Windows 11 օպերացիոն համակարգի Start վահանակում նկատվել են անկասելի գովազդներ, որոնք նյարդայնացրել են օգտատերերին։ Այդ մասին հայտնում է Softpedia պորտալը։
Albacore մականվամբ Twitter-ի օգտատերն իր աքաունթում հրապարակել է սքրինշոթեր, որոնք ցույց են տալիս՝ Microsoft-ն ինտեգրել է իր OneDrive ծառայության գովազդն աշխատանքային սեսիայի մենյուի վերջում. մարդը սովորաբար մտնում է այնտեղ՝ դուրս գալու իր հաշվից կամ փոխելու կարգավորումները:
Այժմ, բացի այս գործառույթներից, կարելի է տեսնել ևս մեկը՝ «Կատարեք ձեր ֆայլերի կրկնօրինակում»: Սեղմելով այդ կոճակը, օգտվողին ուղարկվում է OneDrive, որն առաջարկում է ամպային պահեստավորման ծառայություններ:
Թվիթի հեղինակը դա համարել է սպամ, քանի որ մենյուում այդ կետից ազատվելու միջոց չկա։ Նշվում է, որ Windows 11-ի ոչ բոլոր օգտատերերի մոտ են գովազդներ հայտնվել, ուստի հնարավոր է, որ Microsoft-ն այն ավելացրել է որպես փորձ։