Logo

Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:15 / 10.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

Այսօր VNews Culture-ի զրուցակիցն է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը։

Րաֆֆի, հարցազրույցին նախապատրաստվելիս քո կենսագրությունն էի փնտրում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կայքում, սակայն ապարդյուն:

-Իմ կենսագրությունը «Վիքիպեդիայում» կարող եք գտնել: Օպերայի կայքի հետ կապված, ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչու դեռ չկա:

Քեզ համար կարևո՞ր է, որ հանդիսատեսն իմանա քո, քո անցած ճանապարհի մասին:

-Հանդիսատեսը պետք է իմանա, ճանաչի: Դա շատ կարևոր է: Նաև հաճելի է, երբ քեզ ճանաչում են, հետաքրքրվում են քեզնով:

Հանրային անձնավորություն քեզ համարո՞ւմ ես:

-Ինչ-որ չափով այո, որովհետև ներկայացնում եմ Հայաստանի միակ բալետային թատրոնը, և մենք այսօրվա թատրոնի կարկառուն ներկայացուցիչներն ենք:

Ո՞ր պահից զգացիր, որ հանրային կերպար ես, որ քեզ ճանաչում են:

-«Գայանե» բալետում էի պարում: Ներկայացումից հետո ընկերոջս հետ գնացինք ինչ-որ տեղ հաց ուտելու: Մեկ էլ աշխատողը մոտեցավ՝ բա` «Ձեզ են հարցնում»: Երկու հոգի էին, ասացին, որ ներկա են եղել  ներկայացմանն ու ինձ ճանաչել են: Միասին նկարվեցինք: Տասնյոթ տարեկան էի, ընդհանրապես չէի հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Հետո ներկայացումից ներկայացում մարդիկ սկսեցին ճանաչել, հետաքրքրվել, գրում են ինձ:

Ճանաչված լինելը փոխո՞ւմ է քո վարքագիծը դրսում:

-Վայ չէ, ընդհանրապես: Ինձ վատ ճանաչողները մտածում են, թե ես գոռոզ եմ, մեծամիտ: Բայց մի գաղտնիք բացեմ` դա կապված է իմ տեսողության հետ, ես շատ վատ եմ տեսնում: Պատահում է, որ փողոցում մտերիմ ընկերս էլ անցնում է կողքովս, ու ես չեմ տեսնում: Ու շատերը դա վերագրում են մեծամտությանը: Իսկ ինչ վերաբերում է, որ փոխվեմ, չէ՛, ինձ ոչինչ չի փոխում, քանի որ ես հասարակ մարդ եմ, իմ մտերիմներն ինձ շատ լավ գիտեն ու գիտեն, որ ես սիրում եմ ամեն ինչի հասարակը:

Իսկ վատ տեսողությունը քեզ չի՞ խանգարում բեմում:

-Իմ զգացողականը շատ զարգացած է, ու դրա հաշվին կարողանում եմ պարել: Բայց արդեն տասը օր է՝ լինզաներ եմ դնում, արդեն երկու ներկայացում լինզաներով եմ պարել ու կարողացել եմ այդ խնդիրը հաղթահարել:

Կա՞ քո կենսագրության մեջ իրադարձություն, որը շատ կարևոր է քեզ համար, որով դու հպարտանում ես ու ասում՝ «ա՛յ սրա համար ես հպարտանում եմ, կամ սա փոխեց իմ կյանքը»:

-Իհարկե, կա: Իմ կյանքը փոխվեց տասնամյակիս, երբ մեզ հյուր եկավ Վանուշ Խանամիրյանն ու մորիցս պահանջեց, որ ինձ տանի Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Այդ խորհուրդն ու որոշումը լիովին փոխեցին իմ կյանքը, որովհետև մինչ այդ ես ունեի այլ պատկերացումներ: Մարդիկ տիեզերագնաց էին ուզում դառնալ, իսկ ես ուզում էի նախագահ դառնալ, բայց դարձա բալետի արտիստ: Մեծ իրադարձություն էր թե՛ քոլեջ ընդունվելը, թե՛ թատրոն ընդունվելը, մրցույթներին մասնակցելը, հետո արդեն այս հսկայական ու անվանի թատրոնի դեմք դառնալը:

Ինձ համար մեծ իրադարձություն է մարդ մնալը:

Դու գիտակցվա՞ծ ես գնացել պարարվեստի քոլեջ՝ հստակ իմանալով, որ պետք է բալետի արտիստ դառնաս, թե՞ ուղղակի քեզ ասել էին, որ ունես լավ տվյալներ ու դու այդպես որոշել էիր:

-Իրականում այդ ժամանակ ես շատ վատ տվյալներ եմ ունեցել: Հիմա ինչ-որ չափով ձեռք եմ բերել: Ինձ անգամ պայմանական էին ուզում վերցնել քոլեջ: Բայց քանի որ տղա պարողի պակաս միշտ կա, դա հաշվի առնելով ինձ վերցրին: Ու ես էլ բնավորության մի գիծ ունեմ՝ այն, ինչ անում եմ, պետք է լավ անեմ: Սկզբում ընդհանրապես պատկերացում չունեի, թե ինչ է նշանակում բալետի արտիստ լինելը: Ինձ սկզբում գերել էր անսովոր միջավայրը, պարային համազգեստով աղջիկները, խիստ դիսցիպլինան, կանոնները: Հետո արդեն ընկերներ, արկածներ․․․

Տրիկոյին հե՞շտ ես հարմարվել: Ասում են՝ տղա պարողներն ամենաբարդը տրիկո կրելուն են հարմարվում:

-Ես չէի ասի նման բան: Դա երևի այն մարդիկ են ասում, որ տեղյակ չեն ու կյանքում երբեք բալետային որևէ ներկայացում չեն դիտել:  Տրիկոն գեղեցկություն է, կատարելություն, ընդգծում է քո մարմնի յուրաքանչյուր մկանը: Տրիկո կրելու հետ կապված ոչ մի կարծրատիպ չկա:

Քանի՞ տարեկանում ես ընդունվել թատրոն:

-Տասնյոթ, ու առաջին կերպարս «Դիմակահանդես» բալետում Զվեզդիչի կերպարն էր: Ներկայացումը հոբելյանական էր՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյանը, և ես շատ ուրախ եմ, որ իմ մուտքը թատրոն հենց այդ բալետով է սկսվել:

«Դիմակահանդես» բալետ


Այժմ դու 22 տարեկան ես ու թատրոնի առաջատար մենապարող ես: Երբ առաջին անգամ մտար թատրոն, կպատկերացնեի՞ր, որ հինգ տարի անց նման արդյունքներ ես ունենալու:

-Այո, ես դրան էի գնում: Երբ փոքր էի ու նոր էի ընդունվել Պարարվեստի պետական քոլեջ, առաջին անգամ տեսա «Սպարտակ» բալետը, ու սերը դեպի բալետը հենց այդ ներկայացումից առաջացավ: Մարդիկ դահլիճում հոտնկայս ծափահարում էին, ու ես միշտ պատկերացնում էի, որ ես էլ պետք է լինեմ այդտեղ, ինձ էլ պետք է այդպես ծափահարեն: «Սպարտակ»-ը մոտիվացիա է եղել, որ ես հասնեմ լավ արդյունքի: Երբ կա նպատակասլացություն՝ ամեն ինչի կարող ես հասնել, անգամ ձեռք բերել տվյալներ: Ցածր դասարաններում ես ամենաշատ «քրտնողն» եմ եղել․ դա բոլորն էին տեսնում: Բալետի համար միայն հասակ ունեի ու մի փոքր տեսք: Մինչդեռ շատ այլ տվյալներ են պետք՝ թաթ, կիսամատներ, երկար ոտքեր, համաչափ մարմին, նորմալ տեսք: Որքան հնարավոր է եղել, այդ բոլոր մանրուքների վրա աշխատել եմ: Մինչ օրս աշխատում եմ, որովհետև մենք ամեն օր քանդակում ենք մեր մարմինը:

