Բուենոս Այրեսի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն ճանաչվել է «լավագույն լայնամետրաժ ֆիլմ»: Կինոնկարը ներկայացված էր «Օրբիտա, միջազգային ֆիլմ» անվանակարգում: Այն փառատոնի գլխավոր մրցանակն է: Արձանիկն ու պատվոգիրը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպան Հովհաննես Վիրաբյանը:
«1489»-ը պատմում է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և մարդկային ողբերգության մի պատմություն: Կինոնկարի հեղինակ Շողակաթ Վարդանյանի եղբայրն առաջնագծում էր, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմը: 7 օր անց 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանն անհետանում է։ Շողակաթն իր հեռախոսով նկարում է ընտանիքի ապրումները: 6 ամիս անց տղայի ոսկորները հայտնաբերվում են, բայց ԴՆԹ հետազոտությունը դեռ պետք է ցույց տար՝ արդյոք դրանք Սողոմոնինն են։ ԴՆԹ-ի նույնականացմանը պետք էր սպասել 1.5 տարի։ Այս պատմության հիման վրա էլ Շողակաթը նկարահանեց իր դեբյուտային ֆիլմը: «1489»-ը ռազմական գործողության մեջ անհետ կորած անհատի մարմնի անանուն թիվն է։ Այս դեպքում այն Սողոմոնին տրված համարն էր:
«Այս ֆիլմը նկարահանել եմ բոլոր մահացած տղաների համար: Աշխատանքները գրեթե ավարտված էին, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում սկսվեցին էթնիկ զտումները։ Տիտրերում գրել եմ կատարվածի մասին։ Իմ ֆիլմը պատմում է մարդկային կյանքի մասին, որը տեղի է ունենում մեծ պատմության սարսափելի ժամանակաշրջանում», - ասել է Շողակաթ Վարդանյանը Ամստերդամում currenttime.tv-ի հետ զրույցում։