Logo

25 օրական էր, երբ հայրը Ամանորի գիշերը մահացավ վթարից․ Թաթա Սիմոնյանի կյանքի հետքերով

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:00 / 06.12.2024Լուրեր
null

Թաթա Սիմոնյանը (Ալբերտ Ալբերտի Սիմոնյան) ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Երևանում։ Դպրոցական տարիներին  հաճախել է ակորդեոնի։ Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ դուետով հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» ռուսական խմբերի հետ։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։ 62-ամյակի կապակցությամբ «Fast News Culture»-ը  լսել է արտիստի վերջին հարցազրույցն ու առանձնացրել ամենակարևորը։

Ինչպես Ալբերտը դարձավ Թաթա

25 օրական էի, երբ հայրս մահացավ վթարից՝ Ամանորի գիշերը։ Հորս անունը Ալբերտ էր։ Հայաստանում ընդունված չէ երեխային տալ հոր անունը, բայց նրա մահից հետո ինձ Ալբերտ անվանակոչեցին։ Թեպետ փոքրուց ինչ ոչ ոք «Ալբերտով» չդիմեց։ Մայրս միշտ Թաթա է ասել ու այդպես էլ մնացել է։ Իհարկե, վատ է, որ առանց հոր եմ մեծացել, բայց իմ խառնվածքով ուրախ մարդ եմ։ Չեմ կենտրոնանում տխրության կամ սգի վրա, հատկապես, որ նրան չեմ տեսել։

Հոր բացը փորձեցին լրացնել հարազատները

Սկզբում չէի գիտակցում հորս բացակայությունը։ Հետո տարբեր իրավիճակներում զգացի նրա կարիքը։ Փառք Աստծո, ունեի քեռիներ, մորաքույրներ, հորեղբայրներ, զարմիկներ, ովքեր միշտ կողքիս էին։

Մի մագնիտաֆոնի պատմություն

Փոքր տարիքում հիմնականում ամերիկահայ երգիչներին էի լսում։ Մորաքույրս մագնիտաֆոն ու մի կասետ էր նվիրել՝ Փոլի և Ձախ Հարութի երգերն էին։ Տեղացի մյուս երգիչների կասետները չունեի, չէի կարողանում լսել։ Այդպես սկսվեց ամեն ինչ։ Աշխատում էի ռեստորաններում, երգում՝ տարբեր խնջույքների։ Մի օր ընկերս ասաց՝ կարող է մի երգ ձայնագրես, Պյատիգորսկում համերգ պետք է լինի, գնանք, երգես։ Ձայնագրեցի ու հասակացա, որ վաղուց պետք է այդ քայլն արած լինեի։ 

90-ականներին դատարկ գրպանով, բայց մեծ սրտով

Ես ու ընկերս՝ Պրոֆը, դստարկ գրպանով էինք։ Միակ բանը, որ գիտեի երգելն էր, Պրոֆը՝ նվագել։ Երկուսով գնում էինք Ասպարեզ ստուդիա, Դավիթ Օգանը ասում էր՝ գնացեք 1 ամսից կգաք։ Բարկացած գնում էինք հետ ու էլի աշխատում։ Տարիներ անց Դավիթ Օգանն իմ թիմում էր նվագում։ Հաճախ ասում էի՝ հիշում ես՝ որքան ես մեզ չարչարել։ Դավիթն էլ ասում էր՝ իր չարչարանքի արդյունքն է այն, ինչ հիմա դարձել ենք:

Երիտասարդ Թաթան ու ավագ ընկերները

Շատ չեմ շփվել ինձնից մեծ գործընկերներիս հետ։ Արամ Ասատրյանի և իր ընտանիքի հետ էի մտերիմ։ Շատ եմ ափսոսում Արամի մահվան համար։ Չեմ կարող խառնվել Աստծո գործերին, բայց Արամը մեզնից շատ շուտ հեռացավ։ Մի երգ ունեմ նրան նվիրված։ Կոչվում է «Արամին»։ Հենց այդպես էլ երգում եմ «ափսոս հեռացավ ընկերս»։

Թաթայի հաջողության գաղտնիքը

Երբեք չեմ մտածել այսպիսի ապագայի մասին։ Շատ տեղեր ուղարկեցին, որ գնամ, սովորեմ, մարդ դառնամ, բայց չստացվեց։ Երևի Աստված որոշել էր, որ ապագաս այսպիսին պետք է լինի։ Ընդամենը 1 երգով 1 գիշերում հայտնի դարձա։ Առավոտյան արթնացա և ինձ փողոցում արդեն ճանաչում էին։ 

«Նոր տարի» երգողը չի սիրում «Նոր տարին», սիրում է «Զատիկը»

Չեմ սիրում, որ 00։00-ից հետո սկսում են ուտել։ Այդ ժամին օրը վերջանում է, ուզում ես հանգստանալ, բայց ստիպված ես նստել սեղանի շուրջ։ Դա ավելի շատ պարտականություն է, որը կատարում եմ։ Սիրում եմ «Զատիկը», երբ հավկիթը ներկում են։ Համեղ տոնակատարություն է։ Հավկիթը, լավաշն ու թարխունը համեղ համադրություն է։

Ընտանիքին հանրությունից հեռու պահելը

Ժամանակին համերգները շատ էին։ Հաճախ էի տնից բացակայում, բայց աշխատանքովս փորձել եմ կոմպենսացնել բացակայությունս։ Կնոջս և տղայիս համար ստեղծել եմ բավարար պայմաններ, որ իրենց լավ զգան՝ նույնիսկ առանց ինձ։ Իհարկե, այդպես իրենց երջանկությունը լիարժեք չէր, բայց անցել են այդ ժամանակները։ Հիմա նախկինի նման շատ համերգներ չկան, ինչի համար ափսոսում եմ։ Մտածված եմ ընտանիքիս հանրությունից հեռու պահել։ Թե՛ ես, թե՛ իրենք չեն ուզել, որ իրենց ճանաչեն։ Դեպքեր են եղել, երբ տեսել, ճանաչել են, կոմպլեքսավորվել են։ Չեմ ուզել, որ ասեն «Թաթայի տղան է»։ Ցանկացել եմ՝ իրեն ճանաչեն որպես Ադամ։  

Սիրում է Հայաստանը, բայց հիմա ԱՄՆ-ում իրեն ավելի լավ է զգում 

Շատ եմ սիրում Հայաստանը, Երևանը, բայց այժմ ինձ ԱՄՆ-ում ավելի լավ եմ զգում, իսկ Հայաստանում՝ օտար։ Հուսամ՝ ամեն բան լավ է կլինի, կունենանք բարեկամ երկրներ, որոնց շրջապատում կլինենք անվտանգ:

Սկզբնաղբյուրը՝ «Tete A Tete»

fastnews-ads-banner