Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews-ի հետ կիսվել է գրող, 5-րդ ալիքի գլխավոր խմբագիր Հովիկ Աֆյանը։
Ռոբինզոն Կրուզո
հեղ.՝ Դանիել Դեֆո
«Բացի նրանից, որ այս պատմությունը միշտ է արդիական, միայն՝ չուտել մարդու միս, խմել այծի կաթ մտքի համար, արժե հաճախ կարդալ այս գիրքը»:
Գլխավոր հերոսը Ռոբինզոն Կրուզոն է, ով նավաբեկությունից հետո ողջ է մնում և հայտնվում անմարդաբնակ կղզում՝ ապրելով այնտեղ երկար տարիներ։
Վեպը մեծ ազդեցություն է թողել անգլիական և համաշխարհային մշակույթի վրա, այն բազմիցս էկրանավորվել է։

Հրանտ Մաթևոսյանի պատմվածքները
«Չգիտեմ կոնկրետ որը, բայց երբ ես իմանում եմ, որ մարդը Մաթևոսյան է կարդացել, ժպտում եմ»:

Հայրիկ, դու խենթ ես
հեղ.՝ Վիլյամ Սարոյան
«Պետք է կարդալ այս գիրքը, քանի դեռ միայն որդի ես ու քանի որ արդեն հայր ես»:
Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է, մի անվերջ զրույց, որն ամեն օր ունենում են բոլոր ազգերի հայրերն ու որդիները:
Հայրը, որը գրող է, պատասխանում է որդու բոլոր հարցերին, հոգ է տանում որդու մասին, չի բարկանում, ոչինչ չի պարտադրում, այլ արդեն 10 տարեկան որդու հետ զրուցում է ինչպես հավասարը հավասարի ու փորձում բացատրել կյանքի ամենաբարդ բաները ամենապարզ բառերով:

Մեռյալ ծովը
հեղ.՝ Ժորժի Ամադու
«Այս գիրքը հայերեն չկա: Հայաստանում ծով էլ չկա: Բայց քանի դեռ այս գիրքն ընթերցող ունի, աշխարհում միշտ ծով կլինի»:
Խորխե Ամադուի ամենաբանաստեղծական վեպերից մեկը: Վեպ, որը միավորում է միստիկան և կոշտ ռեալիզմը: Ձկնորսական արվարձանի բնակիչների կյանքը դժվար է: Շատ տղամարդիկ արդեն իրենց կյանքը նվիրել են ահեղ և գեղեցիկ աստվածուհուն ՝ ծովերի և առագաստների տիրուհուն: Ինչ-որ մեկը դեռ պետք է մահանա օվկիանոսի ալիքներում: Բայց ով է ունակ սիրել այդքան կրքոտ, որքան ձկնորսները՝ մարդիկ, որոնք գիտի, որ երկրպագված կնոջ հետ ամեն երեկոն կարող է վերջինը լինել: Եվ ո՞վ գիտի սպասել այդքան հավատարիմ, ինչպես իրենց կանայք, որոնք դատապարտված են այրիանալու…

Հուշագրություն՝ իմ տխուր պոռնիկների մասին
հեղ.՝ Գաբրիել Գարսիա Մարկես
«Իրականում սա ուրիշ Մարկես է, գուցե իրական Մարկեսը, որը ոչ մոգությամբ է զբաղված, ոչ էլ ռեալիզմ է հիմնադրում. ուղղակի գրում է: Գուցե՝ հիշում»:
Վիպակը պատմում է իննսունամյա ծերունու մասին, որը վճռում է իր հոբելյանական իննսունամյակը «պատվել» տասնչորսամյա աղջնակի ընկերակցությամբ: Ծերունու և աղջնակի միջև շուրջ մեկ տարի ձգվող «արտասովոր» կապը վերջինիս ստիպում է վերհիշել անցյալը, հոդվածագրի մասնագիտությունը, և, իհարկե, ծախու կանանց այցելելու վաղեմի սովորությունը, իսկ հանկարծահաս զգացմունքը գալիս է համոզելու, որ սերը չունի տարիք, ժամ ու ժամանակ, սերը չի անցնում կրքի հետ, այլ կարող է արտահայտվել քնքշանքի, լռության և հիացմունքի ձևով:


