2022 թվականի հունիսին ռուսները 266,1 միլիարդ ռուբլու արտարժույթ են տեղաբաշխել արտերկրի բանկերի հաշիվներին և ավանդներին, գրում է РБК-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի տվյալները։
Դոլարով արտահայտված (1 դոլարը՝ 57,2 ռուբլի միջին փոխարժեքով) դա 4,7 միլիարդ է, ինչը ռեկորդային համարվում առնվազն 2018 թվականից վիճակագրության հրապարակման ամբողջ ժամանակահատվածի համար։
Մայիսի համեմատ ոչ ռեզիդենտ բանկերի հետ գործարքների ծավալն ավելի քան եռապատկվել է, նշում է РБК -ն։ Ռուսաստանից արժութային փոխանցումների նախորդ պիկը եղել է փետրվարին, երբ ռուսները արտասահմանյան բանկերին փոխանցել են 4,3 մլրդ ռուբլի։
«Գազպրոմբանկ Private Banking»-ի գործադիր տնօրեն Եգոր Սուսինի խոսքով՝ արտասահմանյան հաշիվների և ավանդների փոխանցումների աճը պայմանավորված է երկու հանգամանքով։
- Նախ՝ ներքին շուկայում անկանխիկ արտարժույթի շատ մեծ ավելցուկ կա, և դրա հետ կապված դոլարի ու եվրոյի տեղաբաշխման պայմանները դարձել են անհարմար։
- Եվ երկրորդ՝ այս իրավիճակում Ռուսաստանի Բանկը բավականին մեղմացրել է իր հաշիվներին արտասահմանյան փոխանցումների սահմանափակումները, որոնք ներդրվել էին ճգնաժամի սկզբում։


