Logo

«Զագսավորվել ենք 1 տարի առաջ, հարսանիքը՝ շուտով»․ Լևոն և Էվելինա

01:28 / 01.04.2025Լուրեր
null

Լևոն Մկրտչյանը հեռւոստադիտողին հայտնի դարձավ «Վերջին զանգը» սերիալից։ Դերասանի անձնական կյանքն առավել բուռն քննարկվեց, երբ համացանցում հայտնվեցին նրա և սիրելիի՝ Էվելինա Ստեփանյանի համատեղ լուսանկարները։ Դերասան ամուսինները հյուրընկալվել են Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM ՍԷՐ» հաղորդմանն ու խոսել դժվարությամբ տրված սիրուց, սպասվող հարսանիքից և ընտանիքից։ 

Սեր առաջին հայացքից

Լևոն Մկրտչյան - Հանդիպել ենք 17 տարեկանում՝ համալսարան ընդունվելիս։ Այնպես էր ստացվել, որ նույն օրը, նույն ժամին քննության էինք։ Ես նրան միանգամից եմ նկատել։ Նրա գեղեցկությունը, պահվածքը շատ տարբերվող էր։ Այդ ժամանակ քայլ չարեցի։ Իմ կյանքում աղջիկ կար, ում հետ երկար ժամանակ շփվեցինք, բայց չհասկացանք իրար։ Հետո տեսա Էվկային ու միանգամից ինքս ինձ ասացի «ինքն ա»։ Սկսեցի քայլեր անել ու սկսեց մեր շփումը։ Երկրորդ կուրսից սկսեցինք հանդիպել։ Դասերին այնքան էինք խոսում՝ դասախոսներն ասում էին՝ լռե՛ք։ 7 ամիս կոնֆետներով «Է» տառ էի սարքում, նվիրում, հետո՝ ծաղիկներ։ Մի քանի ամիս շփումից հետո զգացմունքներս ավելի խորացան։ Էվկային տեսնելիս հալվում էի։ Հետագայում դա վերածվեց մեծ սիրո։ 

Էվելինա Ստեփանյան - Ինձ մոտ սեր էր առաջին հայացքից։ Գաղտնիք չէ, որ Լևոնը շատ հմայիչ տղամարդ է։ Սիրտս չդիմացավ նրա հմայքին (ծիծաղում է, - հեղ․)։ Մինչև նրան հանդիպելը ունեի ոսկե կանոն՝ չընտրել դերասան տղամարդու որպես կյանքի ուղեկից։ Միշտ մտածել եմ, որ դերասանները շատ էմոցիոնալ ու խոցելի են, իսկ ես իմ կողքին պատկերացրել եմ ամուր տղամարդ։ Բայց Լևոնը կոտրեց իմ հորինած ստանդարտները։ Ամբողջ համալսարանում Լևոնը միակն էր, որ գրավեց ինձ։ Տարվեցի նրանով։ 7 տարի ընկերություն ենք արել։ Ամեն ինչ տրամաբանորեն ընթացել է։ Սկզբում ուսանողներ էինք, հետո Լևոնը գնաց բանակ, հետո կարիերա և հիմա եկել է այդ պահը։ Լևոնն այն տղամարդկանցից է, որ պիտի ամուր կանգնի իր ոտքերի վրա և պատասխանատվություն կրի իր ընտանիքի համար։ Տունն էլ, բարեբախտաբար, արդեն ունենք։ Պատրաստ ենք ամուսնության։

Լևոն Մկրտչյան - ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցել ենք 1 տարի առաջ։ Մեր տունը գնելու համար դա անհրաժեշտ էր։ Հարսանիքը՝ շուտով։

Բաժանում չի լինում

Էվելինա Ստեփանյան - Երբ որևէ բան շատ ես ուզում, տվյալ նպատակին հասնելու գործընթացն ավելի հաճելի է, քան բուն նպատակը։ Երբ հասնում ես նպատակակետին, այդ ամենը դառնում է անհետաքրքիր։ Ինձ համար ռոմանտիկ հարաբերությունների շրջանը հետաքրքիր էր, բայց հարաբերություններ սկսելուն պես հասկացա, որ դա ինձ այս պահին պետք չէ։ Լևոնը որոշեց, որ բաժանվում ենք։ Մտքիցս հանել էի, որ նարավոր է միասին լինենք։ Մի քանի ամիս անց Լևոնը նորից սկսեց քայլեր անել, որոնք ինձ հունից հանում էին, նույնիսկ տհաճ էին։ Գալիս էր հետևիցս, ժամերով կանգնում էր լսարանի առաջ։ Հետո ամեն ինչ շատ սահուն ստացվեց։ Չհասկացա, որ կետում ինձ մոտ ամեն ինչ փոխվեց։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ միմյանց համար ենք ստեղծված։  

Լևոն Մկրտչյան - Շատ երկար պայքարեցի Էվկայի սիրո համար։ Մի օր ուղղակի նայեցի աչքերին ու հայացքից հասկացա, որ ինքը իմն է։ էվկան այդ օրը ոչինչ չի ասել, բայց ես անընդհատ նրան ասում էի՝ կամ իմն ես լինելու, կամ ոչ ոքինը։ 

Էվելինա Ստեփանյան - Շատ բարդ փուլեր և խնդիրներ ենք ունեցել, որոնք ես հաղթահարել եմ ենթագիտակցորեն մտածելով, որ Լևոնն իմ «մարդն է»։  

