Շատերը չգիտեն, որ հանճարեղ արվեստագետները հաճախ կասկածամիտ, անհանգիստ բնավորությամբ, արագաշարժ, երբեմն միայնակ և դժբախտ մարդիկ են: Կենսագրական և գեղարվեստական ֆիլմերը մեզ թույլ են տալիս մի քանի ժամ «մտերմանալ» մեր սիրելի արվեստագետի հետ, խորանալ նրա ապրումների մեջ և հասկանալ նրա ներաշխարհը։
Ներկայացնում ենք ֆիլմեր, որոնց մասին գուցե նախկինում չեք լսել։ Ցանկում կգտնեք ֆիլմեր յուրաքանչյուր ճաշակի համար՝ դրամա, կենսագրական, պատմական և գեղարվեստական:
1. «Մարինա Աբրամովիչ. նկարչի ներկայությամբ» / 2012, ԱՄՆ
Ֆիլմ-կենսագրություն նկարչուհու մասին, որն ամբողջ կյանքում ձգտում է արվեստի գործ դառնալ։ Մարինա Աբրամովիչը փերֆորմանսի աշխարհի ամենասկանդալային և նշանավոր դեմքերից է։ Ֆիլմում Մարինան խոստովանում է, որ իր կյանքում ամենահաճախ հանդիպող հարցն է՝ «Ինչո՞ւ է սա համարվում արվեստ»։ Այս հարցի պատասխանները կգտնեք՝ դիտելով այս ֆիլմը:
2. «Ելք հուշանվերների խանութով» / Exit Through the Gift Shop, 2010, Մեծ Բրիտանիա
Մեր ժամանակների ամենաառեղծվածային ֆիլմը` նկարահանված ոչ պակաս առեղծվածային նկարիչ Բենքսիի կողմից։ Այս ֆիլմը պարտադիր է դիտել, քանի որ, նախ, այն նկարահանել է հենց ինքը՝ Բենքսին, և այդ փաստը ֆիլմն արդեն դասում է արվեստի գործերի շարքին։ Եվ երկրորդ՝ ֆիլմը դիտողին ստիպում է կասկածել՝ դա գեղարվեստակա՞ն ֆիլմ է, թե՞ վավերագրական, քանի որ պատմում է, թե ինչպես Լոս Անջելեսում բնակվող ծագումով ֆրանսիացի էքսցենտրիկ վավերագրող Թիերի Գետտան կարողացավ բացահայտել փողոցային ամենահայտնի արտիստին: Ինչպես փողոցային նկարչի բոլոր աշխատանքները՝ ֆիլմը նույնպես դիտելուց հետո ավելի շատ հարցեր է թողնում, քան պատասխաններ:
3. «Մեծ աչքեր» / Big Eyes, 2014, ԱՄՆ
Ամերիկացի ռեժիսոր Թիմ Բարթոնը նկարահանել է սկանդալ, որը ցնցել է Ամերիկան 1960-ականներին. այդ ժամանակ պարզվել է, որ նկարիչ Ուոլթեր Քինի՝ մեծ աչքերով կերպարներով կտավներն իրականում ստեղծել է նրա կինը՝ Մարգարեթը։ Նկարիչը կնոջը փակի տակ է պահել՝ ստիպելով նրան աշխատել օրական 16 ժամ։ Արդյունքում նրանք ամուսնալուծվեցին, և Մարգարեթը դատարանում պաշտպանեց իր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները։
4. Բոյս, 2017, Գերմանիա
Վավերագրական ֆիլմ գերմանացի ամենաէքսցենտրիկ արվեստագետ Յոզեֆ Բոյսի մասին, որը ստեղծում էր սկանդալային փերֆորմանսներ: Արվեստագետ, քանդակագործ, գրող, դերասան... Նա ուներ արվեստի մասին իր տեսակետը, իսկ նրա գաղափարներն արդիական են նաև այսօր: Կինոռեժիսորներն օգտագործել են արտասովոր աուդիո և վիդեո աղբյուրներ՝ այդպիսով ստեղծելով իր տեսակի մեջ բացառիկ տարեգրություն։
5. Վայրին / Gauguin - Voyage de Tahiti, 2017, Ֆրանսիա
