Logo

Ներկայացվել է աշխարհում առաջին շամպայնը, որը կարելի է խմել անկշռելիության պայմաններում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:00 / 21.10.2022LIFETECH
null

Տիեզերք թռիչքը հենց տիեզերքում տոնելու համար:

GH Mumm-ը ներկայացրել է ֆուտուրիստական շամպայնի շիշ, որը լիովին համապատասխանում է Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNES) հավաստագրման պահանջներին: Դա նշանակում է, որ կարելի է խմել պարունակությունը զրոյական գրավիտացիայի պայմաններում․ արտադրողը ցուցադրել է այն Airbus-ով պարաբոլիկ թռիչքի ժամանակ:

Mumm Cordon Rouge Stella փայլուն շիշը պատված է ավիացիոն ալյումինի պաշտպանիչ շերտով: Խցանն ամրացվում է չժանգոտվող պողպատից պատրաստված հատուկ փականով։ Սեղմելիս հայտնվում է շամպայնի փափուկ գնդիկ։ Տիեզերագնացները կկարողանան այն որսալ երկար պոչով հատուկ բաժակի միջոցով։

Ընդ որում՝ հեղուկն ինքնին պահվում է շշի վերևում և փրփուրի տեսքով դուրս է գալիս միայն այն ժամանակ, երբ դրա միջով բնական գազ է անցնում ներքևի մասից։ Այդ մեխանիզմը թույլ չի տալիս, որ շամպայնը թափվի բացելիս։

Դիզայներ Օկտավ դը Գոլը նշել է.

«Իհարկե, այս նախագիծը շատ ոգեշնչող է իր բարձր տեխնոլոգիական բնույթով և 100 տոկոսանոց ֆրանսիական ինքնությամբ՝ դիզայնից մինչև արտադրություն:  Բայց դա նաև շատ հետաքրքիր է, քանի որ տեխնոլոգիան այստեղ ավելի մեծ նպատակի է ծառայում. շամպայնը խտացնում է կլիմայի, նախնիների գիտելիքների և համային զգացողությունների հիշողությունը բոլոր նրանց համար, ովքեր կզարգանան Երկրից հեռու»:

 

GH Mumm նախագիծն ավելի քան հինգ տարեկան է: Շիշն առաջին անգամ փորձարկվել է 2018 թվականին, սակայն վերջնական տարբերակը նոր է թողարկվել։

Mumm Cordon Rouge Stella-ն տիեզերք կուղարկվի որպես գալիք Axiom Space մարդատար առաքելության մաս և, ի վերջո, թույլ կտա տիեզերագնացներին բաժակ բարձրացնել տիեզերակայանում՝ նշելու թռիչքի հաջողությունը: Շշի արժեքը դեռ չի հայտարարվել։
 

fastnews-ads-banner