Forbes․ երգչի կարողությունը ներկայում կազմում է 400 մլն դոլար՝ գարնանն ունեցած 2 մլրդ դոլարի փոխարեն։
Ամերիկացի երգիչ Քանյե Ուեսթը դադարել է միլիարդատեր լինել, երբ մի քանի ընկերություններ կասեցրել են նրա հետ գործակցությունը սոցիալական ցանցերում վիճահարույց գործողությունների և հրապարակումների պատճառով։ Այդ մասին հայտնել է Forbes ամսագիրը։
Հրատարակության տվյալներով՝ Ուեսթն այժմ ունի 400 միլիոն դոլար՝ այս տարվա գարնանն ունեցած 2 միլիարդ դոլարի փոխարեն: Սևամորթ երգչի բարեկեցությանը հիմնական վնասը հասցրել է սպորտային կոշիկներ և սարքավորումներ արտադրող գերմանական Adidas-ը՝ խզելով նրա հետ 1,5 միլիարդ դոլարի պայմանագիրը, որի շնորհիվ վերջին տասնամյակում Yeezy հագուստի շարքը վերածվել էր բրենդի։ Այդ ապրանքանիշին, ըստ մասնագետների, բաժին է ընկնում Adidas-ի ընդհանուր վաճառքի մինչև 8 տոկոսը:
Բացի այդ, անցյալ շաբաթ ֆրանսիական Kering խումբը, որին պատկանում են Gucci, Balenciaga և Yves Saint Laurent շքեղ ապրանքանիշերը, հայտարարեց, որ Balenciaga-ն դադարեցնում է գործակցությունը West-ի հետ:
Հոկտեմբերի 3-ին Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում Քանյե Ուեսթը ներկայացել էր սպիտակ շապիկով՝ White Lives Matter (սպիտակներն ավելի կարևոր են) գրությամբ։ Այդ կարգախոսը ստեղծվել է ի հեճուկս «Black Lives Matter» շարժման: Քննադատություններին երգիչը պատասխանել է՝ սոցցանցերում վիրավորական հայտարարություններ հրապարակելով նորաձևության ամսագրերի խմբագիրների և նախկին ընկերների մասին։ Դրանից քիչ անց նրա Instagram-ի և Twitter-ի էջերը արգելափակվել են ատելության խոսքի տարածման մասին սոցիալական մեդիայի քաղաքականությունը խախտելու պատճառով։