Logo

Կինոյի պատմության 7 ամենաթանկարժեք զարդերը

15:10 / 13.07.2023Արվեստանոց
null

Լավ ֆիլմն այն ֆիլմն է, որտեղ ամեն ինչ մտածված է մինչև ամենափոքր մանրուքը: Ի վերջո, միայն սյուժեն չէ, որ որոշում է դրա լավ լինելը, այլ նաև վայրերը, դերասանները և, իհարկե, կոստյումները։ Որոշեցինք կանգ չառնել միայն հագուստի վրա։ Հետևաբար, այսօր սահուն անցնում ենք այն ամենին, ինչը փայլում է. խոսքը ֆիլմերի զարդերի մասին է։ Եվ ոչ թե սովորական, այլ ամենաթանկ ու հայտնի, որոնք ստեղծել են հեղինակավոր ոսկերչական տները։

Ներկայացնում ենք ամենագեղեցիկ զարդերից յոթը, որոնց գները գերազանցում են մեկ միլիոն դոլարը։ Սփոյլեր. որոշ զարդերի համար նույնիսկ ստիպված են եղել նկարահանման հրապարակում անվտանգություն կազմակերպել:

Ադամանդե վզնոց-չոկեր «Զբոսաշրջիկը» ֆիլմից

Արժեքը՝ 1,1 մլն դոլար


Հետաքրքիր է, թե ինչ զգացողություն է վզին գրեթե 1,1 մլն դոլար կրելը: Անջելինա Ջոլին հաստատ գիտի այս հարցի պատասխանը, քանի որ հենց այդքան է արժեցել ադամանդե չոկերը, որը դերասանուհին կրել է «Զբոսաշրջիկը» ֆիլմում։ Ի դեպ, այն ստեղծել է ոսկերիչ և Ջոլիի ընկեր Ռոբերտ Պրոկոպը։ Այս զարդը յուրահատուկ պատմություն ունի։ Այն պատրաստված է հին դիադեմից։ Ժամանակի ընթացքում մանյակի արժեքը միայն կբարձրանա:

Սուտակե վզնոց «Սիրունիկը» ֆիլմից

Արժեքը՝ 1,35 մլն դոլար


Այս 1,35 մլն դոլար արժողությամբ վզնոցը կրել է սիրունիկ Ջուլյա Ռոբերթսը համանուն ֆիլմում։ Ի դեպ, այս զարդը հատուկ ֆիլմի համար չի ստեղծվել, այն պարզապես տրամադրել է Fred Joaillier ոսկերչական տունը։ Ճիշտ է, մեկ պայմանով՝ թիկնապահները պետք է հսկեին վզնոցի անվտանգությունը։

«Օվկիանոսի սիրտը» «Տիտանիկ» ֆիլմից

Արժեքը՝ 2,2 մլն դոլար


«Օվկիանոսի սիրտը» իրավամբ կրում է կինոյի պատմության ամենաճանաչված զարդի կարգավիճակը։ Այն ստեղծել են Asprey & Garrad-ի ոսկերիչները հատուկ Ջեյմս Քեմերոնի ֆիլմի համար։ «Տիտանիկի» հաջողությունից հետո նույն ոսկերչական բրենդը թողարկեց դրա կրկնօրինակը՝ 170 կարատ ցեյլոնյան կապույտ շափյուղայով և ադամանդներով: Սրտաձև կախազարդով վզնոցն աճուրդում վաճառվել է 2,2 մլն դոլարով։ Գնորդն, ի դեպ, որոշել է անհայտ մնալ։

Մարգարտյա վզնոց «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմից

Արժեքը՝ 3,5 մլն դոլար


Եթե ​​կարծում էիք, որ Օդրի Հեփբերնի մարգարտե վզնոցը ֆիլմում պարզապես բիժուտերիա է, ապա սխալվում եք: 3,5 մլն դոլար․ ահա թե ինչ արժե ֆրանսիացի ոսկերիչ Ռոջեր Շեմանի ստեղծած ադամանդե վարդով մարգարտյա վզնոցը։ Ի դեպ, հենց այս ֆիլմի թողարկումից հետո մարգարիտները կրկին նորաձև դարձան։

Ադամանդե վզնոց «Ինչպես ազատվել տղամարդուց 10 օրում» ֆիլմից

Արժեք՝ 5,3 միլիոն դոլար


Յուրաքանչյուր ոք, ով դիտել է «Ինչպես ազատվել տղամարդուց 10 օրում» ռոմանտիկ կատակերգությունը, կհիշի այն խորհրդանշական տեսարանը, որտեղ Քեյթ Հադսոնը բաց դեղնավուն ատլասե զգեստով դուրս է գալիս տնից և Մեթյու ՄակՔոնահիի հետ գնում երեկույթի: Էնդիի կերպարում ամեն ինչ կատարյալ է՝ մազերից մինչև կոշիկներ։ Սակայն հատուկ ուշադրության է արժանի նրա վզնոցը, որը ստեղծել է Harry Winston ոսկերչական տունը հատուկ ֆիլմի նկարահանումների համար։ 84 կարատանոց շողացող դեղին ադամանդը գնահատվում է 5 մլն դոլար։ Եվ այն անվանվել է հայտնի պարուհի Այսեդորա Դունկանի պատվին։ Ի դեպ, ասում են, որ զգեստների դիզայներները պետք է այնպես ստեղծեին զգեստը, որ ամբողջ շեշտը դրվեր վզնոցի վրա։

Վիկտորիանական ոճի վզնոց «Մուլեն Ռուժ» ֆիլմից

Արժեքը՝ մոտ 10 միլիոն դոլար


«Մուլեն Ռուժ» ֆիլմում Նիկոլ Քիդմանի կերպարն ուներ Փայլուն ադամանդ մականունը: Այնպես որ նրա կրած զարդերն էլ պետք է համապատասխանեին անվանը։ Կինոյի պատմության ամենահայտնի և թանկարժեք վզնոցներից մեկը ստեղծել է ոսկերիչ Ստեֆանո Կանտուրին։ Ստացված գլուխգործոցը, որը բաղկացած է 1308 ադամանդից և 18 կարատանոց սպիտակ ոսկուց, կշռում է մեկուկես կիլոգրամ և արժե մոտ 10 միլիոն դոլար։

Ադամանդներով վազնոց «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմից

Արժեք՝ 150 միլիոն դոլար


«Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմում Էնն Հեթուեյի կրած զարդը հայտնի Jeanne Toussaint վզնոցի ավելի փոքր կրկնօրինակն է, որը ստեղծել են Cartier-ի ոսկերիչները 1931 թվականին մահարաջա Նավանագարայի պատվերով: Դրանից հետո այն կորել է, և ֆիլմի համար վզնոցը վերականգնվել է լուսանկարների շնորհիվ։ Դրանով կրկին զբաղվել են Cartier-ի ոսկերիչները: Նրանցից պահանջվել է մոտ ութ շաբաթ։

fastnews-ads-banner