Առանձին ապրելու կարևորությունը

Լևոն Մկրտչյան - Աղջկա և տղայի կազմած ընտանիքին ոչինչ չպետք է խանգարի։ Օրինակ՝ ես պետք է նկատեմ, որ փոշի կա ու ասեմ՝ Էվկա, ինչու չես մաքրել։ Եթե մայրս ասի, կոնֆլիկտ կլինի։

Էվելինա Ստեփանյան - Սկեսուրս ռուս է։ Նա բացառիկ մարդ է։ Մենք ընկերներ ենք։ Թե՛ իմ, թե՛ Լևոնի ընտանիքն ասացին՝ դուք առանձին ապրեք, մենք բոլոր հարցերով ձեր կողքին ենք։ Այդ առումով շատ բախտավոր ենք։ Ես սիրում եմ մեծ ընտանիք։ Սիրով կապրեի մեծ ընտանիքում, բայց Լևոնի մաման  առաջիններից էր, որ ասաց՝ պետք է առանձին ապրենք։

Մարդկանց բացասական արձագանքը

Լևոն Մկրտչյան - Էվկային չեմ թողնում կարդա այդ մեկնաբանությունները։ Ինքս չեմ կենտրոնանում դրանց վրա։ Եթե ես հիմա նայեմ հետ ու կենտրոնանամ դրանց վրա, առաջ չեմ գնա։ Դա մարդկանց սուբյեկտիվ կարծիքն է։ 

Էվելինա Ստեփանյան - Հասկանում եմ, որ Լևոնը հմայիչ է, և շատ աղջիկների համար՝ իդեալ։ Շատերն իրենց պատկերացնում էին Լևոնի կողքին։ Ու հանկարծ գալիս է Էվան՝ տարօրինակ, չինացու աչքերով և իրենց համար արտասովոր արտաքինով աղջիկ։ Քանի որ ես իրենց համոզմունքներին դեմ էի, դա շարժեց իրենց զայրույթը։ Պնդում եմ, որ նրանք պետք է ինձ հետ լինեն երջանիկ, ոչ թե ես նրանց հետ դժբախտ։ Խնդրում եմ, որ մարդիկ վերացնեն իրենց ներսի նախանձը, որպեսզի այն չզարգանա։ Թվում է՝ 25 տարեկան, նոր ամուսնացող աղջկա համար պիտի շատ ծանր ու ցավալի լինի, որբ դիպչում են ինքնավստահությանը, բայց պետք է կարողանաս գիտակցել թերություններդ ու առավելություններդ, պետք է չվախենաս բարձրաձայնել թերություններդ, աշխատես դրանց վրա, իսկ առավելություններդ դրոշակ չդարձնես ու բոլորին ցուցադրես։

Հենրի Շախունց - Լևոն Մկրտչյան

Լևոն Մկրտչյան - Ե՛վ սպասում էի այս ակնթարթային հայտնիությանը, և՛ անսպասելի էր։ Լուսանկարներս Էվկան է ուղարկել «Արմենիա» հեռուստաընկերություն։ Երբ իմացա, շատ բարկացա։ Հիասթափվել էի մասնագիտությունիցս՝ հատկապես ծառայությունից հետո։ Չէի զբաղվում դերասանությամբ։ Մտածել եմ՝ հեռու մնամ այնպիսի բովանդակությունից, որն ինձ չի գրավում։ Դերասանությամբ չզբաղվելու պատճառներից մեկն այն էր, որ «քյառթու» էի։ Հիասթափվեցի մասնագիտությունիցս նաև այն ժամանակ, երբ շատերի նկատմամբ եղա մաքուր, ազնիվ ու նվիրված, բայց խաղընկերներիցս նույնը չստացա։ 

Էվելինա Ստեփանյան - Լևոնին սկզբում 8-օրյա նկարահանումներ էին նշանակել։ Այդ պատճառով համաձայնեց։ Նկարահանման առաջին օրը զանգում, ասում է, որ երկարաժամկետ նկարահանում են առաջարկել։ Ասում եմ՝ հիմա ոչինչ մի պատասխանիր, արի, քննարկենք, որոշենք։ Լևոնն ունի դերասանին հատուկ խարիզմա, խոսք և այլ կարողություններ, որոնք աստիճանաբար զարգանում են։ Նրան բեմում տեսել եմ, կրկնակի եմ սիրահարվել։ Համոզեցի Լևոնին, համաձայնեց։ Առհասարակ հայկական սերիալներ չեմ նայում, բայց «Վերջին զանգը» առաջին սերիայից նայել եմ։ Երբ լավ տեսարան է խաղում, ասում եմ՝ սուպեր։ Բոլոր դրվագները քննարկում ենք։ Լավին ասում եմ լավ, վատին՝ վատ։ 

Լևոն Մկրտչյան - Փոքրուց միշտ մտածել եմ, որ դերասան եմ դառնալու։ Կանգնում էի հայելու դիմաց ու Ջոնի Դեփի միմիկաներն էի կրկնօրինակում։ Միշտ մտածել եմ, որ պետք է մակարդակ ցույց տամ, իմ խաղով կրթեմ մարդկանց։ Թե՛ ֆիլմը, թե՛ թատրոնն ինձ համար կրթօջախ են, որտեղից մարդիկ ինչ-որ բան են սովորում։ 

Աշխատանք ավիաընկերությունում 

Լևոն Մկրտչյան - Աշխատում եմ ավիաընկերությունում։ Գնում եմ օդանավում վաճառվող ապրանքները։ Եկամտաբեր աշխատանք է, որը ժամանակի ընթացքում սկսել եմ սիրել։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

fastnews-ads-banner