Logo

Microsoft-ն առաջարկել է Sony-ին կիսել աշխարհում ամենահայտնի խաղային ֆրանշիզներից մեկը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:44 / 23.11.2022• LIFETECH
null

NYT. Microsoft-ը Sony-ին առաջարկել է Call of Duty-ն ընդհանուր խաղ դարձնել 10 տարով։

Microsoft-ը Sony-ին առաջարկել է պայմանագիր՝ Call of Duty խաղերը PlayStation-ում պահել առաջիկա 10 տարում, նույնիսկ, երբ Activision Blizzard-ը կգնի դրանք: Այդ մասին հայտնում է The New York Times-ը։

Նշված առաջարկով Microsoft-ը դիմել է Sony-ին 2022 թվականի նոյեմբերի 11-ին։ Այդպիսով, ամերիկյան կորպորացիան փորձում է զերծ մնալ մրցակցի պնդումներից, որ Microsoft-ի կողմից Activision Blizzard-ի ձեռքբերման գործարքը կարող է զրկել PlayStation-ի օգտատերերին աշխարհի ամենահայտնի խաղային ֆրանշիզներից մեկի հասանելիությունից:

Ավելի վաղ Sony Interactive Entertainment-ի գործադիր տնօրեն Ջիմ Ռայանը հայտարարել էր, որ Microsoft-ի և Activision Blizzard-ի միավորումից հետո PlayStation-ի երկրպագուները կարող են զրկվել Call of Duty-ից առաջիկա երեք տարում։

«Microsoft-ը տեխնոլոգիական հսկա է, որն իր ընդգրկած ոլորտներում գերիշխելու երկար պատմություն ունի: Շատ հավանական է, որ այն ընտրությունը, որն այսօր ունեն խաղացողները՝ կվերանա, եթե գործարքը կայանա»,- Ռայանին մեջբերել է NYT-ը:

Microsoft-ը, սակայն, համաձայն չէ Ռայանի հետ. Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերը լրագրողներին ասել է, որ ինքը և Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան գործարքի հայտարարումից անմիջապես հետո զանգահարել են Sony-ին և ասել. «Հեյ, մենք պատրաստվում ենք Call of Duty-ն պահել ձեր հարթակում»:

Microsoft-ը հունվարին հայտարարեց Activision Blizzard-ի գնման մասին։ Սկզբում ամերիկյան ՏՏ հսկան պլանավորում էր գործարքը փակել մինչև 2022 թվականի ավարտը։ Ամենայն հավանականությամբ, սակայն, դա տեղի չի ունենա, քանի որ 16 երկրի հակամենաշնորհային մարմինները դեռ չեն ավարտել ստուգումները:
 

fastnews-ads-banner