Logo

5 խորհրդանշական հարցազրույց Օփրա Ուինֆրիից

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 31.01.2022Լուրեր
Բացառիկ

Հունվարի 29-ին հեռուստատեսային աշխարհի ամենահարգված կանանցից մեկը՝ Օփրա Ուինֆրին, դարձել է 68 տարեկան։ Իր մասնագիտական ​​գործունեության գրեթե 40 տարվա ընթացքում Օփրան կարողացել է հասնել գլխապտույտ հաջողությունների և հայտնվել լրագրության աշխարհի լեգենդար անհատականությունների շարքում: Ունի իր սեփական կինոստուդիան՝ <<The Oprah Magazine>> կայքէջը, ռադիո ցանցը և նույնիսկ հեռուստաընկերություն՝ <<OWN:The Oprah Winfrey Network>>-ը: Օփրա Ուինֆրիի շոուի շրջանակներում թողարկված հարցազրույցները կարելի է վստահորեն անվանել ամենադիտվածներն ու գնահատվածները:

Եկեք վերհիշենք Օփրայի լավագույն հարցազրույցները՝

Մայքլ Ջեքսոն, 1993 թվական

Օփրայի հարցազրույցը Մայքլ Ջեքսոնի հետ արտիստի առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու այն ամենը, ինչ «չասված» էր երկար ժամանակ: Հարցազրույցից առաջ Ջեքսոնը ոչ մի պատասխան չէր հստակեցրել ու պարզապես իր սիրտն էր բացել Օփրայի համար՝ լիովին վստահելով նրան։ «Օփրա Ուինֆրիի շոուն» ուղիղ եթերում դիտում էր շուրջ 90 միլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում, իսկ Փոփի թագավորի հետ հարցազրույցի տեսանյութը մինչ օրս համարվում է OWN YouTube ալիքի ամենահայտնի տեսանյութերից մեկը։

Զրույցում երգիչը պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին՝ հոր հետ հարաբերությունների, միայնության, մաշկի գույնի, պլաստիկ վիրահատությունների և նրա մասին տարածվող բոլոր վիճահարույց պատմությունների մասին։ Մայքլն առաջին անգամ անդրադարձել է իր կյանքի ամենասկանդալային թեմային՝ երեխաների հետ հարաբերություններին:

Էլեն Դեջեներես, 1997 թվական

1977-ին, երկար կատակների և ակնարկներից հետո, The Ellen DeGeneres Show-ի գլխավոր հերոսուհին՝ Էլեն Դեջեներեսը, ընտրել է Օփրային, որպեսզի պաշտոնապես հայտարարի իր լեսբուհի լինելը: Էլենն Օփրային պատմել է նաև իր ծնողների արձագանքի և այն մասին, թե ինչպես է նա վարվել հասարակության արձագանքի հետ: Այն ժամանակ Օփրա Ուինֆրիի շոուն ուղիղ եթերում դիտում էր 42 միլիոն մարդ, և այս դրվագը շատ կարևոր պահ էր ԼԳԲՏ+ համայնքի համար, քանի որ այն թույլ է տվել ժամանակի ամենահայտնի լրատվամիջոցներից մեկին բացվել, և ոգեշնչել մարդկանց` իրենց կողմնորոշման մասին խոսել ազատ ու բաց:

Ռիհաննա, 2012 թվական 

Ռիհաննայի սիրելի վայրում՝ Բարբադոսում, շատ անձնական և զգացմունքային զրույց էր ձայնագրվել երգչուհու և հաղորդավարուհու միջև։ Նա և Օփրան խոսում են կղզու փոքրիկ աղջկա ամենանվիրական երազանքների մասին, որոնք արդեն իրականացել են: Օփրան օգնում է հեռուստադիտողներին ճանաչել իրական Ռիհաննային. նա հարցեր է տալիս սիրելի տատիկի կորստի, լավագույն հիշողությունների և հոր հետ ունեցած դժվար հարաբերությունների մասին:

«Վստահիր Օփրային, և դու կլացես»,- շոուի ժամանակ ասել է երգչուհին։

Հարցազրույցը ցնցող էր և՛ Օփրայի, և՛ հեռուստադիտողների համար: 2009 թվականին Քրիս Բրաունի կողմից ծեծված Ռիհաննայի նկարները տարածվել էին աշխարհով մեկ, և այս սկանդալային հարձակումից հետո ոչ ոք չէր սպասում, որ Ռիհանայից կլսի ներողամտության և նախկին զուգընկերոջն ուղղված աջակցության խոսքեր:

Քիմ Քարդաշյան, 2012թվական 

Քիմ Քարդաշյանի և Օփրա Ուինֆրիի զրույցը, որը լայն արձագանք է գտել հանրության շրջանում, լավ հնարավորություն էր թե՛ Օփրայի, թե՛ Քիմի համար՝ բարձրաձայնելու իր ընկերոջ՝ Ռեյ Ջեյի հետ բացահայտված սեքս-տեսագրության մասին: Նկարահանումից 4 տարի անց հրապարակված և համացանցում վաճառված ձայնագրությունը հանգեցրել է այն հարցին, թե արդյո՞ք Քիմ Քարդաշյանը հայտնի կլիներ առանց այս տեսանյութի։ Հեռուստաաստղը խոստովանել է, որ այս աննախադեպ իրադարձությունն իսկական փորձություն էր իր և ընտանիքի հետ հարաբերությունների համար։ Քարդաշյանի համար անտանելի դժվար է եղել բացատրել տատիկին, և նա շատ ուրախ է, որ ստիպված չի եղել հոր հետ խոսել այս տեսանյութի մասին։

Արքայազն Հարի և Մեգան Մարքլ, 2021 թվական 

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հետ երկու ժամ տևած հարցազրույցը որոշակի լույս է սփռել թագավորական ընտանիքի իրական կյանքի վրա: Օփրայի հետ դեմ առ դեմ զրույցի առաջին մասում Մեգանը խոսել է Հարիի վրա ընտանիքի որոշ անդամների ճնշումների մասին՝ կապված առաջին հղիության ընթացքում իրենց չծնված երեխայի մաշկի գույնի հետ: Օփրայի հետ հարցազրույցի ժամանակ բոլորին հետաքրքրող թեմաներ են բարձրացվել` թագուհու հետ հարաբերություններ, Մեգանի ինքնասպանության մտքեր և Քեյթ Միդլթոնի հետ վեճեր։ Բացի այդ, զույգը խոստովանել է, որ հրապարակային հարսանիքի ընթացքում, որին հետևել է ողջ աշխարհը, նրանք ամուսնացած են եղել արդեն 3 օր։

«Հարսանիքից 3 օր առաջ մենք արդեն ամուսնացած էինք։ Ոչ ոք չգիտեր դրա մասին»,- ասել է Մեգանը։ Ընդհանուր առմամբ, թագավորական ընտանիքի նախկին անդամների հետ հարցազրույցը սպասվածից ավելի սկանդալային է ստացվել և, չնայած Emmy-ի առաջադրմանը, որոշ ժամանակ անց այն անհետացել է OWN ալիքից։

 

 

fastnews-ads-banner