«Ռոսկոմնադզոր» ծառայությունը OKX կրիպտոարժույթի հարթակի դոմեյնի անունը ներառել է այն կայքերի ցանկում, որոնք պարունակում են Ռուսաստանում արգելված տեղեկություն։
OKX կրիպտոարժույթի բորսայի կայք մուտքը սահմանափակվել է Գլխավոր դատախազության խնդրանքով, հանրային նշանակության ոչ հավաստի տեղեկատվության տարածման համար, հայտնում է «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ֆինանսական բուրգերի գործունեությանն առնչվող տեղեկության հրապարակմանը։
«Կայքը հրապարակել է ֆինանսական բուրգերի գործունեությանն առնչվող տեղեկություն, ինչպես նաև հայտնել է ֆինանսական ծառայությունների մատուցման մասին այնպիսի անձանց կողմից, որոնք Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ դրա իրավունքը չունեն»,- նշված է «Ռոսկոմնադզորի» տարածած հաղորդագրության մեջ։