Անշուշտ, լսել եք պատմություններ այն մասին, թե ինչպես Պոլ Գոգենը կյանքի ինչ-որ փուլում մեկնեց Թաիթի, որտեղ ստեղծեց մի շարք կտավներ, որոնց գույների հարստությամբ չեն դադարում հիանալ արվեստի պատմաբանները, կոլեկցիոներները և արվեստասերները: Այս ֆիլմը թույլ կտա պարզել, թե ինչպես է զարգացել մեծ նկարչի ճակատագիրը սովորական միջավայրի փոփոխությունից հետո և ինչ է իրականում թաքնված հետիմպրեսիոնիզմի ամենամեծ ներկայացուցչի գունագեղ կտավների հետևում։
6. «Իրական Վերմեեր» / A Real Vermeer, 2016, Նիդեռլանդներ
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և դիտողին թույլ է տալիս ականատես լինել հետպատերազմյան Հոլանդիայում նկարիչ և վերականգնող Հան վան Մեեգերենի հետ տեղի ունեցած անհավանական իրադարձություններին։ Նա դարձավ այն մեծ կեղծարարներից մեկը, որի կեղծ աշխատանքները առաջատար արվեստի պատմաբանները շփոթում էին մեծ վարպետների բնօրինակների հետ, իսկ նկարիչն ինքը կարողացավ վաճառել Վերմեերի կեղծ կտավը և խաբել անգամ Հերման Գերինգին:
7. «Ռոդեն», 2017, Ֆրանսիա
Սա համարձակ հանճար-նորարարի՝ Օգյուստ Ռոդենի՝ ժամանակակից քանդակագործության հիմնադիրներից մեկի ձևավորման պատմությունն է։ Թե ինչ փորձությունների միջով է անցել մեծ քանդակագործը, կարող եք պարզել՝ դիտելով ֆիլմը, որն արժանացել է մեծ բացասականության ու քննադատության։
8. «Բասկիա», 1996, ԱՄՆ
Ո՞վ կարող է ավելի լավ պատմել նկարչի մասին, քան մտերիմ մարդը։ Այս ֆիլմը նկարահանել է մի մարդ, որը լավ էր ճանաչում Ժան Միշել Բասկիային՝ Ջուլիան Շնաբելը։ Նա նրբորեն ցուցադրել է արտիստի կարիերայի 10 տարիները, որը մահացել է 27 տարեկանում՝ թմրամիջոցների գերդոզավորումից։ Հետաքրքիր փաստերն այն են, որ այն կալվածքի ադմինիստրացիան, որտեղ ապրել է Ժան-Միշել Բասկիան (1960-1988), թույլ չի տվել օգտագործել նրա ստեղծագործությունների բնօրինակները, ուստի ֆիլմում օգտագործվել են Ջուլիան Շնաբելի նկարած կրկնօրինակները, իսկ Դեյվիդ Բոուին, որը մարմնավորել է Էնդի Ուորհոլին, կադրերում հայտնվել է այն կեղծամներով, որոնցով ներկայանում էր ինքը՝ Ուորհոլը։
9. Սիրով, Վինսենթ / Loving Vincent, 2017, Մեծ Բրիտանիա
Վինսենթ վան Գոգի մահից մեկ տարի անց տեղի ունեցող իրադարձությունները պատկերելու ոչ ստանդարտ մոտեցում է գտել Դորոտի Կոբելայի և Հյու Ուելշմանի լեհ-բրիտանական թիմը: Ֆիլմի ստեղծման համար ընտրվել են 100 արվեստագետներ ամբողջ աշխարհից: Նրանց հաջողվել է ստեղծել աշխարհում առաջին անիմացիոն լիամետրաժ ֆիլմը՝ ամբողջությամբ յուղաներկով նկարված կտավի վրա։ Ֆիլմի մեկ վայրկյանի համար նկարիչները ստեղծել են 12 նկար-կադր, իսկ յուրաքանչյուր տեսարան պարունակում է 200-ից 500 կադր։ Ֆիլմում ներկայացված են նաև անձամբ Վինսենթ վան Գոգի ստեղծագործությունները։
10. Պոլոկ, 2000, ԱՄՆ
«Օսկար»-ի դափնեկիրը թույլ է տալիս հետևել ամերիկացի ամենահայտնի արվեստագետներից մեկի՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Ջեքսոն Փոլոքի ձևավորմանը։ Դուք կկարողանաք ականատեսը լինել նկարչի առաջին անհատական ցուցահանդեսին, որը կազմակերպել է Փեգի Գուգենհայմը խոստումնալից տաղանդի համար, և նրա հագեցած կյանքի շատ այլ ասպեկտների։