Ամեն առավոտ 89-ամյա մի կին՝ նարնջագույն կեղծամով և շքեղ պուտիկավոր հանդերձանքով, դուրս է գալիս Տոկիոյի Սինջուկու թաղամասի հոգեբուժարանից և անցնում 2 թաղամաս: Անվասայլակով զբոսանքի նպատակը ստուդիան է, որտեղ ճապոնուհին մի քանի ժամով ծածկում է կտավները հոգեմետ գծերով ու բծերով։ Նկարչուհին ամեն օր աշխատում է, հանձնարարություններ է տալիս օգնականներին, կարճ ընդմիջում է անում՝ զանգահարելու իր լավագույն ընկերուհուն, իսկ երեկոյան վերադառնում է հիվանդանոց, որտեղ նրան սպասում են բուժքույրերն ու հիվանդ հարևանները։ Ահա այսպես են անցնում աշխարհի ամենահայտնի և աշխատունակ նկարիչներից մեկի՝ Յայոյի Կուսամայի օրերի մեծ մասը:
Այսօր կներկայացնենք արվեստի ռեկորդակիրներին՝ ժամանակակից ամենաթանկ նկարչուհիներից 3-ին՝
1. Յայոյ Կուսամա (Yayoi Kusama)
Իննսունամյա ճապոնուհի Յայոյ Կուսաման արվեստի աշխարհում աուդսայդրից վերածվել է մոլորակի կոմերցիոն առումով ամենահաջողակ նկարչի: Նրա ֆենոմենալ հաջողությունն ապահովեցին սոցիալական ցանցերը՝ Կուսամայի ինստալյացիաները դարձել են միլիոնավոր սելֆիների ֆոն ամբողջ աշխարհում:
Իր ամբողջ կյանքի ընթացքում Կուսաման ստեղծել է արվեստ, որն անխնա դիմադրում է դասակարգմանը: Իր հարցազրույցներից մեկում Կուսաման ասել է, որ մայրը դեն է նետել իր բոլոր ներկերն ու գծանկարներն, ասելով, որ աղջիկը պետք է սկսի պատրաստվել տնային տնտեսուհի դառնալուն։ Կուսաման բավականաչափ համառ ու համարձակ էր չենթարկվելու համար:
«Եթե չլիներ արվեստը, ես վաղուց ինքնասպան կլինեի»,– սիրում է կրկնել նարնջագույն կեղծամով այս տարեց կինը։ Պուտիկավոր հանդերձանքը դարձել է Յայոյի այցեքարտը: Բայց այն, ինչ հանդիսատեսի համար թվում է զվարճալի գեղարվեստական որոշում, Կուսամայի համար երկարատև հոգեկան խանգարմամբ պայմանավորված իրականություն է. «Ես ամեն օր պայքարում եմ ցավի և վախի դեմ, և միակ մեթոդը, որն օգնում է ինձ հաղթահարել հիվանդությունը, արվեստն է»։
Յայոյի Կուսամայի հայտնի աշխատանքներն են՝
Infinity Mirror Room (1965)
Narcissus Garden (1966)
Mirror Room Pumpkin (1991)
2. Սեսիլի Բրաուն (Cecily Brown)
Բրիտանացի նկարչուհի Սեսիլի Բրաունն օգտագործում է աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճը՝ փոխանցելու ոչ միայն հույզեր, այլև գեղանկարչության, գաղափարի և դիտողի միջև կապի մարմնական զգացում: Սեսիլին համոզված է, որ ներկերը կարող են վերարտադրել ֆիզիկական զգացողություններն ու շարժման դրամատիկ պատրանքները։ Նկարչուհու յուրաքանչյուր վրձին իր մեջ պարունակում է մեղքի և ցանկության մութ կողմեր և էրոտիկ երևակայություն:
Սեսիլի Բրաունը սկսել է բավականին հաճախ իր աշխատանքներում ներառել լանդշաֆտի տարրեր, ինչպես, օրինակ, «Վայրի բնություն» նկարում, 2003: Նա երբեմն օգտագործում է իմպրովիզացիա՝ նոր գաղափարներ սկսելու համար, ինչը թույլ է տալիս իր վրձնին ստեղծել իր արվեստի հետագա ուղղությունը:
Սեսիլին իր աշխատանքն անվանում է մասնատված, քաոսային, ինչպես կյանքն է Նյու Յորքում։ Նա հաճախ է օգտագործում թերթի լուսանկարներն ու օրվա լրահոսի սցենարը՝ որպես իր նկարների հիմք։
«Ինձ համար նկարչությունն աշխարհի մասին տեղեկատվություն ստանալու միջոց է»։
Կտավների թեման ընդգծված ֆեմինիստական պաթոսն է, սեռական ենթատեքստն ու ժամանակակից աշխարհի վիճակի մասին մտահոգությունը, որտեղ կնոջը դեռ ասում են, թե ինչ անի իր իսկ սեփական մարմնի հետ:
3. Ջենի Սավիլ (Jenny Saville)
Ջենի Սավիլի աշխատանքները հազվադեպ են վաճառքի հանվում, բայց դա ոչ մի կերպ չի վնասում իրեն:
«Եթե ես բավականաչափ գումար ունեմ ապրելու և աշխատելու համար, նշանակում է, ես լավ եմ: Եթե կանգնեմ ու մտածեմ այս թվերի ու շուկայում կատարվողի մասին, կվախենամ։ Բայց ես Ես երանելի անտեղյակություն մեջ եմ կարող եմ ուղղակի կենտրոնանալ աշխատանքիս վրա»:
Սավիլը համարվում է այնպիսի կերպարային նկարիչների ժառանգորդը, ինչպիսիք են Լյուսիան Ֆրոյդը և Ֆրենսիս Բեկոնը, թեև, երեքն էլ ունեն շատ տարբեր մոտեցումներ։
Սավիլը քիչ թանգարանային ցուցադրություններ ունի։ Մեծ Բրիտանիայում նրա առաջին անհատական ցուցադրությունը տեղի է ունեցել միայն 2012 թվականին՝ Օքսֆորդի Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ Լոնդոնի առաջին մեծ ցուցադրությունը սպասվում է Ազգային դիմանկարների պատկերասրահի վերանորոգման ավարտից հետո՝ 2023 թվականին։
Ջենիի այցեքարտը մեծածավալ կտավներ են, որոնցում պատկերված են մերկ, գեր մարմիններ։ Աշխատանքի ընդգծված ֆիզիոլոգիական բնույթը բացատրվում է մարդու մարմնի և ընդհանրապես սեռի նկատմամբ հետաքրքրությամբ, հետևաբար հաճախ է նկարում սեռի փոփոխությամբ մարդկանց դիմանկարներ:
Սավիլի՝ 1992 թվականին թողարկված «Propped» ինքնանկարը վաճառվել է Sotheby’s-ում 12.4 միլիոն դոլարով: