստ ու պաղ պատը:
Աղջիկը էլի մի լուցկի վառեց: Այժմ նրան թվաց, թե ինքը նստած է մի շքեղ տոնածառի տակ, որը շատ ավելի մեծ ու զարդարուն է, քան այն, որ նա տեսել էր մի հարուստ վաճառականի պատուհանից: Կանաչ ճյուղերի վրա հազարավոր լույսեր էին վառվում, և նրան էին նայում հազարավոր նկարներ, որոնցով զարդարում են խանութների ցուցափեղկերը: Աղջիկը երկու թաթիկները մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին մարեց: Լույսերն սկսեցին ավելի ու ավելի վեր բարձրանալ և շուտով դարձան պայծառ աստղեր: Նրանցից մեկը սահեց երկնակամարով` իր հետևից թողնելով հուրհրան հետք:
«Ահա,որևէ մեկը մեռավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա հանգուցյալ տատը` միակ մարդն աշխարհում, ով սիրում էր նրան, ասել էր. «Երբ աստղ է ընկնում, որևէ մեկի հոգին գնում է աստծու մոտ»:
Աղջիկը մի նոր լուցկի չըրթացրեց պատին, և երբ շուրջը ամեն ինչ լուսավորվեց, այդ լույսի մեջ երեխան տեսավ իր տատիկին` այնքա՜ն փայլուն ու պայծառ, այնքա՜ն բարի ու սիրալիր…
-Տատի՜կ,- գոչեց աղջիկը,- տար ինձ, տար ինձ քեզ հետ: Ես գիտեմ, հենց որ լուցկին մարի, դու կգնաս, ինչպես գնացին տաք վառարանը, հրաշալի տապակած սագը և սքանչելի տոնածառը:
Եվ նա շտապ-շտապ չըրթացրեց տուփի մեջ մնացած բոլոր լուցկիները. որքա՜ն էր ուզում երկար ժամանակ տեսնել տատիկին… Լուցկիները բռնկվում էին այնպիսի պայծառ բոցով, որ ցերեկից էլ ավելի էր լուսանում: Դեռ երբեք տատիկն այդքան գեղեցիկ, այդքան սքանչելի չէր երևացել: Նա վերցրեց աղջկան, և նրանք շող ու փայլի մեջ թռան դեպի վեր` դեպի վեր, որտեղ չկա ո՛չ ցուրտ, ո՛չ քաղց, ո՛չ էլ վախ: Նրանք վերացան աստծու մոտ:
Առավոտյան սառնամանիքին տան անկյունում գտան աղջկան: Նրա այտերը շառագունած էին, շուրթերին քարացած էր մի ժպիտ, բայց նա մեռած էր: Նա սառել էր հին տարվա վերջին գիշերը: Նոր տարվա արևը լուսավորեց նրա փոքրիկ դիակը` լուցկիները ձեռքին, որոնցից մեկ տուփը գրեթե ամբողջովին վառված էր:
-Խե՜ղճ աղջիկ, ուզել է տաքանալ,- ասում էին մարդիկ:
Եվ ոչ ոք չգիտեր, թե ինչ չքնաղ բան է տեսել նա, ինչպիսի փայլ ու շողի մեջ է Նոր տարվա խինդը դիմավորել իր տատիկի հետ…
ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ

