Logo

Ներկայացվել է OnePlus 11-ը՝ նորագույն LTPO 3.0 էկրանով և Hasselblad տեսախցիկներով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:54 / 05.01.2023• LIFETECH
null

Սմարթֆոնի հետևի վահանակի դիզայնը ոգեշնչված է սև անցքով։

Չինաստանում պաշտոնապես ներկայացվել է OnePlus 11 ֆլագմանային սմարթֆոնը, որի դիզայնը և հիմնական բնութագրերն արտահոսել էին մինչ շնորհանդեսը, ուստի արտադրողին մնում էր միայն հաստատել ամեն ինչ և ցուցադրել լրացուցիչ մանրամասներ:

Սմարթֆոնը ստացել է 6,7 դյույմանոց կոր AMOLED LTPO 3.0 էկրան՝ 3216 × 1440 պիքսել թույլատրությամբ, 1-120 Հց թարմացման արագությամբ, մինչև 1300 nits պայծառությամբ, HDR 10+ և Dolby Vision-ի աջակցություն, ինչպես նաև Corning Gorilla Glass Victus պաշտպանիչ ապակի:

Սարքի դիզայնը ոգեշնչված է սև անցքով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Endless Black մոդելն օգտագործում է հատուկ ապակի, որը շոշափելիս իսկական մետաքս է հիշեցնում։

Կատարողականի համար պատասխանատու է Snapdragon 8 Gen 2-ը՝ գրաֆիտի վրա հիմնված հովացման նոր համակարգով, որը, ըստ ինժեներների, ջերմությունը ցրում է 92%-ով ավելի արդյունավետ, քան գրաֆենը: RAM-ի քանակը մինչև 16 ԳԲ է (LPDDR5X), իսկ ներքին հիշողությունը՝ մինչև 512 ԳԲ (UFS 4.0):

OnePlus 11-ն ունի 50 մեգապիքսել հիմնական տեսախցիկ՝ Sony IMX890 սենսորով և OIS աջակցությամբ: Երկրորդ մոդուլը 32 մեգապիքսել IMX709 սենսորով է և ունի 2x խոշորացում, որը որսում է 416% ավելի լույս: Այս դուետին լրացնում է 48MP գերլայնանկյուն տեսախցիկը՝ IMX581 սենսորով և մակրո աջակցությամբ: Կարգավորումը Hasselblad-ից է:

Մարտկոցը 5000 մԱժ է՝ 100 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ։ Դրանով սմարթֆոնը մինչև 50%-ը լիցքավորվում է 10 րոպեում, իսկ մինչև 100%-ը՝ 25 րոպեում։ Անլար լիցքավորում չկա։

Ի թիվս այլ հատկանիշների ունի 16 մեգապիքսելանոց սելֆի տեսախցիկ, էկրանի տակ գտնվող մատնահետքերի սկաներ, նոր վիբրացիոն շարժիչ, ստերեո բարձրախոսներ, ինչպես նաև աջակցություն 5G, Wi-Fi 6 802.11 ax, Bluetooth 5.3, GPS (L1 + L5) +: GLONASS և NFC:
 

fastnews-ads-banner