Logo

#Մի բան պատմե՞մ/«Իմ կարմիր կոշիկները»․Ասպրամ Սարատիկյան

Հեղինակ
Ասպրամ Սարատիկյան
00:00 / 22.04.2020LIFETECH
Բացառիկ
94420631 2786441268250521 3508647672745558016 n - #Մի բան պատմե՞մ/«Իմ կարմիր կոշիկները»․Ասպրամ Սարատիկյան

Երազանքի պես մի բան էր կարմիր գույնի ինչ-որ բան հագնելը: Թերևս, միայն մազակալներս էին կարմիր:

Այն էլ ինչպիսի մազակալներ…  Ամեն մեկը, երևի, երկու մետր.  երփներանգ ժապավենները գյուղում օգտագործում էին բանջարեղենը սարուց (փայտից) կապելու համար, սովորաբար, այդ ժապավենները ստանում էին հին հագուստից կամ էլ մաշված սպիտակեղենից։

Քանի որ իմ լույս աշխարհ գալը ծնողներիս չէր զրկել ուսանողական կյանքից, և նրանք շարունակել էին իրենց բարձրագույն կրթությունը, ես հիմնականում ապրում էի տատիս մոտ։

Հայկուշ տատիս աշխարհում ամենաշատն էի սիրում: Գյուղում հարցնում էին՝ «Կոծի ջեն, դու ու՞մ աղջիկն ես», ասում էի, որ Հայկուշի թոռն եմ։ Տատս էլ ինձ սիրում էր այնքան, որ իմ ցանկացած կամակոր ցանկություն պատրաստ էր իրականություն դարձնել։

Այդ մետրանոց մազակալները ձեռք էի բերել հարևան Սոնիկ տոտաենց տնից, որտեղ գունավոր կտորներով այգում խաղողի վազ էին կապում, որպեսզի բերքի ծանրությունից վազը չկոտրվի: Ասեմ նաև, որ տիկին Սոնիկին էլ (չնայած գյուղում տիկինի փոխարեն ընդունված է տոտա ասել) պնդերեսի նման Սոնա էի ասում՝ հաշվի չառնելով մոտ հիսուն տարվա տարիքային տարբերությունը։

Ամեն անգամ թաղի հասուն և գեղեցկության մասին ավելի «բարձր» պատկերացում ունեցող աղջիկները համոզում էին, որ այդ լաթի կտորներով մազերս չկապեն, այլ իրենց ավելի գեղեցիկ թվացող մազակալով, սակայն՝ ապարդյուն, դրանք ինձ համար գեղեցկության խորհրդանիշ էին:

Այդպես ինձնից գոհ, գլուխս թափ տալով քայլում էի և հետևում, թե դրսում խաղացող երեխաներից  ով է ինձ նայում: Եվ հանկարծ փողոցում տատիս ձեռքից բռնած քայլելիս նկատեցի մի աղջկա, որի հագին ինձ ժպտացին նրա կարմիր կոշիկները:

Ինչպիսի՜ հմայք, օ՜, դա անբացատրելի էր: Հասանք տուն, և եկավ հիացմունքս արտահայտելու պահը:

Պահանջ դրվեց, որ մինչև ես էլ չունենամ այդ կարմիր կոշիկներից, երբեք տնից դուրս չեմ գալու: Ես ունեի սպիտակ, սև, մանուշակագույն և այլ երանգի կոշիկներ, սակայն կարմիր կոշիկներն էին իմ երազանքը:

Տատս ման եկավ մեր գյուղի բոլոր խանութներում, որ գտնի իմ կարմիր կոշիկները, բայց գյուղն ու կարմիր կոշիկը իրար հետ անհամատեղելի երկու իրականություններ են, այնպես, ինչպես Երևանն ու Երևանի կենտրոնով անասուններին ճիպոտով քշող «հո՜-հո՜» ասող հովիվը։

Թաղի «առաջադեմ» հարսներից մեկն այդ տարվա ծխախոտի բերքը հանձնել էր ու դրա փողով գնում էր Սադախլուի բազար (շուկա) իր երեխաների համար շորեղեն առնելու։

Դե, տատս պահը բաց չթողելով, նկարագրեց իմ երազանքների կոշիկը, որ առնեն։

Քանի մութն ընկնում էր, սիրտս ավելի արագ էր խփում, կոշիկս  ճամփին էր, ես էլ՝ դարպասի առաջ սպասումով նստած։

Եկավ երանելի պահը, երազանքս իրականացավ: Ինձ համար դա հավասարազոր էր լուսնին դիպչելուն, աստղերը խառնելուն, սովետական օրացույցի միջի մինի յուբկով ու երկար մազերով աղջկան նմանվելուն․․․

Կարմիր մազակալներով կապված վարսերս արդեն ինչ-որ բանի հետ սազում էին՝ իմ երազանքի կարմիր կոշիկների:

Մեծ հիացմունքով հագա դրանք և գնացի բակ՝ ընկերներիս ցույց տալու իմ երանելի նվերը:

Հպարտ կեցվածով գնացի, սակայն հետ դառնալիս ոտքս ոլորվեց ու ընկա, իսկ կոշիկիներիցս մեկը ոտքս ոլորվելու պատճառով պոկվեց: Երջանկությունս երկար չտևեց, ու ես այլևս կարմիր կոշիկ չհագա, քանի որ ես իմ հին կարմիր կոշիկն էի ուզում, որն արդեն անհանր էր հագնել…:


fastnews-ads-banner