AKNEYE-ն առաջարկում է հայացք նետել նկարչի աշխարհին՝ հարթակ տրամադրելով արվեստի, դիզայնի և քանդակագործության մեջ ձևավորվող և հաստատված տաղանդների համար՝ կիսելու իրենց անձնական պատմությունները եզակի գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով: AKNEYE-ը առանց սահմանների նախագիծ է, որտեղ իրենց տեսլականը կարող են ներկայացնել արտիստներ աշխարհի ցանկացած կետից։
Fastnews-ը սկսում է նոր շարք, որի ընթացքում զորուցելու է AKNEYE նախագծին մասնակցած արվեստագետների հետ և փորձելու է բացահայտել նրանցից յուրաքանչյուրի մոտեցումը։ Առաջին մեր հարցերին պատասխանել է նկարչուհի Գոհար Պարույրյանը։
Ի՞նչը Ձեզ բերեց արվեստի աշխարհ։
Ծնվել եմ քանդակագործների ընտանիքում և պապիկիս դրդմամբ ընդունվել եմ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիր։ Ինչ միջավայրում որ ապրում ես, դա էլ սիրում ես, այնպես որ, սերն արվեստի հանդեպ մանկուց կար ու այդպես էլ սկսվեց իմ ճանապարհը։
Ինչպե՞ս ստացվեց աշխատանքը AKNEYE նախագծում և ի՞նչ ոճով եք աշխատել Ձեր ԱԿՆ-ի հետ։
Ընկերներիցս մեկը նկարում էր ԱԿՆ, իր միջոցով իմացա, թե ինչ է սա ու հետաքրքրեց։ Ինձ համար շատ հետաքրքիր ու էքսպերիմենտալ աշխատանք է։ Շատ եմ սիրում դասական նկարչությունը, բայց ինձ մոտ դա շատ լավ չի ստացվում, հետևաբար ավելի հոգեհարազատ է մանրանկարչությունը, սյուրեալիզմը։
Ի՞նչ եք նկարել։
Որքան էլ տարօրինակ հնչի, ես երգ եմ նկարել։ Սա 3․33-ի 3000 երգն է, ու ինչ առաջինը մտքիս եկել է երգը լսելիս, ինչ պատկերացրել եմ, նկարել եմ։ Այդպես ծնվեց ԱԿՆ-ի վրայի աղջիկը և 3․33-ի լոգոն, որը ես եմ մտածել խմբի համար։
Ի՞նչով է հետաքրքիր այս փորձառությունը։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր նկարչի ու ստեղծագործողի համար հետաքրքիր է ԱԿՆ-ի վրա նկարելը։ Նախ նյութն է շատ հետաքրքիր, հետո էլ ձևաչափն ու միտքը։ Դու ունենում ես գեղեցիկ հարթակ, որտեղ կարող ես իրագործել գաղափարդ։ Սիրեցի այս ԱԿՆ-ը, քանի որ շատ դժվար եմ բաժանվել։ Կարծում եմ՝ էլի ԱԿՆ կնկարեմ ու էլի երգ կնկարեմ, բայց թե որը, չեմ կարող ասել։