Ես ճի՞շտ եմ հիշում, որ դու 18 տարեկանում ես առաջին անգամ «Սպարտակ» պարել:

-Այո։ Երբ փոքր ես, ձգտում ես ամեն ինչ հասցնել պարել: Երբ ասացին, որ պետք է «Սպարտակ» պարեմ, իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Տասը օրվա ընթացքում եմ դերը կերտել: Միայն տեսողականով անգիր գիտեի Սպարտակի պարտիաները: Պարեցի ներկայացումը: Ընկերներս ասացին՝ «դու տարար ներկայացումը, բայց շատ աճելու տեղ ունես»: Անկեղծ ասած՝ շատ վրդովվեցի, մտքումս ասացի՝ «ո՞նց թե շատ աճելու տեղ ունես, այսինքն՝ լավ չէ՞ր»: Մտորումների մեջ էի ընկել: Որոշ ժամանակ անց «Սպարտակը» դուրս եկավ խաղացանկից ու նախորդ տարի աշնանը նորից վերաբեմադրվեց, ու պրեմիերան ես բացեցի: Ու հիմա ես նայում եմ այդ պարի և տարիներ առաջվա պարի տեսանյութերն ու ինքս ինձ ասում՝ «էս ի՞նչ եմ արել ես, ո՞վ է ինձ բեմ թողել»: Ես հասկացա, որ միշտ զարգանալու, միշտ աճելու տեղ ունեմ: Հինգ տարի հետո, եթե ես նայեմ իմ ներկայիս պարի տեսանյութերը, էլի ասելու եմ՝ «Ո՞վ է ինձ բեմ թողել»:

«Սպարտակ» բալետ


Ունե՞ս նշաձող:

-Նշաձողի անունը դնենք անվերջություն, որովհետև ես միշտ փորձում եմ հասնել ավելիին, միշտ ձգտում եմ կատարելության: Չնայած դժվար է հասնել կատարելության, բայց միշտ պետք է ձգտել:

Ունե՞ս սիրած հատված «Սպարտակից»:

-Ամբողջ բալետն եմ շատ սիրում, հետո գուցե փոխվի տրամադրությունս ու այլ հատված սիրեմ, բայց այս պահին ամենասիրելի հատվածը վերջին մենամարտն է: Անբացատրելի զգացողություն է, երբ քո զորքը կռվում է Կրասոսի զորքի դեմ, ու դու ես մտնում բեմ ու վիրավորվում ես: Մեր Ռուբեն Մուրադյանը շատ հետաքրքիր մեկնաբանություն ունի: Ասում է՝ կռվում է զորքը, ու առյուծը մտնում է բեմ ու վիրավորվում: Վիրավոր առյուծից անգամ բոլորը վախենում են, ու հարյուր հոգի իր կողքը հավաքված՝ իրեն սպանում են: Սպարտակն այդ առյուծն է, որ մենակով պայքարում է բոլորի դեմ: Սպարտակը շատ խորը կերպար է, Սպարտակն ամեն ինչ է, նա  հասուն տղամարդ է: Մենախոսություններ կան, որտեղ նա մեծ ասելիք ունի: Մի տեղ նա ընկերոջն է սպանել, քանի որ գլադիատոր է․ աչքերը փակ կռվում է ու հետո տեսնում, որ ինքը ողջ է մնացել, իսկ ընկերոջը՝ սպանել: Ձեռքերով, խորեոգրաֆիայի լուծումներով այդ ասելիքը պետք է փոխանցել: Ապրումները շատ են: Մի տեղ ազատության է ձգտում,  մի տեղ ստրուկ է, մի տեղ ազատվել է շղթաներից, մի տեղ ապստամբում է, մի տեղ Ֆրիգիայի հետ սիրո տեսարանն է: Բազմաշերտ կերպար է:

«Սպարտակ» բալետ


Բալետում, բացի տեխնիկայից ու պարից, նաև շատ կարևոր է դիմախաղը: Դու այն արտիստներից ես, որոնք շատ լավ են կարողանում դիմախաղով ներկայացնել ապրումներն ու փոխանցում ասելիքը:

-Սրտիցս էր Ձեր խոսքը (ծիծաղում է – Հեղ): Մարդ կա՝ ասում է, որ պետք է մարմնով խաղաս: Ես համամիտ եմ միանշանակ, բայց, ըստ իս, շատ կարևոր է նաև դիմախաղը: Ճիշտ է, մենք տեսախցիկի առաջ նստած չենք, որ դիմախաղը ցույց տանք, բայց մենք դերասան ենք: Պարը, մնջախաղը, սպորտը միասին՝ բալետ է, ու դիմախաղն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դրանով ասելիքն ավելի լավ է տեղ հասնում: Հանդիսատեսն ազդվում է դիմախաղից, ու պետք է դեմքի յուրաքանչյուր գիծն օգտագործել: Ես սիրում եմ, երբ այդ դիմախաղը, իհարկե, էսթետիկան պահելով, լինում է կենցաղային, ավելի իրականությանը մոտ, ավելի համոզիչ, որ չերևա, որ դու խաղում ես: Ես բեմում, իհարկե, ապրում եմ դերը, բայց միշտ հիշում եմ, որ ես Րաֆֆին եմ, ես Սպարտակը չեմ: Միգուցե ազդեցության տակ ուժեղ հրեմ կամ հարվածեմ, բայց ես չեմ կորցնում գիտակցությունս բեմում:

Կա՞ն դերեր, որոնց մասին երազում ես:

-Բեմում երբեք չեմ երազում, բեմում իմ առաջ միշտ նպատակներ եմ դնում: Երազանքները հիմնականում կապված են անձնական կյանքի հետ:  Դերերից ամենակարևորը ես արդեն պարում եմ․ դա Սպարտակն է: Շատ սիրում եմ Արբենինի կերպարը «Դիմակահանդես» բալետում: Արբենին ես մարմնավորել եմ մեկ անգամ,  շատ երկար ու խորն եմ պատրաստվել: «Դիմակահանդեսի» մասին բոլոր ֆիլմերը դիտել եմ: Նույն կադրը տասն անգամ հետ ու առաջ եմ տվել, որ կարողանամ կերպարը հասկանալ, խոսքը, դիմախաղը: Մի հատված կա՝ Արբենինն ասում է, որ ուրիշներն էին սպասում իրենց կնոջը, հիմա ինքն է սպասում իր կնոջը: Ու ես երկար մտածում էի՝ ի՞նչ դիմախաղով, ի՞նչ ապրումներով ցույց տամ բեմում Արբենինի ողբերգությունը: Ու ներկայացման մեջ խելագարվելու տեսարան կա, որտեղ իմպրովիզ եմ անում ու, ձեր ասած, նաև դիմախաղով եմ ցույց տալիս կերպարի ամբողջ խորությունը, ու ներկայացումից հետո իմ շատ գործընկերներ ասացին, որ հուզվել էին իմ ասելիքից: Շատ հոգեհարազատ է Արբենինի կերպարը: Գուցե սանրվածքը, գուցե բակերը, գուցե ֆրակը, գուցե իր հոգեվիճակը:

«Դիմակահանդես» բալետ


Ավելի հեշտ է դրամատիկ դեր խաղա՞լ, թե՞ կատակերգություն, օրինակ՝ «Չիպոլինո» ներկայացման մեջ Կոմս Բալի կերպարը:

