Ձեռնարկատերերին և ստարտափ համայնքներին միավորող Startup Grind կազմակերպության երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Գիտական ձեռնարկատիրություն. լաբորատորիայից դեպի գործողություն» խորագրով պանելային քննարկում, որը մոդերացրել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը։
Պանելային քննարկմանը մասնակցել են Endometrics ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Յանա Ազնավուրը, BioCentric.AI ընկերության համահիմնադիր Արթ Ղազարյանը և AIP Tech ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր Մարինա Աղայանը:
Գիտական արդյունքի առևտրայնացումը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության երեք հիմնասյուներից է կրթության ու հետազոտության հետ միասին։
«Որպես Հայաստանում գիտությունն առաջ մղող կառույց, մենք շատ ենք կարևորում նմանատիպ քննարկումների անցկացումը էկոհամակագի այլ մասնակիցների ու իրենց աշխատանքում մեծ փորձառություն կուտակած մասնագետների հետ։ Հավատացած ենք, որ միասին կարող ենք գտնել ուղիներ Հայաստանում գիտական ձեռնարկատիրությունը զարգացնելու համար»,- ասել է Սյուզաննա Շամախյանը։
Նա նաև նշել է, որ FAST-ը կենտրոնացած է այնպիսի ծրագրերի ստեղծման վրա, որոնք օգնում են գիտության ոլորտում ստեղծել նորարարություններ, ինչպես նաև տրամադրել ֆինանսավորում և մասնագիտական խորհրդատվություն գիտահենք ստարտափերին։ Այդպիսի ծրագրերից է Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN), որն այս պահին միավորում է ավելի քան 40 հրեշտակ ներդրողների 8 երկրից։ Այն ներդրում է կատարել հայաստանյան 13 ստարտափներում, ներդրումային պորտֆելը՝ 590 հազար ԱՄՆ դոլար։
Startup Grind երևանյան գրասենյակի համատնօրեն Գոհար Մալումյանը ևս կիսվել է միջոցառման նպատակի և արդյունքների վերաբերյալ իր տպավորությամբ. «Startup Grind-ը հարթակ է, որի առաքելությունն է համախմբելու ձեռներեցներին, նպաստելու համայնքի անդամներին ստեղծել նոր կապեր և ձեռք բերել նոր ընկերներ, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով օգնել մյուսներին հաղթահարել ձեռներեցական մարտահրավերները։ 2023 թվականը շատ ակտիվ ընթացք է ունեցել Startup Grind երևանյան գրասենյակում։ Մենք հյուրընկալել ենք բազմաթիվ խոսնակների և մեր համայնքի հետ քննարկումներ ենք ծավալել ոլորտին հուզող ակտուալ հարցերի շուրջ։
Այս անգամ մենք ուրախ էինք հարթակը տրամադրելու գիտության և ձեռնարկատիրության միջև կապերի քննարկմանը։ Նշանակալից էր Startup Grind երևանյան գրասենյակի ընթացիկ շրջանի վերջին միջոցառումն ամփոփել հենց այս քննարկմամբ, որի ընթացքում մոդերատորը և պանելիստները շատ հետաքրքիր և արժեքավոր զրույց ունեցան գիտական արդյունքի հիման վրա բիզնես կառուցելու հնարավորությունների մասին»,-նշել է Գոհար Մալումյանը։
Պանելային քննարկման առանցքում են եղել հարցերը, թե ինչպես է գիտությունը վերածվում բիզնես գործունեության, կարող է արդյոք գիտնականը դառնալ ձեռնարկատեր, եթե այո, որն է գիտության առևտրայնացման լավագույն փորձն աշխարհում։ Ինչպես շահագրգռել գիտնականներին իրենց կարիերայի ընթացքում անցում կատարել ձեռնարկատիրության ոլորտ ու գիտահետազոտական լաբորատորիաներին կից ձևավորել ստարտափներ:

