Բրիտանական Queen ռոք խումբը հրապարակել է Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ երգ. սինգլը նախկինում չի թողարկվել: Երգը կոչվում է «Face It Alone»: Հոլովակը հայտնվել է նաև Queen-ի YouTube-ի պաշտոնական ալիքում։
Խմբի անդամներ Ռոջեր Թեյլորը և Բրայան Մեյն այս ամառ են հայտնաբերել երգը: Նրանց խոսքով՝ երգը կարծես «թաքնված էր բոլորի աչքի առաջ»։ Երաժիշտները սինգլը բնութագրել են որպես «շատ հուզիչ և գեղեցիկ»՝ այն անվանելով «իսկական հայտնագործություն»։
«Face It Alone»-ը վինիլային տարբերակով կթողարկվի նոյեմբերի 18-ին: Թրեքը կներառվի նաև Queen-ի տասներեքերորդ ստուդիական ալբոմում՝ «The Miracle»-ում՝ սահմանափակ տպաքանակով: Բացի «Face It Alone»-ից, ալբոմում կներառվի նախկինում չհրապարակված 6 այլ երգ։