-«Չիպոլինոն» իմ կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ հենց Կոմս Բալի կերպարի համար ստացա «Արտավազդ» մրցանակը: Ինձ համար շատ անսպասելի էր ու նաև շատ հաճելի այդ մրցանակը: «Չիպոլինոյի» պրեմիերային նախապատրաստվելիս ես հատուկ ոչինչ չէի պլանավորել: Պրեմիերայի օրը բեմում մուսան եկավ: Զգացի, որ իմ շարժումների, դիմախաղի վրա երեխաները ծիծաղում են: Ու ակտերից մեկի ժամանակ ես կուլիսներում էի, ուշանում էի իմ պարտիայից ու բեմ մտա Մայքլ Ջեքսոնի հայտնի «լուսնային քայլվածքով»: Անկախ ինձնից դա ստացվեց ու տեսա, թե ինչպես դահլիճում ծիծաղի ալիք բարձրացավ: Հետո, ներկայացումից ներկայացում արդեն բացվեցի ու կերպարս զարգացրի: Աշխատում եմ չկրկնել այն, ինչ արել եմ նախորդ ներկայացման մեջ: Ինչ-որ առանձնացող ու արդեն սիրված դրվագներ թողել եմ, որ հետաքրքիր լինի, բայց ամեն անգամ փորձում եմ մի նոր բան կերպարի մեջ մտցնել: Ու շատերն ինձ հարցնում են՝ «ներկայացմանը «լուսնային քայլվածքն» անելո՞ւ ես, թե՞ ոչ»: Մարդկանց ուրախություն ու ակտիվություն է պակասում, ու ես սիրով եմ ուրախություն պարգևում հանդիսատեսին:

«Չիպոլինո» բալետ


Ունենո՞ւմ ես ստեղծագործական ճգնաժամեր:

-Երբեմն՝ փորձերի ժամանակ: Ինձ հետ կապված ճգնաժամերը պայմանավորված են առողջության հետ, որ բազմաթիվ վնասվածքներ ունեմ ու բժիշկների դռներից էս կողմ չեմ գալիս: Լինում է, որ արթնանում եմ ու զգում, որ մեջքս ցավում է, ոտքերս ցավում են: Մտնում եմ դահլիճ՝ տրամադրություն չկա պարելու, բայց փորձում եմ ինչ-որ բան անել: Իմ ճգնաժամը դրանով է պայմանավորված, քանի որ մարմինս անընդհատ ցավում է, ու հաճախ ցավազրկող խմելով կամ ներարկում անելով եմ մտնում բեմ: Վերջին շրջանում հիմականում ներարկումներով էի պարում, քանի որ ֆիզիկապես չէի կարողանում պարել:

Եթե հնարավորություն ունենայիր բալետում ինչ-որ բան փոխելու, ի՞նչը կփոխեիր:

-Բալետային արվեստը կատարյալ է, ու ես շատ փոքր մարդ եմ, որ այդ կատարելության մեջ փորձեմ ինչ-որ բան փոխել: Իսկ մեր թատրոնում ես կուզեի, որ սերը բալետի հանդեպ ավելանար: Ոչ թե քիչ է, այլ ես կուզեի ավելի ու ավելի շատանար, ու նաև ներկայացումների թիվն ավելանար:

«Ռոմեո և Ջուլիետ» բալետ


Ասում են՝ բալետը հակասական մասնագիտություն է: Դու միաժամանակ և՛ ատում ես, և՛ սիրում: Ատում, որովհետև մարմինդ անընդհատ ցավում է, պարապմունքները նմանվում են տանջանքի, իսկ սիրում, որովհետև բեմում ներկայացնում ես գեղեցկություն ու էսթետիկա:

-Ատել՝ չէի ասի, չնայած մենք երբեմն օգտագործում ենք այդ բառը, ասում ենք՝ «վայ, էս ի՞նչ է, էս ի՞նչ դժվար է, անշնորհակալ գործ է», բայց որքան էլ ասում ենք, գիտենք, որ մենք մեզ խաբում ենք: Ցավերի միջով ենք անցնում, բայց գիտենք, որ մենք ամենագեղեցիկ, ամենաչքնաղ գործն ենք անում: Այդ պահին էմոցիաները, ֆիզիկական ցավը, վնասվածքներն են խոսում: Բայց հինգ րոպե հետո, երբ դուրս ենք գալիս շենքից, նայում ենք թատրոնին ու ասում՝ «Երանի ինձ, որ աշխատում եմ այստեղ»․․․

 

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը

 

Կարող եք կարդալ նաև՝ 

Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ

Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել

Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել  

 

 

   

fastnews-ads-banner