21-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին «Ոսկե ծիրանը» Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։ «Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու 1980-90-ականների իրանական կինոյի մեծ վերելքի համար, որի արձագանքները լսելի են առայսօր։ Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազին»-, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծին», թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջին», թե՛ նույնիսկ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկին»՝ լավագույն դեբյուտի համար։ Չնայած տնային կալանքին՝ Փանահին շարունակել է ստեղծագործել նույնիսկ, երբ նրան պաշտոնապես արգելված էր ստեղծագործել: Այս ազատատենչ աշխարհայացքն ակներև է նաև նրա ֆիլմերի ինչպես թեմաներում, այնպես էլ հատկապես սահմաններ չճանաչող ոճային բացառիկ նորարարական լուծումներում», - ասված է «Ոսկե ծիրանի» հայտարարությունում։


