Logo

Պերճ Զեյթունցյան [հատվածներ «Վերջին արևագալը» վեպից]

Հեղինակ
Զառա Սարգսյան
18:01 / 18.07.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հատվածներ Պերճ Զեյթունցյանի «Վերջին արևագալը» վեպից, որը նվիրված է Գրիգոր Զոհրապի կյանքին և գործունեությանը և մարմնավորում է գրական մի ամբողջ սերնդի և մի ամբողջ ժողովրդի ողբերգություն․․․ 

* * *

Հնչեց դռան զանգը: Զոհրապը դուրս եկավ սենյակից: Տեսավ ոստիկանապետ Քել Օսմանին, երկու սպայի ու չորս ոստիկանի: Մի մարդու համար շատ չէ՞ր յոթ հոգին: Արդյոք ասի՞ Քել Օսմանին, որ աշխարհի բոլոր սահմանադրական երկրներում պառլամենտի անդամը անձեռնմխելի անձ է, թե՞ թող այսպես անգրագետ ու անտեղյակ էլ ապրի: Լավ էր ճանաչում ոստիկանապետին: Քանի-քանի անգամ հինգ ոսկիանոց թղթադրամ էր խոթել նրա գրպանը և օրհնանքի ի¯նչ խոսքեր լսել: Իսկ հիմա այնպես է իրեն պահում, կարծես առաջին անգամն է տեսնում Զոհրապ էֆենդուն: Կլարան, դուստրերը, Խաչիկը և խոհարար Մկրտիչը իրար պինդ կպած կանգնել էին անկյունում: Չնայեց նրանց, չուզեց տեսնել աղջիկների սարսափահար աչքերը: Որպեսզի գոնե իր վերջին ուժերը կարողանա պահպանել: 

- Դո՞ւ ես Գրիգոր Զոհրապը, - հարցրեց Քել Օսմանը: 

- Այո, ես եմ մեբուս Գրիգոր Զոհրապը: Իսկ դու Քել Օսմանը չե՞ս: 

«Քել» թուրքերեն նշանակում էր ճաղատ: Զոհրապը չկարողացավ նրանց ստիպել, որ գոնե ժպտային իրենց պետի մականվան վրա: Ուզում էր խայթել, հեգնել, ծաղրել Քել Օսմանին` դեռ երեկ հավատարիմ շան պես իր շուրջը պտտվող, քծնող ու ծառայամիտ այս ոստիկանապետին: Նրանք քրքրում էին գրասեղանի գզրոցները, գրադարանը, որովհետև այն ամենը, ինչ ծավալ ունի, կարող էր վտանգ թաքցնել սահմանադրական կայսրության համար: Ոստիկաններն արդեն հասցրել էին լցնել իրենց հետ բերած տոպրակները: Զոհրապի թղթերն էին հավաքել, որովհետև ամենավտանգավորը մտքերն են, և ոչ թե զենքը: Զոհրապը վերջին անգամ նայեց իր հարազատներին: Հարկավոր էր մի բան ասել, գոնե մի քիչ Զոհրապ դառնալ: Երբ մի պահ ետ ընկավ ու առանձին մնաց Քել Օսմանի հետ, տասը ոսկիանոց մի թղթադրամ խոթեց ոստիկանի գրպանը: Օսմանը չմերժեց և թույլ տվեց, որ էֆենդին էլի առաջվա պես շռայլ լինի: 

* * *
Մոր ամենամեծ զենքն արցունքն է: Ո՛չ խոսքը, ո՛չ խրատը, ո՛չ տրամաբանությունը, ո՛չ սպառնալիքը չեն կարող այն արդյունքին հասնել, ինչ ընդամենը աղից ու ջրից բաղկացած մայրական արցունքը:

* * *

Զոհրապը շշմած էր հատկապես այն փաստից, որ ապրիլի 24-ին ձերբակալման ենթակա որոշ անձինք տանը չեն եղել և, փոխանակ օգտվելու երջանիկ այդ պատահականությունից ու փախչելու, կամավոր ներկայացել են ոստիկանատուն: Ի՞նչ անուն տալ այս օրինապահությանը կամ իրենց ազգակիցների ճակատագիրը կիսելու այս ներքին հրամայականին, դարձյա՞լ բարոյականություն: Զոհրապը երկար տանջվեց այդ հանելուկի վրա և ի վերջո համոզվեց, որ որքան էլ այսօր հասկացությունները խեղաթյուրված լինեն, որքան էլ այդ մի քանի հայերի արարքը կարճամտություն ու կարճատեսություն թվա, միևնույն է, հիմքը դարձյալ մնում է բարոյականությունը: Որովհետև այդ ե՞րբ է բարոյականությունը հենց գործադրման պահին ընկալվել իր բուն անունով, ընդհակառակը՝ միշտ էլ թվացել է հիմարություն: Միայն հետո, շատ հետո այդ չակերտավոր հիմարություններն իմաստավորվել են և ընկալվել որպես բարձր բարոյականության օրինակներ:

* * *

Վարուժանը սիրով ու խանդաղատանքով նայեց իր կրտսեր ընկերոջը: Կրտսեր էր, հապա ի՞նչ էր, մեկ տարով փոքր էր իրենից: Թուրքից չէր վախենում, մահից չէր վախենում, իսկ մկից վախենում էր: Պահեր կան, երբ սիրելի մարդը հանկարծ է՛լ ավելի սիրելի է դառնում, և սա հենց այդ պահն էր: Ջահելության, միամտության, մաքրության ճիչ էր դա, որ Վարուժանը որսաց՝ իր մեկ տարվա ավագության իրավունքով:

* * *

... Զոհրապը սարսափով գլխի ընկավ, որ ինչքան անհեթեթ դառնա պատկերը, այնքան ավելի վատ, որովհետև անհեթեթությունը հայի ճակատագրի տրամաբանությունն է: Եթե աշխարհի այս դժոխային իրարանցման մեջ գեթ մի կտոր տրամաբանություն լիներ, Զոհրապը չէր սոսկա իր ժողովրդի ապագայի համար:

* * *

Կարոտի զգացումը, անշուշտ, բոլորին է հատուկ, անխտիր բոլորին, բայց հայկական կարոտի մեջ ինչ-որ նստած, հիմնավոր և խորը բան կա, մի տեսակ ծերունական երանգ, որ ինչքան էլ քերես՝ եղունգով, դանակով, խարտոցով, միևնույնն է, չի անցնի: Բոլորիս մեջ էլ մի կարոտ կա, մշտական, խոր արմատներով, երբեք չմաշվող, երբեք չսպիացող:

* * *

– Է՜, Դանիել,- գլուխը, հուսահատ, ճաղերին դրեց Սևակը: - Ե՞րբ պիտի այս ժողովուրդը սորվի մարդկայնորեն կատղիլ... Ե՞րբ...

* * *
Զոհերի թիվը, ինչպես միշտ, ինչպես ամենուրեք հաշվվում էին մոտավորապես, հաշվվում էին, մեղա՜, մեղա՜ նրանց հիշատակին «աչքաչափով»... Բայց ինչո՞ւ... Ինչո՞ւ մոտավորապես... Ամեն մարդ մի աշխարհ է, տիեզերքի մի մեծ գաղտնիք, ամեն մարդ՝ առանձին-առանձին վերցրած... Եվ այս մոտավորապեսի մեջ որքան աշխարհներ են երկրորդ անգամ փլուզվում, ոտնահարվում, յոթնապատիկ խոցվում և հիշատակներն անգամ աղտոտվում... Մոտավորապես... Երբ մարդու մահը մոտավոր չափում չունի և չի ունեցել երբեք...
Մինչդեռ ամեն պատերազմ, ամեն ցեղասպանություն մարդկային կյանքը հաշվում և գնահատում է հենց այսպես՝ մոտավորապես, ու այս մոտավոր հաշվումի մեջ ի հայտ է գալիս ողբերգության մռայլ ու սև էությունը...

* * *
Հյուրանոցի դատարկ միջանցքում Զոհրապն ու Թալեաթը հայտնվեցին դեմ-դիմաց: 
- Վստահ եղիր, Թալեա՛թ, մի օր հաշիվ պիտի պահանջվի ձեզանից, և դուք չպիտի կարողանաք արդարացնել ձեր ոճիրները: Ասաց ու զարմանալի մի խաղաղություն իջավ հոգու վրա: Կարծես ամբողջ կյանքն ապրել էր այդ մի հատիկ նախադասությունն ասելու համար: 

* * *

Ռուբեն Սևակը և Դանիել Վարուժանը աքսորի ժամանակ 

- Հիմա ի՞նչ կուզեիր Դանիել, - դարձյալ իրենց անկյունում էին ծվարել Վարուժանն ու Սևակը: - Ի՞նչ հրաշք ըլլար...

- Կկարծես մեծ բանե՞ր պիտի երազեմ, - ժպտալու փորձ արեց Վարուժանը: - Լոգարան տանեին... Մաքուր սպիտակեղեն, նոր շապիկ, փափուկ անկողին... Մեկ հատ ալ թաշկինակ... Աս է հիմա ինծի համար հրաշքը...

- Իսկ ես գիտե՞ս ինչ կուզեի, - ոգևորվեց Սևակը: - Կուզեմ հիմա Զոհրապի քովն ըլլալ... Աչքովս տեսնել, թե ինչպես ինքը պատին սեղմած է Թալեաթ փաշային...

... «Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Տեր ողորմեա, Ամենասուրբ երրորդություն, Տո¯ւր աշխարհիս խաղաղություն...»: - Կոմիտասն է, Դանիել, - հանկարծ երջանիկ ճչաց Ռուբենը: Հարևան բանտից, որ նույնպիսի մի ախոռ էր, մեղմ լսվում էր աքսորյալների տխուր «Տեր ողորմեան»: Մեկը մյուսից վարակված, մեկը մյուսից ուժ առած բարձրացրին ձայները, ու երկու բանտերը միացան իրար: - Սա իր վերջին երգչախումբն է, - հուզմունքից Սևակն ամուր բռնել էր ընկերոջ թևից: - Ամենաանվարժը, բայց ամենահանճարեղը... 
 

fastnews-ads-banner