Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ արտահանման պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Թարմացված ցանկը վերաբերում է ավիացիային, տիեզերական արդյունաբերությանը, անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ), պողպատե և ալյումինե արտադրանքին, օպտիկական մանրաթելերին, լուսանկարչական սարքավորումներին, խաղալիքներին, փազելներին և ձնագնացներին։
Այդ մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, արգելվում է Ռուսաստան արտահանել աստղադիտակներ, հեռադիտակներ, օպտիկական գործիքներ, կողմնացույցներ, նավիգացիոն գործիքներ։ Ցանկում ներառված են տեսախցիկներ, որոնք հատուկ նախագծված են ստորջրյա և օդային լուսանկարչության համար, ինչպես նաև գոլֆի սայլեր։
Նշվում է, որ սահմանափակող միջոցառումներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից։