Logo

35 տարի՝ հանուն ներառական կրթության և ստեղծագործ զարգացման

13:52 / 04.06.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում հանդիսավոր միջոցառմամբ նշվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաներ հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության 35-ամյակը։

Արդեն շուրջ երեքուկես տասնամյակ կենտրոնն իրականացնում է իր բացառիկ առաքելությունը՝ ապահովելով անվճար գեղարվեստական կրթություն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Այսօր կենտրոնում կրթություն է ստանում շուրջ 960 երեխա, իսկ Երևանում և Հայաստանի մարզերում գործող 148 ստեղծագործական խմբակները նպաստում են նրանց ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ինքնահաստատմանն ու սոցիալական ներառմանը։

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին պետական կառույցների ներկայացուցիչներ, գործընկերներ, կենտրոնի սաներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն իր խոսքում ընդգծեց ներառականության և բազմազանության կարևորությունը.

«Կարծում եմ՝ այս տարվա ուղերձը՝ «Իմ գույնը կարևոր է», նշանակում է, որ ես կարևոր եմ, իմ ինքնությունը կարևոր է, իմ միջավայրը կարևոր է։ Մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ է, և հենց այդ առանձնահատկության ու յուրահատկության մեջ է ամեն բան»։

Կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, գործընկեր կազմակերպություններին և բոլոր աջակիցներին՝ տարիների ընթացքում կենտրոնի գործունեությանն ու առաքելությանն աջակցելու համար։

«Մեզ համար այսօր կրկնակի տոն է. նշում ենք ոչ միայն Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլև մեր կենտրոնի 35-ամյակը։ Այս ճանապարհն անցել ենք նվիրված մարդկանց փոքր, բայց ուժեղ թիմով, որի աշխատանքի շնորհիվ հազարավոր երեխաներ հնարավորություն են ստացել բացահայտելու իրենց կարողությունները և դառնալու հասարակության լիարժեք անդամներ», – նշեց Աննա Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքները, իսկ այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Իմ գույնը կարևոր է» խորագիրը կրող ֆոտոնախագծին, որը ևս մեկ անգամ ընդգծում է յուրաքանչյուր երեխայի անհատականության, ինքնարտահայտման և հավասար հնարավորությունների կարևորությունը։

35 տարիների ընթացքում կենտրոնը դարձել է ներառական կրթության և մշակութային զարգացման կարևոր հարթակ՝ ձևավորելով միջավայր, որտեղ տարբերությունները ոչ թե խոչընդոտ են, այլ հասարակությունը հարստացնող արժեք։

 

fastnews-ads-banner