Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2024 թվականի պետական բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխմամբ 15 մլն 693 հազար դրամ գումար է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ աշնանը նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ցուցադրությունը կարևոր նշանակություն է ունենալու թանգարանային ոլորտի և թանգարանների միջազգայնացման ուղղությամբ: «Այս տարին, ընդհանրապես, թանգարանների գործունեության զարգացման համար կարևոր տարի էր: Ընդունվեց «Թանգարանների մասին» օրենքը. մինչ այդ բացակայում էր ոլորտը կարգավորող առանձին օրենսդրություն: Այս տարի ձևավորվեց նաև Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը կոչված է իրականացնելու թանգարանների միասնական մարքեթինգի և վարչատնտեսական կառավարման գործառույթները»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքները բխում են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունից:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ թանգարանները զարգացնեն միջազգային համագործակցությունը և աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարանների հետ համատեղ ցուցադրություններ կազմակերպեն, ինչը նաև էապես նպաստում է ՀՀ մշակույթի հանրահռչակմանը:
Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված են Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող տարբեր ցուցանմուշների հետ և համատեղ կցուցադրվեն Հայաստանում:
«Ցուցահանդեսի կազմակերպումը շատ կարևոր մշակութային իրադարձություն է, որին վստահաբար սպասում է հայ հասարակությունը: Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին իրազեկելու նպատակով անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային առանձին արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով, որին էլ ուղղված է այս որոշմամբ տրամադրված միջոցների հատկացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է որ ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, որը ևս մեկ խորհրդանշական քայլ է՝ կանանց դերը նորովի արժևորելու: «Հաշվի առնելով, որ ցուցադրությունը տևելու է 6 ամիս, մենք կունենանք հնարավորություն մարտի 8-ի շրջանակում կանանց իրավունքներին և պատմական իրողություններին նվիրված բանախոսություններ և տարբեր քննարկումներ կազմակերպելու: Ակնկալվում է, որ ցուցադրության ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ շուրջ 1 մլն մարդու ներգրավվածություն և իրազեկվածություն»,- նշել է նախարարը:


