1483 թ. մարտի 28-ին Իտալիայի Ուրբինո քաղաքում ծնվել է իտալացի աշխարհահռչակ նկարիչ, ճարտարապետ, ուրբինական դպրոցի ներկայացուցիչ Ռաֆայել Սանտին։
Նա իր կյանքի 37 տարիների ընթացքում ստեղծել է 200 նկար։ Հատկապես հայտնի են նրա մադոննաների կամ տիրամայրերի շարքը։ Նա առաջինն էր, որ Աստվածածնի պատկերին քնքշություն հաղորդեց։
Ռաֆայելը նրբորեն զգում էր կնոջ կերպարը, նա ութ տարեկանում կորցրել էր մորը։ Ողջ կյանքում նկարիչն անընդհատ զգացել է մոր քնքշության ու ջերմության պակասը։ Այդ իսկ պատճառով նրա բոլոր կտավները հագեցած են մայրական բարությամբ, նազանքով, իսկ աստվածաշնչյան կերպարները` մարդկային պատկերմամբ։

Ռաֆայելի նկարները այնքան գեղեցիկ էին, որ նրանց տերերը չէին կարողանում դադարել հիանալ։ Օրինակ, հերցոգ Ֆերդինանդ III-ը, երբ ձեռք բերեց հայտնի «Գրանդուկայի Տիրամայրը» կտավը, նա երբեք չբաժանվեց այս նկարից։ Հերցոգը նույնիսկ ճամփորդելիս, իր հետ տանում էր կտավը և կախում ննջարանի պատից։ Նա խոստովանում էր, որ Տիրամոր այս պատկերը խաղաղեցնում, հանգստացնում ու ջերմացնում է իր հոգին։
Այսօր ձեզ համար առանձնացրել ենք տասը հետաքրքիր փաստեր` Բարձր Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարչի` Ռաֆայել Սանտիի կյանքից։

1 . Ռաֆայել Սանտին ծնվել է պալատական նկարչի ու բանաստեղծի ընտանիքում։ Նա ողջ կյանքում եղել է իշխանավորների սիրելին։ Չունենալով բարձր ծագում, Ռաֆայելը միշտ հանգիստ ու հարմարավետ է զգացել բարձրաշխարհիկ հասարակության մեջ։ 11 տարեկանում որբացել է։ Նրա որդեգիրը հետագայում ժառանագության համար` տարիներ շարունակ դատական պրոցեսների մեջ է եղել Ռաֆայելի խորթ մոր հետ։

2. Ժամանակագիրները նշում են, որ Ռաֆայելը գեղեցիկ արտաքինով, կրթված, դատիարակված երիտասարդ էր, իր ստեղծագործությունների պես նրբագեղ շարժուձևով ։ Միշտ գեղեցիկ ու ճաշակով հագուկապով այս երիտասարդը նաև հաճելի զրուցակից էր։
3. Իր ժամանակակիցներ պես Ռաֆայելն էլ բազմակողմանի տաղանդներ ուներ։ Նա գրում էր բանաստեղծություններ, նվագում, երգում։ Նաև ճարտարապետ էր։

4. «Սիքստինյան Տիրամայրը» Ռաֆայելը նկարել է «սև վանականների»` բենեդիկտցիների պատվերով։ Հուլիոս II-ը պատվիրել կտավը նախատեսել էր իրդամբարանի համար։ Տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար՝ ինքը՝ պապ Հուլիոսը և Սուրբ Բարբարայի համար՝ նրա զարմուհին՝ Ջուլիա Օրսինին։ Ռաֆայելն իր այս նկարը ստեղծել է հսկայական կտավի վրա միայնակ` առանց աշակերտների ու օգնականների։

5. Վերածննդի շրջանի արվեստի տեսաբան Վազարին և Ռաֆայելի կենսագիրները վստահեցնում են, որ նկարչի գրեթե բոլոր Տիրամայրերի պատկերում նկատելի է հացթուխի աղջիկ Մարգարիտա Լուտիի դիմագծերը։ Աղջիկը հայտնի է Ֆորնարինա անվամբ։ Մի մասը նրան համարում է հաշվենկատ անբարոյական կին, մյուս մասը` ազնիվ ու անկեղծ սիրուհի, ում պատճառով Ռաֆայելը հրաժարվել է ամուսնանալ բարձրաշխարհիկ ծագմամբ մի օրիորդի հետ։ Սակայն, շատ արվեստաբաններ էլ կարծում են, որ սա ռոմանտիկական սիրո մասին առասպել է ու կանանց հետ Ռաֆայելի հարաբերությունների մասին ոչինչ հայտնի չէ։

6. Ռաֆայելի «Ֆորնարինա» նկարում պատկերված կիսամերկ բնորդուհին հետագայում դարձել է բժիշկների ակտիվ քննարկման առարկա։ Բնորդուհու կրծքի վրայի երկնագույն բծերը առիթ են դարձել բժիշկների համար` ենթադրելու, որ կինը հիվանդ է կրծքի քաղցկեղով։

7. Շրջանառվում է մի վարկած, որ Ռաֆայելը լինելով Հռոմի Պապի հովանավորությամբ ստեղծագործող նկարիչ, այնուամենայնիվ, երդվյալ աթեիստ էր։

8. 2012 թ. Սոթսբիս աճուրդում վաճառվեց Ռաֆայելի «Երիտասարդ առաքյալի գլուխը» նկարը։ Գինը նախնականից բարձրացավ երկու անգամ, կազմելով 28 միլիոն դոլար։ Սա գրաֆիկական աշխատանքի համար ռեկորդային թիվ է համարվում։

9. Ռաֆայելը մահացավ 1520 թ. ապրիլի 6-ին, Ավագ Ուրբաթին, 37 տարեկանում։ Մինչև այժմ պարզ չէ մահվան պատճառը։ 15 օր տևած հիվանդության ընթացքում, նրան այցելել են բազմաթիվ բժիշկներ, որոնցից յուրաքանչյուրն ուզում էր անպայման ինքը բուժեր հայտնի նկարչին։ 16-րդ դարում բուժման շատ տարածված եղանակ էր արյան բաց թողումը։ Բազմաթիվ անգամ կրկնելով բուժման այս մեթոդը, բժիշկները Ռաֆայելին հասցրեցին մահվան։

10. Ռաֆայելի հոգեհանգստի արարողությունն իրականացրել է Հռոմի Պապը։ Նկարչի խնդրանքով իրեն թաղել են Հռոմի Պանթեոնում։ Նրա մարմարե սարկոֆագի վրա Պիետրո Բեմբոն գրել է.
Այստեղ թաղված է հայտնի Ռաֆայելը, որի կենդանության օրոք բնությունը վախենում էր, որ նա ապրում է, իսկ մահից հետո` որ նա մահացել է։


