73 տարեկանում մահացել է դիզայներ, լուսանկարիչ և Mugler նորաձևության տան հիմնադիր Թիերի Մյուգլերը։ Տեղեկությունն արդեն հաստատել է նրա մենեջեր Ժան-Բատիստ Ռուժոն։
«Մենք դատարկված ենք, Թիերի Մյուգլեր, հանգչիր խաղաղությամբ»,- ասված է գրառման մեջ։
Թիերի Մյուգլերը ծնվել է Ստրասբուրգում 1948 թվականին։ Նա Փարիզ է եկել 20 տարեկանում և ստեղծել իր առաջին Café de Paris կանանց հագուստի հավաքածուն, իսկ մեկ տարի անց հիմնել է Thierry Mugler նորաձևության տունը։ 1992 թվականին դիզայները թողարկել է նաև օծանելիքի շարք։ Ամենահայտնի բույրը Angel-ն էր:
1990-ականների վերջին Մյուգլերը հեռացել է նորաձևության աշխարհից։ Նա աշխատել է որպես կոստյումի դիզայներ թատրոնի և կինոյի համար, մասնավորապես՝ նա ստեղծել է սև զգեստը, որով Դեմի Մուրը նկարահանվել է «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմում (1993), նաև հագուստներ է ստեղծել երգիչ Ջորջ Մայքլի համար։ 2009 թվականին Մյուգլերը դարձել է Բեյոնսեի անձնական ոճաբանը։