1921 թվականի օգոստոսի 16-ին Երևանում հիմնադրվել է պետական կարգավիճակ ունեցող հայկական առաջին թատրոնը և հենց այդպես էլ կոչվել է՝ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թվականի հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Իսահակ Ալիխանյան): Թատրոնի առաջին վարագույրի վրա պատկերված է եղել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի «ՀԱՅԱՍՏԱՆ» կտավը, որ տասը տարի վարագույր ծառայելուց հետո, դարձել է մեծանկար և այժմ զարդարում է թատրոնի հիմնական ճեմասրահը:
Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումներ» թատրոնից. հետագայում խումբը համալրվում է նոր դերասաններով։
Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը: 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։ Հիմնադրումից մինչև 1938 թվականը իր գործունեությունն իրականացրել է ներկայիս Հանրապետության Հրապարակի վրա գտնվող հիմնական շենքերից մեկում, ապա տեղափոխվում է նոր շենք: 1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը։ 1962 թվականին այրվում է թատրոնի շենքը: Այն վերակառուցվում է նույն վայրում և վերաբացվում 1966 թվականի մարտի 5-ին դարձյալ Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան):
Թատրոնն իր շուրջն է հավաքել աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում ապրող լավագույն հայ թատերական գործիչներին և տասնյակ տարիների հսկայածավալ աշխատանքի և ներդրումների շնորհիվ դարձել է հայկական թատերական արվեստի կենտրոնը: Մինչ օրս ժողովուրդն այն կոչում է «ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆ» – սա կառույցի ամբողջական էությունը բնորոշող լավագույն ձևակերպումն է:
20-րդ դարի հայկական մշակույթի դիմագիծը կազմող արվեստագետների մեծ մասը գործնականորեն մեծ ներդրում են ունեցել թատրոնի կայացման և հռչակման գործին՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Արամ Խաչատրյան, Եղիշե Չարենց, Գուրգեն Մահարի, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Մարտիրոս Սարյան, Միքայել Արուտչյան, Ռուբեն Սիմոնով, Երվանդ Քոչար, Առնո Բաբաջանյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան և դեռ շատերը:
ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ տարածաշրջանի ամենամեծ և բոլոր չափորոշիչներին համապատասխանող դրամատիկական թատրոններից մեկն է: Այն միշտ ունեցել և ունի հարուստ և բազմաբևեռ խաղացանկ, շուրջ 60 հոգուց բաղկացած ստեղծագործական կազմ:
Լուսանկարները՝ https://sundukyan.am/