Էրիկը հայտարարել է, որ իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական երգել են այլազգի երգիչներ։ Սակայն «Անդրեյ Մալախովի կիրակնօրյա շոուում» ադրբեջանցիների կատարումը ստիպել է երգչին դիմել դատարան։ «Համբերությանս բաժակը լցվեց, երբ օրեր առաջ ռուսական «Ռոսիա 1» պետական ալիքով «Անդրեյ Մալախովի կիրակնօրյա շոուում» արդեն երկրորդ անգամ իմ երգը հնչեց առանց որեւէ թույլտվության ու աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: Ցավալին և ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ: Երաժշտությունը Երևանում գրել եմ 2018 թվականին, բառերը՝ Գրիգոր Կյոկչյանինն են։ Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար։ Նշեմ, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելն ու փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։ Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը՝ արձագանքում են և իրենց աջակցությունը հայտնում»,- գրել է երգիչը: