Լուսանկարում Սյուզի Փիրումյանը՝ որդու հետ
Այսօր VNews Culture-ի զրուցակիցն է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սյուզի Փիրումյանը։
Սյուզի, շնորհակալ եմ հարցազրույցի համար:
-Թույլ տվեք ես էլ Ձեզ շնորհակալություն հայտնեմ: Նախ հարցազրույցի, ինչպես նաև այս շարքի համար: Շատ լավ գործ եք անում, բալետի կյանքի մասին գրելը շատ հաճելի է բալետի արտիստի համար և կարևոր՝ հանրության համար: Շատ մարդիկ՝ հանդիսատես և ոչ հանդիսատես, կտեղեկանան բալետի մասին, գուցե սիրեն, գան, նայեն ներկայացումները: Շնորհակալություն Ձեր կատարած լավ աշխատանքի համար:
Ինչպե՞ս է սկսվում բալետի արտիստի օրը:
-Մեկ բաժակ սուրճով: Հետո արդեն երեխաները, նրանց համար նախաճաշ պատրաստելը, դպրոց ճանապարհելը, որից հետո արդեն գալիս եմ թատրոն, փորձեր, պարապմունքներ, ներկայացումներ: Հանդերձարանում էլ առաջինը, ինչ անում եմ՝ սուրճ պատրաստելն է:
Իսկ սուրճը դա՞ռը, թե՞ քաղցր:
-Միջին քաղցրության: Ես օրվա մեջ ընդամենը երկու բաժակ եմ խմում, բայց սուրճի բաժակը պետք է ամբողջ օրն ինձ հետ լինի: Ես որ վայրկյանին ուզենամ սուրճի մի կում անել, այդ սուրճը պետք է ինձ հետ լինի: Սուրճը միշտ իմ դիմաց կա: Ներկայացումների անտրակտին էլ, որ մտնում եմ հանդերձարան, սուրճը միշտ պետք է ինձ մոտ լինի: Սուրճի հանդեպ սեր է:
Սյուզի, Օպերային թատրոնում քանի՞ տարի ես պարում:
-Հաջորդ տարի կլինի 22 տարի:
Դու թատրոնի առաջատար մենապարուհի ես, ՀՀ վաստակավոր արտիստ: Թատրոնում բեմադրված բոլոր ներկայացումներում խաղացել ես գլխավոր դեր: 22 տարվա հեռավորությունից, որ նայում ես քո անցած ուղուն, ասո՞ւմ ես՝ «ապրեմ ես, հասցրել եմ ամեն ինչ, գոհ եմ ինձնից»:
-Միշտ ինչ-որ բան պակասում է: Կուզենայի, որ մեր թատրոնի խաղացանկում այլ ներկայացումներ էլ լինեին: Այդ բացը կա: Հենց հիմա ես ուզում եմ ժամանակակից բալետային ներկայացումներում պարել, բայց դրանք չկան: Մի քանի օր առաջ որդուս հետ խոսում էինք բալետի մասին, ու նրան ասում էի, որ արդեն երեսուն տարի է՝ ես ամեն օր «Բատման տանձյու» եմ անում․ դա ամենահասարակ ու ամենակարևոր շարժումներից մեկն է բալետում: Մի ամբողջ կյանք․․․
Երբ ընդունվում էիր Պարարվեստի ուսումնարան, պատկերացնո՞ւմ էիր, որ կհասնես բարձունքի:
-Փոքր ժամանակ ես վստահ չեմ եղել, որ կհասնեմ: Բայց փոքրուց ունեցել եմ բնավորություն ասվածը: Ես դեռ բալետից ոչինչ չէի հասկանում, հեռուստացույցով էի տեսել ու սիրահարվել բալետին: Տանը պարում էի: Տանը հաճախ սեղանի վրա ելույթներ էի ունենում: Ու պետք է Ձեզ մի հետաքրքիր բան ասեմ․ փոքր տարիքում առանց պուանտների կարողանում էի մատներիս ծայրերի վրա կանգնել: Հետո արդեն ուսումնարանում սկսեցի պուանտներ հագնել: Պարարվեստի ուսումնարանում եթե մի շարժումը չէի հասկանում կամ լավ չէի պատկերացնում, կարող էի ուսուցչուհուն խնդրել, պահանջել, որ նորից ցույց տա շարժումը, նորից բացատրի: Բալետում առաջին տեղում է աշխատասիրությունը, իսկ երկրորդ տեղում՝ նպատակասլացությունը: Եթե քո առաջ դնում ես նպատակ, ամեն ինչ անում ես, շատ ես աշխատում, որ հասնես դրան: Իսկ իմ նպատակը սկսվել է նրանից, երբ հայրիկիս հետ Մաշտոցի պողոտայով քայլում էինք, ու նա տեսավ աֆիշաները․ այդ ժամանակ գրում էին նաև արտիստի անունն ու ազգանունը: Հայրս ասաց․ «Սյուզի, մի օր կտեսնե՞մ քո ազգանունը պաստառի վրա գրված»: Այդ ժամանակ ես սովորում էի Պարարվեստի ուսումնարանում: Այդ խոսքերն իմ միտքը շատ զբաղեցրին:
Պուանտը փոխե՞ց քո կյանքը:
-Այո: Ե՛վ ուղիղ իմաստով, և՛ փոխաբերական: Երբ ասում ես բալետի պարուհի՝ հասկանում ես պուանտ: Եվ բոլոր պարերից բալետը տարբերվում է նրանով, որ կանգնած ես մատների ծայրերի վրա: Դա ինձ համար գեղեցկության գագաթնակետն է: Իհարկե, ցավ կա: Ցավ չի կարող չլինել, դժվարություն չի կարող չլինել: Բայց նպատակն ավելի բարձր է, քան սուր ցավը: Չկա մի բան բալետում, որ դժվար չլինի:
Հայրիկիդ զգացողությունները հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ քո նկարը և քո անուն-ազգանունը տեսավ պաստառի վրա:
-Շատ հետաքրքիր պատմություն կա, քանի որ ես ծնողներիս անակնկալ եմ արել: Առաջին ներկայացումը, որտեղ պարել եմ գլխավոր դեր, «Ժիզելն» էր: Պատկերացրեք իմ կամքի ուժը, որ փորձերի շրջանում ես տանը չեմ ասել, որ «Ժիզելում» գլխավոր դերն եմ պարելու: Երբ գալիս է ներկայացման օրը, ընտանիքիս անդամներին հրավիրում եմ թատրոն՝ ներկայացման: «Ժիզելում» մի հատված կա մենապար «Պա դե դե», և դեռևս երկրորդ կուրսից Օպերայում պարում էի այդ հատվածը: Հիմա չեմ կարծում, որ մեր ուսումնարանի երկրորդ կուրսի ուսանողները կկարողանան այդ «Պա դե դե»-ն պարել: Ինչևէ: Ներկայացման օրն ընտանիքիս անդամները կարծում էին, որ էլի այդ հատվածն եմ պարելու: Եվ իմ առաջին մուտքի ժամանակ, երբ Ժիզելն իր փոքրիկ տնից դուրս է գալիս, ծնողներս պատմում են, որ սկզբից չեն կարողացել ըմբռնել, որ այդ պարողը ես եմ: Կասկածում էին, որ գլխավոր դերակատարն իրենց աղջիկն է: Երբ ներկայացումից հետո թատրոնից դուրս եկանք, ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն-ազգանունն է գրված»:
«Սպարտակ» բալետ
2009 թվականին Երևանում մեծ իրադարձություն էր․ հանդիսատեսին ներկայացվեց Յուրի Գրիգարովիչի բեմադրությամբ «Սպարտակ» ներկայացումը: Այդ թվականից սկսած դու Ֆրիգիա ես պարում:
-Այո, 2009-ից Ֆրիգիա եմ պարում: Ես գիտակցաբար եմ մոտենում իմ դերերին ու մինչև ակունք հասնում եմ: Հետազոտում նաև մնացած դերերը, որպեսզի ճիշտ մատուցեմ դերը հանդիսատեսին: Բալետային ներկայացումներում Ֆրիգիան կանացի կերպարներից ամենահասունն է, հզորը, զգացմունքայինը, ուժեղը, քնքուշն ու հպարտը:
Կպատմե՞ս Գրիգարովիչի հետ աշխատանքի մասին:
-Հիանալի ժամանակ էր: Մենք շատ ժամանակ էինք անցկացնում Օպերային թատրոնում: Շատ տանջալից էր, բայց հիանալի էր ամեն ինչ: Ես շատ եմ սիրում տանջվել: Այդ ընթացքն ինձ դուր է գալիս: Չի ստացվում, չի ստացվում, մեկ էլ՝ ստացվում է: Այդ ստացվելու պահն ամենահավես պահն է: Գրիգարովիչը մեծ պրոֆեսիոնալ է, նրանից շատ բան եմ վերցրել: Մեծ հաճույք էր իր հետ աշխատելը: Երբեք փորձերի օրերն ու ժամերը չէին փոխվում: Մոտեցումը շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում:
Կա՞ր վախ, անհանգստություն:
-Իհարկե, ո՞նց կարող է չլինել, երբ դու համաշխարհային մակարդակի աստղի հետ ես աշխատում: Իհարկե կար և՛ անհանգստություն, և՛ վախ, և՛ հուզմունք, և՛ հպարտություն:
Գովեստի խոսքեր լսե՞լ ես իրենից:
-Այո, լսել եմ: Երբ որևէ հատված ստացվում էր, ասում էր՝ «Молодец, вот так»: Դա շատ էր ոգևորում: Ինձ համար շատ կարևոր է՝ ինչպես եմ ներկայացնում կերպարը: Ինչպես են տարբերելու իմ կերպարը: Ճիշտ է՝ ես «Գայանեին» կամ «Ֆրիգիային» եմ ներկայացնում, բայց ե՛ս եմ ներկայացնում՝ Սյուզի Փիրումյանն է ներկայացնում, և հանդիսատեսը շատ լավ հասկանում է դա:
Կասե՞ս այն առանձնահատկությունները, որոնցով դու ներկայանում ես ու որոնցով քո կերպարն առանձնանում է:
-Դա մի բան չէ: Ե՛վ Աաստծո տված բալետային տվյալներն են, և՛ քո ներքինը, և՛ որքան ես հետազոտել դերն ու ինչպես է քո հոգին տեսնում, ընդունում ու ընկալում «Գայանեին», «Կարմենին», «Կիտրիին»:
«Դոն Կիխոտ» բալետ
Խոսեցիր Կարմենի մասին: Գո՞հ ես մեր թատրոնում ներկայացվող «Կարմեն» բալետից:
-Շատ գոհ եմ, շատ եմ սիրում: Ու հենց այս վերջերս զրուցում էինք, թե ինչու խաղացանկում «Կարմենը» չկա: Շատ եմ սիրում այդ դերը: Շատ եմ կարոտել: Ներկայացումը երկար տևողություն չունի, ընդամենը 45 րոպե, բայց Կարմենի բարդագույն պարտիաներն են ներառված, որովհետև անդադար բեմում է: Պարում է 3 տղաների հետ էլ, ու մենապարեր էլ ունի:
Կիսատության զգացում չե՞ս ունենում բալետից: Հանդիսատեսից չե՞ս լսել, որ հաճախ ասում են, որ «Կարմեն» ներկայացումը լիարժեք չէ, զգեստներն այն չեն, դեկորները՝ նույնպես:
-Գիտեք, բողոքողներ միշտ կլինեն: Բայց ես միշտ հաճույք եմ ստանում Կարմեն պարելուց: Միգուցե դեկորները մի քիչ փոխվեն, ու դա թարմություն բերի: Իսկ բեմադրական առումով «Կարմենն» իդեալական է: Բեմադրությունը շատ եմ հավանում:
«Կարմեն» բալետ
Ասում են՝ յուրաքանչյուր կնոջ մեջ մի փոքր Կարմեն կա: Համաձա՞յն ես այդ մտքի հետ:
-Չեմ կարող ասել, երևի՝ ոչ: Շատ «չկարմեններ» տեսել ու տեսնում եմ հենց բնավորության առումով:
Ունե՞ս սիրելի դեր:
-Ինձ այս հարցը շատ են տվել, ու տարիներ շարունակ իմ պատասխանը չի փոխվում: Բոլոր դերերը սիրում եմ: Այն պահին որ դերը պարում եմ, դա ինձ համար ամենասիրելի դերն է:
Դու «Գայանե» ես պարել և՛ Մոսկվայի «Մեծ թատրոնում», և՛ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան թատրոնում»:
-Իմ բախտը շատ է բերել: Հուսով եմ՝ ամբողջ կյանքում էլ կբերի (Ծիծաղում է - Հեղ․): Ինչ վերաբերում է զգացողություններին՝ երջանկություն ու հպարտություն եմ զգացել: Գիտեք, կան պարողներ, որ 20 տարի նույն թատրոնում աշխատելով՝ էդպես էլ մեծ բեմերում չեն կարողանում պարել․․․ Կան պարողներ, որոնց մոտ դա չի ստացվում, կան պարողներ որոնց մոտ դա ստացվում է:
Դու դա ինչո՞վ ես պայմանավորում:
-Դա միայն բախտ բերել չէ, միայն հաջողություն չէ: Ինչ-որ տեղ ես առավել էի գտնվում այլ պարողներից, ու էլի շատ այլ հանգամանքներ:
«Բյուրեղապակյա դղյակ»
Սյուզի, դու նաև երկրորդ մասնագիտություն ունես: Ավարտել ես Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժինը:
-Արդեն մագիստրատուրան էլ:
Ասա, խնդրեմ, ինչո՞վ էր պայմանավորված այդ որոշումը: Բալետային կարիերայից հետո զբաղվել ռեժիսուրայո՞վ:
-Առաջին հերթին, մայրիկիս երազանքն էր, որ ես ունենամ բարձրագույն կրթություն, որովհետև Պարարվեստի ուսումնարանը նեղ մասնագիտական է և բարձրագույն կրթություն չի համարվում: Երբ բակալավրն ավարտեցի՝ մայրիկս համոզեց, որ մագիստրատուրան էլ ավարտեմ: Երբ ընդունվեցի մագիստրատուրա, առաջին բանը, որ արել եմ, մայրիկիս ասել եմ․ «Ուրիշ դիպլոմ չուզես ինձնից»: Այդ ժամանակ շատ էի հոգնում, ես երկու երեխա ունեմ, տան հոգսեր, թատրոնում փորձեր, ներկայացումներ ու նաև դասեր:
Ռեժիսորի մասնագիտությունը քեզ օգնո՞ւմ է բեմում:
-Այո, շատ: Ես ինքս սկսեցի ներկայացումներ բեմադրել: Առաջ դա ինձ համար անհասկանալի կախարդական բան էր թվում, թե ինչպես կարող են նստել ու ինչ-որ բան հորինել: Ես դա կարողացա անել: Ամենամեծ գործս Ղազարոս Աղայանի «Անահիտ» ներկայացումն է: 45 րոպեանոց գործ է, որը բեմադրվեց, և հենց Оպերային թատրոնում էլ մեր քննությունը հանձնեցինք:
Ապագայում քեզ տեսնո՞ւմ ես ռեժիսորի կարգավիճակում, ներկայացումներ բեմադրելիս:
-Գիտեք, հիմա այդ մասին շատ չեմ մտածում: Զբաղվածությունս դեռ պարելու մեջ շատ է: Բայց կարելի է փորձել:
Սյուզի Փիրումյանը՝ որդու հետ
Քո որդին էլ է շարունակում քո մասնագիտությունը: Սովորաբար, արվեստի մարդիկ հիմնականում չեն ցանկանում, որ իրենց երեխաներն անցնեն նույն դժվարությունների միջոցով:
-Որդիս շատ լավ տվյալներ ունի: Ամուսնուս համոզեցի, որ գնա Պարարվեստի ուսումնարան: Երբ կավարտի, արդեն կորոշի՝ ի՞նչ է ցանկանում դառնալ: Բայց ես գիտեմ դա ինչ է, անհնար է արվեստից դուրս գալ: Եթե երեխան հասկացավ, որ ինքը սիրում է, ինչ ուզում եք արեք, նա այլևս չի հրաժարվի: Ասում են՝ եթե Աստված տվել է քեզ որևէ շնորհք, ճիշտ է, որ դու դրանով զբաղվես: Մի քանի օր առաջ որդուս ճանապարհեցինք Շվեյցարիա: Բազելի դպրոցից նա հրավեր է ստացել ու կրթաթոշակ շահել:
Ի՞նչ սպասումներ ունես նրանից:
-Շատ բարդ հարց եք տալիս, թե մայրն իր երեխայից ինչ սպասելիքներ ունի: Ամենամեծ սպասումներն ունեմ: Երևի ճիշտ կլինի իմ ցանկությունն ասեմ: Այն է, որ նա բալետային աշխարհից քաղի որքան հնարավոր է շատ բան, որովհետև կարիերան շուտ է ավարտվում: Քաղի և հաճույքը վայելի:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Կարող եք կարդալ նաև՝
Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ
Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ
Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել
Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել